Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Հունիս 18,2004 00:00

Հունիսի 14-ին Գյումրիի «Արաքս» հյուրանոցում բացվեց «Գյումրի-Կարս պատմամշակութային արժեքների պահպանման եւ զբոսաշրջության սիմպոզիումը»։

Երկօրյա ծրագիրը անցկացվում էր Կրթությամբ զարգացման ԱՄՆ ակադեմիայի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ (տնօրեն՝ Անուշ Եդիգարյան)։ Նախապես ծրագրված էր այն անցկացնել չորս օրով, որից երկուսը՝ Կարսում։ Հրավիրված էին նաեւ թուրք մասնագետներ, որոնք այդպես էլ չժամանեցին եւ մեր այցելությունը Կարս՝ հետաձգվեց։ Համագործակցության չկայանալու առթիվ իր ափսոսանքը հայտնեց բացմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Ներկա էին նաեւ Բուլղարիայի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Դաֆինա Բարֆոնչովսկան, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ ուրիշներ։ Սիմպոզիումի ընթացքում զեկուցողներն անդրադարձան մոտ 2400-ի հասնող պատմամշակութային արժեքներին, որոնք պետք է պահպանել եւ դրանց միջոցով կազմակերպել տուրիզմ։ Կարեւոր համարվեց նաեւ Թուրքիայի սահմանի բացումը, որը լայն հնարավորություններ կընձեռի զարգացած զբոսաշրջության համակարգ ստեղծելու եւ որպես եկամտաբեր ճյուղ՝ կնպաստի հուշարձանների վերականգնման աշխատանքներին, որոնք երկրաշարժից հետո դարձել են «փխրուն»։ Հայնախագիծ ինստիտուտի փոխտնօրեն Սաշուր Քալաշյանը ներկայացրեց մի սխեմա, ուր Գյումրին բաժանված էր թաղամասերի, համարակալված ու կոնկրետ նշված էր, թե որ թաղամասում ինչ կարելի է կառուցել։ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արթուր Զաքարյանը կարեւորեց աշխարհում այս ճյուղում առկա մրցակցությունը. «Չնայած դժվարություններին, համայնք առ համայնք պիտի ծավալվի աշխատանք։ Մարդիկ պիտի հասկանան, որ տուրիզմից եկած եկամուտները կբարելավի իրենց կյանքը», եւ դրա համար իրենք ունեն նախագիծ։ Սիմպոզիումի ժամանակ նշվեց նաեւ, որ պետք է հստակեցվի օրենսդրական դաշտը եւ տուրիզմի բիզնեսի համար անհրաժեշտ է գովազդ, որը պետք է արվի սիրով եւ հոգածությամբ։ Տեղեկատվության կենտրոնի ստեղծումը կարեւորեց Հայկական զբոսաշրջության զարգացման գործակալության եւ խորհրդի գործադիր տնօրեն Նինա Հովնանյան-Ալեքսանյանը։

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել