Պիկետներն էլ ավարտվեցին Մի շարք հասարակական կազմակերպություններ մայիսի 13-ից սկսած պիկետներ էին անցկացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց: Երեկ այդ շարքի վերջին ցույցն էր: Մեկամսյա ամենօրյա այս պիկետների ընթացքում հավաքվեց շուրջ 9 հազար ստորագրություն՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Դիմումները դեռ երեկ էլ շարունակեցին փոխանցել դատախազությանը եւ երեկ էլ այս կազմակերպությունները հայտարարեցին. «Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ բոլորս պարտավոր ենք չհանդուրժել ստեղծված իրավիճակը, եւ լռությունը հավասարվում է բռնությանը սատարելուն»: Բողոքի գործողությունները եզրափակող մրցանակաբաշխությանը երեկ ներկա էին նաեւ արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները, որոնք ամենաբարձր գնահատականներն էին տալիս այս պիկետներին: «Երեւի այս շարժման ամենամեծ ձեռքբերումներից մեկն է քաղաքացիական հասարակության կայացումը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: «Բողոքի այս գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ունի ապագա՝ հանձինս այս հրաշալի երիտասարդների, որոնք չեն հանդուրժում մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարումը եւ ապօրինի իշխանությունների դրսեւորած ահաբեկչությունը»,- հավելեց Արամազդ Զաքարյանը: Աշոտ Զաքարյանը հարցին, թե արդյոք իր ազատ արձակմանը նպաստեցի՞ն բողոքի այս գործողությունները՝ պատասխանեց. «Միանշանա՛կ: Անազատության մեջ գտնվելով՝ բարոյական աջակցություն էինք ստանում այս գործողություններից, որ առավել եմ կարեւորում: Եվ այս երիտասարդների ու համաժողովրդական ճնշման ներքո էր, որ ազատ արձակվեցին գրեթե բոլոր քաղբանտարկյալները»: ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն ասաց. «Երիտասարդները շատ արդյունավետ գործեցին ու նաեւ նրանց աշխատանքի արդյունքն էր, որ իշխանությունները կամաց-կամաց փորձում են վերադառնալ օրենքի դաշտ»: Իսկ «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը հարկ համարեց երախտագիտություն հայտնել պիկետների կազմակերպիչ հասարակական կազմակերպություններին ու հատկապես «Նոր Հայաստան»-ին. «Առանց հասարակական ակտիվության՝ ընդդիմությունը չի կարող հասնել որեւէ հաջողության: Ու միայն հասարակության աջակցությունը կարող է երաշխավորել պետության մեջ մարդու իրավունքների եւ ազատությունների աստիճանական ապահովումը»: Արտակ Զեյնալյանը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի տեսակետը, թե այս հասարակական կազմակերպությունները վտանգում են ազգային անվտանգությունը՝ «Մինչդեռ նրանց իրականացրած գործողությունը հարվածեց բացառապե՛ս իշխանությունների անվտանգությանը»: Թեեւ գնահատականների հարցում չկային տարակարծություններ՝ դրանք առաջացան մրցանակաբաշխության ընթացքում: Արամազդ Զաքարյանն, ասենք, նկատեց, որ եթե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չէր տեսնում քաղբանտարկյալներին, չի տեսնի նաեւ այս կապակցությամբ իրեն շնորհված մրցանակը: ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը վիճարկեց, թե «ոչինչ չի լսում» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը, որը «մրցանակի» արժանացավ պլաստիկե շշով հարվածելու դիմաց 1,5 տարվա ազատազրկման դատապարտելու համար. «Նա լսո՛ւմ է, բայց միայն իշխանությանը»: Իսկ Բազեյանի կարծիքով, պետք է շնորհվեր նաեւ գլխավոր մրցանակ՝ Ոոբերտ Քոչարյանին, որն արդեն պետք է լիներ համառության խորհրդանիշ՝ հայտնի կենդանու պատկերով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ