Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ԴԵՄՊԻՆԳ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ»

Հունիս 18,2004 00:00

Ղարաբաղցի օղի արտադրողների մասին պնդում է «Վեդի-Ալկո» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը, որի կարծիքով՝ այս իրողությունը պիտի արժանանա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությանը:

Հայաստանցի ալկոհոլ արտադրողների համար որոշ ժամանակներից ի վեր լուրջ դժվարություններ են ստեղծում Ղարաբաղի իրենց գործընկերները: Այս իրողության դրսեւորումները, պատճառները եւ հնարավոր լուծումները մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանին: «Իրավաբանորեն ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, որն ունի սեփական օրենսդրությունը եւ օրենքով սահմանված հարկատեսակները, որոնք տարբերվում են Հայաստանի օրենսդրությամբ հաստատված հարկերի դրույքաչափերից,- նախ ասաց պրն Ղազարյանը:- Կոնկրետ՝ ալկոհոլային խմիչքների ոլորտում կա շուրջ 150 դրամի տարբերություն: Եթե հանենք նաեւ փոխադրամիջոցների ծախսերը (նրանք Հայաստանից շիշ են ներկրում Արցախ, մնացածի մեծ մասն արտադրում են տեղում)՝ էլի մնում է 100-120 դրամի տարբերություն»: Նկատենք, որ որեւէ այլ երկրի՝ ասենք, Ռուսաստանի գործարարները նման ըմբռնումով չէին վերաբերվի եւ չէին հաշվի առնի փոխադրամիջոցների ծախսի խնդիրը: Սակայն հայաստանցի գործարարները հանդես բերում են նման ըմբռնում արցախցի իրենց գործընկերների հանդեպ: Արդյոք ըմբռնումը փոխադա՞րձ է: «Վեդի Ալկո» ընկերության նախագահի հետագա պարզաբանումներից դատելով՝ մեղմ ասած, չի կարելի խոսել փոխըմբռնման մասին:

«Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներից ելնելով՝ 2002-ին ավելացրինք ակցիզային հարկը: Մինչ այդ էլ էր այն բարձր,- նշում է Մանվել Ղազարյանը:- Եվ այս ամենը մեզ ստիպեց, որ բարձրացնենք վաճառվող արտադրանքի գները: Սակայն փաստորեն հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ Արցախում ալկոհոլային խմիչքներ արտադրողներն այժմ առավել լավ վիճակում են հայտնվել ու, կարելի է ասել, դեմպինգ են իրականացնում մեր շուկայում: Օղին վաճառում են 400 դրամով, մինչդեռ մեր գները սկսվում են 600 դրամից: Իսկ նրանց արտադրության իրացման հիմնական շուկան հենց Հայաստանն է»:

Կարող էր հակափաստարկ հնչել, թե շուկայական օրենքներ են՝ թող հայաստանցի արտադրողներն էլ նվազեցնեն իրենց արտադրած ալկոհոլի գները: «Ո՛ չ,- անմիջապես առարկեց «Վեդի Ալկո» ընկերության նախագահը:- Այստեղ լուրջ հակասություններ կան: Եթե Հայաստանն ու ԼՂՀ-ն տարբեր երկրներ են՝ պիտի սահմանին կատարվեր մաքսազերծում, ինչը չի կատարվում եւ սա էլ է անդրադառնում գնի վրա: Իսկ եթե այդպես չէ՝ ուրեմն պիտի փոխվի Ղարաբաղի օրենսդրական դաշտը եւ համապատասխանեցվի Հայաստանի օրենքներին»:

Փաստորեն՝ Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերություններում իրավական լիակատար խառնաշփոթն իր ազդեցությունն է ունենում նաեւ տնտեսության վրա: Եվ եթե այս հիմնահարցի քաղաքական կարգավորումը դեռեւս չի ուրվագծվում՝ առնվազն տնտեսական խնդրի լուծումը գործարարները կարող էին ակնկալել, այլապես լրջորեն վտանգվում է նրանց բիզնեսը: Ըստ Մանվել Ղազարյանի՝ լուծումը միակն է, որ ԼՂՀ-ում էլ գործեն հարկային նույն դրույքաչափերը, ինչ Հայաստանի Հանրապետությունում, ուստի ԼՂՀ Ազգային ժողովը պիտի կատարի օրենսդրական համապատասխան փոփոխություններ. «Հակառակ դեպքում՝ ոչ մի տեսակի բանավոր պայմանավորվածություններ չեն գործում կամ՝ առավելագույնը գործում են 1-2 շաբաթ կամ ամիս, իսկ դրանից հետո վիճակն էլի նույնն է մնում»:

Նա նաեւ համոզված է, թե այս խնդիրը պիտի դառնա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի քննության առարկա. «Հանձնաժողովն այս հարցում միանշանա՛կ դերակատարություն ունի,- շեշտում է «Վեդի Ալկոյի» նախագահը:- Ես պնդում եմ, որ Արցախում գործող կազմակերպությունները դեմպինգային քաղաքականություն են տանում մեր շուկայում»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել