Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթում կյանքն է՝ բոլոր ելեւէջներով

Հունիս 18,2004 00:00

Շարունակում ենք ներկայացնել հասարակական եւ քաղաքական գործիչների կարծիքները «Առավոտի» մասին՝ թերթի 10-ամյա հոբելյանի առթիվ:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյան – «Առավոտը» Հայաստանի ամենակայացած, մշտապես ընթերցվող թերթերից մեկն է: Ու անգամ մեր եւ «Առավոտի» ուղղվածության որոշակի անհամաձայնությունների պայմաններում, պիտի նշեմ, որ «Առավոտի» տեսակետը իմանալը մշտապես շատ կարեւոր է Հայաստանի իրավիճակին ծանոթանալու եւ ճիշտ կողմնորոշվելու համար: Մաղթում եմ, որ «Առավոտը» շարունակի լինել, գոյություն ունենալ, եւ ցանկանում եմ, որ «Առավոտի» տպաքանակը բարձրանա՝ ընթերցողի մակարդակի եւ հնարավորությունների բարձրացմանը զուգընթաց:

Չէի ասի, թե որեւէ բան ինձ դուր չի գալիս «Առավոտում»: Կա ընդհանուր ուղղվածության որոշակի անհամաձայնություն, բայց դա թերություն չէ, դա ես համարում եմ թերթի կայացածության ցուցանիշ: Հրապարակման օրը թերթը կարդում եմ մասամբ, բայց մի երկու օրվա ընթացքում գրեթե բոլոր նյութերը կարդում եմ;

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան – Շատ ուրախ եմ, որ «Առավոտը» արդեն 10 տարի շարունակ գործում է: Այս կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ կոլեկտիվին, որը հսկայական աշխատանք է կատարել: Կարելի է յուրաքանչյուր նյութի, թեմայի վերաբերյալ ունենալ ցանկացած կարծիք, սակայն «Առավոտը» հնարավորություն է տալիս իր ընթերցողին՝ տեսակետների ամբողջական, ընդգրկուն պատկեր ունենալ այն բոլոր հարցերի շուրջ, որ առկա են մեր հասարակության մեջ: Կարծում եմ, որ թերթը չի շեղվի իր ընտրած ուղուց եւ միշտ կշարունակի իր աշխատանքը, քանի որ շատ կարեւոր է «Առավոտի» գործունեությունը մեր երկրի համար, որտեղ իսկապես վտանգված է մամուլի եւ, ընդհանրապես, խոսքի ազատությունը:

Հայաստանում մշտապես ընդունված է շեշտել, որ «Առավոտը» ՀՀՇ-ի թերթն է: Բայց «Առավոտի» խմբագրությունը, կոլեկտիվը եւ մենք գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում, եւ թերթում հաճախ լինում են բազմաթիվ տեսակետներ, որը միշտ չէ, որ մենք կիսում ենք: Բայց դա կյանքն է՝ իր բոլոր ելեւէջներով;

Ինձ այնքան էլ դուր չի գալիս, որ ժամանակ առ ժամանակ «Առավոտում» երկրորդական խնդիրներին ուշադրություն է դարձվում, դրանով թերթը կարծես դուրս է գալիս իրական խնդիրների դաշտից, որոնք առկա են մեր հասարակությունում, մասնավորապես՝ քաղաքականության մեջ: Այդ առումով, երբեմն-երբեմն «Առավոտի» գործունեությունը ինձ հիշեցնում է կանաչների շարժումը, որը առկա է ամբողջ աշխարհում, բայց էական դեր չունի քաղաքականության մեջ: Իսկ ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս թերթն ամբողջությամբ: Չկա մի օր, որ ես չկարդամ «Առավոտը», եւ կարծում եմ, որ դա միշտ այդպես կլինի:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել