Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ է «ՊԱԼԻՏԲՅՈՒՐՈՅԻՑ»

Հունիս 18,2004 00:00

Ըստ
Վահագն Խաչատրյանի, այդ պատճառով է «գալչկայի» համար ինչ-ինչ քայլեր արվում
ԵԽ ԽՎ բանաձեւի կատարման ուղղությամբ:
– Դուք ընդդիմադիր կեցվածք որդեգրած ակտիվ գործիչ եք, թեեւ հարթակներում չեք երեւում: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության գործողությունները հատկապես վերջին շրջանում:

– Ընդհանրապես անշնորհակալ գործ է ուրիշի գործերը գնահատել, առավել եւս, կանխատեսումներ անել, երբ դրանց հետեւում ես կողքից: Միանշանակ դեմ եմ նաեւ ընդդիմությանը տրվող «շատ լավ», կամ՝ «շատ վատ» սկզբունքից բխող գնահատականներին: Բանն այն է, որ այսօր անկանխատեսելի իշխանություն ունենք, որի գործողությունները դուրս են օրենքներից եւ Սահմանադրությունից, իսկ այդպիսի իշխանություններին հակադիր դաշտում գործող ուժերի գործողությունները գնահատել՝ շատ բարդ է: Ցանկացած մարդ, որն այսօր հայտնվել է ընդդիմության դաշտում, իրոք, չգիտի՝ այս իշխանությունների հետ ինչպես խոսել: Երբ ընդդիմությունն իշխանության հետ խոսում է օրենքի լեզվով, իշխանությունն այդ օրենքն արհամարհում է, երբ խոսում է բարոյականության, մարդկային հարթությունից՝ նրան պատասխանում են անբարոյական, հակամարդկային մեթոդներով: Այսինքն, այն՝ ինչ բնորոշ է իշխանություն-ընդդիմություն նորմալ հարաբերություններին, նորմալ մարդկանց ու իրավիճակներին, այսօր հանրապետությունում գոյություն չունի: Ուստի, կարծում եմ, այս իրավիճակում ընդդիմությանը գնահատականներ տալ, թե՝ սպառվել է, նրա քայլերը սխալ են՝ դեմ եմ: Ես ավելի հակված եմ կարծելու, որ ընդդիմությունն անում է հնարավոր առավելագույնն ինչ կարող էր: Միեւնույն ժամանակ ստեղծված իրավիճակում հստակ պետք է արձանագրել նաեւ, որ իշխանությունը ՀՀ-ում չի տիրապետում իրավիճակին եւ այդ է պատճառը, որ գործում է Սահմանադրությունից դուրս՝ հակաիրավական դաշտում, ինչը երկար տեւել չի կարող:

– Իսկ գուցե հակառա՞կը. իշխանությունն այնքան ուժեղ է, որ իրեն թույլ է տալիս գործել անգամ հակաօրինական դաշտում, ոչ թե իրավիճակին չտիրապետելու պատճառով:

– Ցանկացած իշխանություն միշտ էլ ուժեղ է, որովհետեւ ինքն օգտվում է իշխանական լծակներից եւ կարող է գործել օրենքներից եւ Սահմանադրությունից դուրս՝ արհամարհելով դրանք եւ համարելով, որ օրենքն ու Սահմանադրությունն ինքն է: Ցանկացած իշխանություն դա կարող է իրեն թույլ տալ՝ առավել եւս մեր նման երկրում, որտեղ դեռեւս հասարակական, քաղաքական երեւույթներին արձագանքելու ավանդույթներ չկան: Որեւէ այլ երկրում, որտեղ համապատասխան ավանդույթներ արդեն վաղուց կան, այդօրինակ երեւույթներին արձագանքում է հասարակությունը: Մեր դեպքում արդեն իշխանության խելամտությունից է կախված՝ լինել օրենքի եւ Սահմանադրության շրջանակներո՞ւմ, թե՞ դրանից դուրս: Այսօր մեր իշխանությունն իրեն կայացած է համարում օրենքից եւ Սահմանադրությունից դուրս, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա իշխանություն, այլ կա բռնապետություն:

– Այստեղից երկու հետեւություն. մի կողմից՝ պարզվում է, ընդդիմությունը հայտնվել է փակուղում, որովհետեւ եթե ինքը գործում է օրենքի շրջանակներում, իրեն պատասխանում են հակաօրինական մեթոդներով, մյուս կողմից՝ հասարակությունը պետք է ինքը ճնշում գործադրեր ուժ կիրառողի դեմ, բայց դա չի անում, որովհետեւ համապատասխան մշակույթ դեռ ձեւավորված չէ: Ուրեմն ի՞նչ անել: Զբաղվել նախ՝ քաղաքացիական հասարակության ձեւավորմա՞մբ, թե՞ իշխանությունների օրինակով գործել օրենքի շրջանակներից դուրս՝ իր մեթոդներով:

– ՀՀ-ում քաղաքացիական հասարակություն իր մշակույթով, դեռ չի ձեւավորվել օբյեկտիվ տարբեր պատճառներով: Բայց եթե մենք խնդիր դնենք նախ՝ քաղաքացիական հասարակություն ձեւավորել, այն այդպես էլ չի ձեւավորվի, որովհետեւ օրենքից դուրս գործող իշխանությունները դա երբեւէ չեն ձեւավորի. իրենց դա ձեռնտու չէ:

– Ընդդիմությանը մնում է դո՞ւրս գալ օրինականության դաշտից:

– Իհարկե, ոչ: Ընդդիմությունը պետք է գործի օրենքի դաշտում, նպաստի քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ իր հնարավորության սահմաններում: Միաժամանակ, ընդդիմությունը, որը գործում է նաեւ հարթակից դուրս, պետք է օգտվի գործող Սահմանադրության տված իրավունքներից եւ շարունակի անել այն, ինչ մինչեւ հիմա արվում էր. հանրահավաքներ, իշխանությանն անհնազանդություն հայտնելու գործողություններ, նստացույցեր եւ այլն: Ինչ վերաբերում է օրենքից դուրս գործելուն՝ սրան դեմ եմ ու համոզված եմ, որ ոչ ոք ընդդիմությունից դրան չի էլ գնա: Բայց մյուս կողմից, կան քայլեր, որոնք օրենքից դուրս չեն եւ պետք է արվեն, թեեւ իշխանությունը կփորձի դրանք հակաօրինական ներկայացնել՝ համաժողովրդական ըմբոստություն, անհնազանդություն, կամ՝ այն, ինչ արվեց ապրիլի 12-ին: Ընդդիմությունը, որին զրկում են օրինական ճանապարհներով իշխանության գալու կամ՝ իշխանության դեմ պայքարելու լծակներից, իրավունք ունի իր իրավունքները պաշտպանել այլ ձեւերով եւս, որոնք կարող են նաեւ պարունակել, ըստ իշխանության՝ անօրինական, ըստ իս եւ միջազգային նորմերի՝ օրինական գործողություններ՝ ուղղված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

– Դուք՝ որպես, ԵԽ ԽՎ բանաձեւին քաջատեղյակ ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս եք գնահատում այդ բանաձեւի «ա-զ» կետերի կատարման ընթացքը:

– Դրանք միանշանակ կատարված չեն: Ես գոնե որպես ՀՀ քաղաքացի լավ եմ հասկանում, թե այդ ամենի տակ ինչ է թաքնված: Իրականում շարունակվում են եւ ճնշումները քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների վրա, հետապնդումները եւ ոստիկանական պատժամիջոցների գործադրումը: Ամեն ինչ նույնն է մնացել: Եվ այն պատասխանները, որոնք տալիս են իշխանության մաս կազմող մարդիկ իշխանությունների, իբր, արած գործողություններին՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, հանրահավաքների կազմակերպման նկատմամբ մեղմացած վերաբերմունք եւ այլն, իրականում ամենեւին էլ այդպես չէ: Այդ քայլերը միայն ժամանակավոր բնույթ ունեն եւ իշխանությունները դրանք իրականացնում են ոչ այն պատճառով, որ պարտավորված են, այլ՝ պարզապես արտաքին աշխարհի համար որոշ փոփոխված ձեւակերպումներ ցույց տալու՝ «գալչկայի» համար: Իրականում ԵԽ-ն իշխանությունների համար լավ էլ «պալիտբյուրո» է եւ նրանք դրանից շատ են վախենում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել