Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ից շատ բան մի սպասեք»

Հունիս 18,2004 00:00

«ՆԱՏՕ-ից շատ բան մի սպասեք» Հունիսի 14-ին Բաքվում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթին մասնակցելու համար Ադրբեջան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնեն հարցազրույց է տվել Բաքվի «525» թերթին: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները: ՀԱՐՑ- Որքանո՞վ է նպատակահարմար միմյանց հետ պատերազմական վիճակում գտնվող պետությունների միաժամանակյա մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորախաղերին եւ գիտաժողովներին: Արդյո՞ք դրա վտանգավորության մասին չի վկայում Բուդապեշտում ադրբեջանցի եւ հայ սպայի միջեւ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որոնք մասնակցում էին ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացներին: ԺԱՆ ՖՈՒՐՆԵ- Այդ դեպքը մեզ բոլորիս ցավ պատճառեց, սակայն մենք չենք կարող արտահայտվել այդ թեմայով եւ դրանով իսկ միջամտել հետաքննության աշխատանքին: Այդ միջադեպը չի կարող ազդել ՆԱՏՕ-ի քաղաքականության վրա: ՀԱՐՑ- Վերջին ժամանակներս վարկածներ են առաջ քաշվում Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղաբաշխման առնչությամբ: Որքանո՞վ են այդ վարկածները իրատեսական: ԺԱՆ ՖՈՒՐՆԵ- Պետք է ի գիտություն ձեզ հայտնեմ, որ գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպես՝ «ՆԱՏՕ-ի ռազմակայան»: Կան ԱՄՆ-ի կամ, ասենք, Գերմանիայի ռազմակայաններ: Հարցի նման դրվածքը խառնաշփոթ է առաջացնում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը մտադիր է Ադրբեջանում ստեղծել իր ռազմակայանը, նրան էլ հարկ է հասցեագրել տվյալ հարցը: ՀԱՐՑ- Կիրակի օրը ձեր մամլո ասուլիսում դուք խուսափեցիք պատասխանել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցին: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Ադրբեջանում իր այցի ժամանակ նշեց Կովկասի հակամարտությունների կարգավորմանը Ռուսաստանի կառուցողական միջամտության կարեւորությունը: Արդյոք ՆԱՏՕ-ն պահպանու՞մ է շահագրգռվածությունն այդ հակամարտության կարգավորման հարցում եւ հնարավո՞ր է արդյոք որեւէ համագործակցություն Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ: Առհասարակ արժե՞ ՆԱՏՕ-ից կոնկրետ քայլեր սպասել խնդրի կարգավորման ուղղությամբ: ԺԱՆ ՖՈՒՐՆԵ- Ես կցանկանայի մի կողմ դնել այդ թեման: Այդպիսի հակամարտությունների լուծումը ձգձգվում է երկար ժամանակ: Կարգավորումը կախված է հակամարտության կողմերից, իսկ դաշինքը՝ համենայնդեպս ներկա փուլում, չի կարող միջամտել այդ գործին: Մենք պետք է հույսը դնենք կողմերի միջեւ երկխոսության բարելավման վրա: Այնպես որ, ՆԱՏՕ-ից շատ բան մի սպասեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: Սոսկ ինչ-որ առանձին պահերի դաշինքը կարող է վճռական քայլեր ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել