Հայաստան, երկիր դրախտավայր Մի փոքրիկ տղա մետրոյի «Բարեկամություն» կայարանում ջութակ է նվագում։ Լսող չկա, բայց նրա ոտքերի մոտ դրված տոպրակի մեջ փող գցողներ կան։ Փոքրիկի ուշադրությունը իր նվագածին չէ, փողի ավելացող կույտին է։ Մեծերը չեն հասկանում, երեխա է, ինքը որտեղից իմանա, որ փողը ձեռի կեղտ է։ Ստալինյան «կարոտալի» ժամանակներում իր «քուսպ ուտելը» մերձավորների աչքը խոթող տիկինը ետստալինյան «երանելի» ժամանակներում հանկարծ «հավատաց» կոմունիստական կուսակցության մարդափրկիչ առաքելությանը ու վճռեց, որ մի կուստոմսն էլ իր գրպանն ու սիրտը տաքացնի։ Ետկոմունիստական «անիծյալ» ժամանակներում զինվորագրվել է ամենա-ամենա կուսակցությանը ու բրեժնեւյան «արդար» ժամանակների հացի փող չունեցողներին գոտկատեղից ներքեւ մտավորական տիկնոջը հույժ վայել մի աքացի է հասցնում. եւ ի՛ր սրտին է մի քանի կիլոգրամ յուղ նստում, եւ ի՛ր արբանյակների։ Մի նախկին կոմսոմոլիկ, որ Լենինի անունը լսելիս աչքերն էին թացանում, շրջկոմի քարտուղարի ձայն լսելիս՝ աչուկները, այնպես է ոտից գլուխ չափում իշխանություններին «ծախվածներին», որ վերջիններիս միայն մի բան է մնում երազել՝ գետինը ծակվի ընկնեն մեջը։ Անհաշիվ տերեր ու ծիածանի բոլոր գույներ փոխած լրագրողը իր տերերի հակառակորդներին դիմազերծ անելու ազնիվ մղումով այնքան է բանալիների անցքերից ծիկրակել, որ վիզը ծռվել է, մեջքին՝ կուզ առաջացել, բայց ինքն իրեն Գուլիվեր է զգում՝ մեր այս թզուկների երկրում։ Երկրի ղեկավարը դատապարտում է ահաբեկչությունը, կամ թիկունքից բռունցք են ճոճում, կամ բերանները ջուր են առել-նստել։ Խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար՝ այդ նույն ահաբեկիչները վաղը երկրի ղեկավար դարձան, անցավ գլուխները ինչո՞ւ ցավի տակ դնեն։ Եվ վերջապես, ո՞վ է տեսել, որ «հերոսները» թեւ ու թիկունք լինեն պետության ղեկավարներին. հո ծախու չե՞ն ոմանց պես։ Անկրկնելի այս պատմական պահին, երբ «հերոսները» մեծամասնություն են, երկրի ղեկը ամեն գնով իրենց ձեռքը գցելու ջղաձիգ մոլագարության հասնող ցանկությունից մշուշապատվել է «մեր ժամանակի հերոսների» գիտակցությունը։ Ոչ լսում են, ոչ տեսնում, ոչ զգում, որ այնպիսի ջանասիրությամբ են արժեզրկում ե՛ւ գտածը, ե՛ւ երազածը այնպես են Թուր-Կեծակին առած մեր էպոսի թլոշ Դավթին կապկում, որ մտքներով չի էլ անցնում՝ եթե այդպես շարունակեն հայոց ճամփաները «ասֆալտել», այդ ճանապարհով իրենք չեն գալու ու բարձրանալու հայոց գահին։ Իրենք՝ նորօրյա «կտրիճ դավոները», աղուհացը ձեռքներին, վիզները ծուռ կանգնելու են ճամփամիջին, որ հեռուներից գա ի պաշտոնե հայրենիք ընտրող սուրեն-հարությունյանանման մի «քաջարի զորավար» ու ասի՝ տեղներդ վեր ընկեք, ձեզնից պետություն կառուցող դուրս չի գա, քեռուն ասել եմ, որ ձեզ սամալյոտով երշիկ ու պանիր ուղարկի։ Երանելի ժամանակներ… Կոմսոմոլիկը կրկին կոմսոմոլիկ կդառնա, պալատական մտավորականը կրկին հանդիսավոր նիստերին բավարարված ու երջանիկ կնստի սուրեն-հարությունյանանմանի աջ ձեռքի տակ, միակ ու անփոխարինելի կուստոմսը կրկին կտաքացնի շատերի մրսած լյարդութոքը, «ծախվածներն» էլ ճամփա կընկնեն դեպի անծայրածիր Սիբիր։ Հանգիստ շունչ կքաշենք։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ (Տպագրվում է կրճատումներով) «Առավոտ», 24 մայիսի, 1995 թ.