Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամները բողոքում են

Հունիս 17,2004 00:00

Հաշմանդամները բողոքում են «Աստղիկ» հաշմանդամների միությունը հունիսի 15-ին իրականացրեց իր առաջին ակցիան՝ «Պաշտպանենք հաշմանդամների իրավունքները եւ աջակցենք նրանց» թեմայով: ԱՄՆ «Սայլակների հիմնադրամ» կազմակերպության կողմից «Աստղիկի» նախագահ Լեւոն Ներսիսյանը ստացել էր 150 ԱՄՆ դոլար արժողությամբ 240 սայլակներ՝ դրանք ՀՀ մարզերում ու համայնքներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում բաժանելու համար: Առաջինն այս առաջարկությանն արձագանքել էր Արթիկի քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ուստի 17 արթիկցիներ առաջինը ստացան նոր սայլակները: Հաշմանդամների հետ ավելի հեշտ աշխատելու եւ նրանց ֆինանսական օգնություն ցույց տալու համար Լեւոն Ներսիսյանն առաջարկել էր քաղաքապետին Արթիկում հիմնադրել հաշմանդամ երեխաների տեղական ծնողական կազմակերպություն: Մինչ ծնողները կհավաքվեին եւ կընտրեին կազմակերպության նախագահին, Հ. Աբրահամյանն արդեն ներկայացրեց այդ պաշտոնի համար ամենահարմար թեկնածուին՝ Նարինե Զաքարյանին: Վերջինս, լինելով 20-ամյա անփորձ աղջիկ, ինչքան էլ անկեղծորեն ասում էր, որ համակարգչով աշխատել չգիտի, որ գերմաներեն է անցել դպրոցում ու անգլերեն ընդհանրապես չգիտի, քաղաքապետը փորձում էր իր լավ ընկերոջ՝ ավագանու անդամ Սերգեյ Զաքարյանի միամիտ աղջկան հասկացնել, որ «ոչինչ, կսորվիս, քիչըմ գիտես, մե-երկու ամիս կպարապես՝ կիմանաս, չիդեմը ո՞րս է»: Երբ եկավ սայլակներ բաժանելու պահը, քաղաքապետարանի դիմաց հավաքված հաշմանդամների ծնողները սկսեցին «չեմուչում» անել՝ դժգոհելով մերթ սայլակների չափսերից, մերթ անհարմարությունից, կամ էլ՝ դրա դիմաց 150 դոլարը խնդրեցին: Բայց «Աստղիկի» նախագահը համեստորեն ներկայացրեց իրենց հասարակական կազմակերպության գործունեությունը, բացատրեց, որ կանխիկ փող տալ իրենք չեն կարող, քանի որ հենց սայլակներ են ստացել ու այստեղ փաթեթավորել: Երբ սայլակ ստացողների ցուցակում կարդացին Արայիկ Փամփալյանի անունը, հաշմանդամ երեխայի մայրը ոչ միայն հրաժարվեց օգնությունից, այլեւ բարձրաձայն հայտարարեց, որ նման կազմակերպություններն ամեն ինչ անում են իրենց օգնելու համար, իսկ իրենց քաղաքապետը ոչնչով չի աջակցում հաշմանդամներին, վիրավորում է ու վռնդում. «Ինձի կըսե՝ քու հաշմանդամդ ինձի պետք չէ, էլ չզարմացնես երեխովդ»: Քիչ հետո քաղաքապետի ու այրի կնոջ միջեւ լեզվակռիվ բռնկվեց, մեկը բղավում էր. «Ինձ հեչ մեկը ստեղ չի օգնել. իմ հաշմանդամ երեխեն սոված ա մնացել, ամսական 3600 դրամ թոշակի հույսին», մյուսն էլ պատասխանում էր. «Սուտ կըսես, չես ամչե, քանի անգամ ես քեզ օգնել եմ, ուղղակի բանավոր օգնություն է եղել ու դիմումները չեմ պահել»: Ցավալի էր այն, որ այդպես էլ հաշմանդամ երեխային չկարողացանք համոզել, որ փոխի իր հին սայլակը նորով. «Ես շնորհակալ եմ բարեգործներից, բայց էս նվերը չեմ ուզե, կալյասկի տեղը փող կուզեմ, որ հաց ուտեմ ու տուն առնեմ»: Տեսնելով, որ շրջապատի հետաքրքրությունը մեծանում է, քաղաքապետն առաջարկեց, որ ինքը մուծի 5000 տան վարձը, բայց հետո բարկանալով կնոջ ագրեսիվ վերաբերմունքից՝ հրաժարվեց իր խոսքից: Ի վերջո, Հ. Աբրահամյանը մի «հրաշք» ելք առաջարկեց. «Լավ, արի գրանցվի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրում, կդասավորիմ, գործի չես գնա, օրական 1000 դրամ կուդան»: Հաշմանդամ երեխան մտավախություն հայտնեց, որ մեկ է, հույս չունի, թե հրաշք կլինի ու քաղաքապետն իր խոստումը կպահի: Այնուամենայնիվ, «Աստղիկ» հաշմանդամների միությունը Արթիկում իր առաքելությունը կատարեց: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել