Ասում
է ԱԺՄ-ական «ամբաստանյալը»
Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց Քարակերտ գյուղի բնակիչ, Բաղրամյանի ԱԺՄ կառույցի ղեկավար Լավրենտի Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է թմրանյութ պահելու եւ օգտագործելու մեջ։ Լ. Կիրակոսյանը, սակայն, իրեն «քրեական թափթփուկ» չէր համարում եւ դատարանին հայտնեց, որ իր՝ անմեղ մարդու նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է իրականացվել 1998-ից։ Նա նախկինում ազատազրկվել է 6 ամսով, կապված, ինչպես ինքն ասաց՝ նախորդ ընտրությունների հետ։ Նա դատարանին հայտնեց, որ Բաղրամյանի ոստիկանության բաժնի պետը՝ Սպարտակ Նահապետյանը իրեն զանգել է, օրերից մի օր տարել առանձին սենյակ, 60 հատ 5000-անոց տվել իրեն, սակայն ինքը դա չի ընդունել։ Նախագահական ընտրություններից մեկ ամիս հետո էլ ենթարկվել է տասնօրյա վարչական կալանքի։ Նա ասաց, որ իրեն ձերբակալել են ապրիլի 10-ին՝ Օպերայի մոտից։ Բերել են Բաղրամյանի բաժին, ապա պահել Էջմիածնի մեկուսարանում։ Նա նկարագրեց, թե ինչպես ոստիկանների հետ միասին եկել են իր բնակարան, սակայն ճանապարհին չգիտեր, թե 3 ոստիկանական մեքենաներով ուր եւ ինչու էին գնում։ Նկարագրեց խուզարկության պահը, թե ինչպես առաջին անգամ ջրի բաքի մեջ ոչինչ չէր հայտնաբերվել, ապա պետի տեղակալ Էդիկ Մկրտչյանին հասցեագրված զանգից հետո փոխվել է իրադրությունը եւ, փաստորեն, երկրորդ ստուգումից հետո հայտնաբերվել 59,3 գրամ մարիխուանա։ Հետաքրքիր է, որ բնակարանում «աշխատող» երկու խուզարկու շները որեւէ ռեակցիա ցույց չեն տվել առաջին խուզարկության ժամանակ։ «Ո՞ւմ գլխին ես սարքում, Մկրտչյան»,- հարցրել էր ամբաստանյալը պետին, սակայն, ըստ նրա, պետն իրեն խոստացել էր մեքենայով բերել տուն եւ օգնել ազատվելու։ Ըստ Լ. Կիրակոսյանի, իրենից պահանջվել էր մի բան՝ քաղաքականությամբ չզբաղվել, հրաժարվել ԱԺՄ-ից։
Երեկ Լ. Կիրակոսյանը դռնբաց նիստի ժամանակ տեղեկացրեց, որ բաժնում իրեն Քեռի մականունով մեկը կոտլետով համբուրգեր էր բերել (2 հատ), որն ուտելուց կես ժամ հետո վատացել էր ինքնազգացողությունը եւ ուշաթափվել էր։ Աչքերը բացելուց հետո տեսել էր Բաղրամյանի պոլիկլինիկայի բժշկուհուն, բուժքրոջը, որոնք իր ճնշումն էին չափում եւ հայտնել էին, թե սրսկումներ են արել։ Ի դեպ, պաշտպան Վարդան Զուռնաչյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի դատակոչվեն բժիշկն ու բուժքույրը՝ հայտնելու համար, թե ինչ է հայտնաբերվել իր պաշտպանյալի մոտ, ինչ դեղահաբեր են տրվել եւ, առհասարակ, բուժօգնության մասին։ Երբ Լ. Կիրակոսյանին բերել են Արմավիր, ոստիկանության վարչության պետը՝ պարոն Պողոսյանը (որին «ամբաստանյալը» համառորեն վարչապետ էր անվանում), այսպիսի հարցեր է տվել. «Ձեր կուսակցության շտաբում ի՞նչ են քննարկում», «Դեմիրճյանը ի՞նչ է ծրագրավորել», «Արամ Սարգսյանը ի՞նչ «գրուպեքի» մասին է ակնարկում», ինչին Լ. Կիրակոսյանը չի պատասխանել, հակադարձելով. «Ես հո ագե՞նտ չեմ»։ Դրան հետեւել է Լ. Կիրակոսյանին Աղի հանքի նարկոլոգիական դիսպանսեր տեղափոխելը, որտեղ նրանից անալիզներ են վերցրել։ Դրանից հետո, ինչպես ինքն ասաց, որպես «ասոբի ապասնի պրեստուպնիկ», գիշերով տեղափոխել են Արմավիրի ոստիկանության ժամանակավոր մեկուսարան։ «Ուզում էր պետը ապացուցել, որ Բաղրամյանում միայն ինքն է տղամարդ»,- ասաց Լ. Կիրակոսյանը։ Ի դեպ, նրա պաշտպանական ճառի ժամանակ դատարանի դահլիճը լքեց մեղադրող Հովսեփ Հովսեփյանը՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատավարության մասնակիցների նկատմամբ։ Հետաքրքիր մի բացահայտում արեց պաշտպան Վ. Զուռնաչյանը։ Նա հայտնեց, որ դատաքիմիական փորձաքննության ենթարկելու մասին որոշումը կայացվել է ապրիլի 21-ին, 24-ին ստացվել է պատասխանը՝ «այո, թմրանյութ հայտնաբերվել է»։ Սակայն չի տրվել առաջադրված երկու հարցերի պատասխանը։ Քննիչը փորձագետին հարցրել էր, թե ինչ քանակի թմրանյութ է հայտնաբերվածը եւ ինչ վաղեմության։ Մեղադրող Հովսեփ Հովսեփյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա գտնում էր, որ այլ վկաներ դատարան կանչելը անհրաժեշտ չէ, իսկ այն, թե թմրանյութը գցվել է Լ. Կիրակոսյանի բնակարան՝ սոսկ ենթադրություն է, որովհետեւ որեւէ տվյալ ձեռք չի բերվել։ Նա առաջարկեց 2 տարվա ազատազրկում, իսկ պաշտպան Վ. Զուռնաչյանը խնդրեց 3 օր ժամկետ՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար։ Դատավոր Արամ Հովսեփյանը «հարգեց» այդ միջնորդությունը՝ պաշտպանին տալով 1 օր ժամանակ։ Ի դեպ, հետաքրքիր մի բան էլ կատարվեց դատարանում։ Դատարան բերվեց իրեղեն ապացույցը՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնվող 59,3 գ մարիխուանա թմրանյութը՝ պատմական ափսեով։ «Թռչող» ափսեն դեղին էր, այն դեպքում, երբ նախորդ օրը դատարան եկած ոստիկաններից խուզարկությունն իրականացրած Է. Մկրտչյանը տեղեկացրել էր, որ ջրի բաքի մեջ հայտնաբերվածը սպիտակ գույնի փոշոտ ափսե էր, իսկ Ա. Ղարիբյանն էլ նշել էր, որ ափսեն նարնջագույն էր։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ