Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

Հունիս 17,2004 00:00

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՇՏՎԵԼՈՒ ԵՆ Այս մասին վկայում են մի շարք հանգամանքներ Նախորդ օրը Հայաստան է ժամանել «ԱրմենՏելի» նոր գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: Կառավարության մեր աղբյուրների գնահատմամբ, մասնագիտական տեսանկյունից նա բավականին ուժեղ անձնավորություն է: Իսկ սա նշանակում է, որ պարոն Ֆետսիսի հետ աշխատելը հեշտ է լինելու, վիճելը՝ դժվար: Իսկ մեր ոչ պաշտոնական տեղեկություններն այն մասին, որ թե ՀՀ կառավարությունը, թե OTE-ն միջազգային արբիտրաժում հակված են հաշտության գալ, հաստատվում են: Ընդ որում, այդ մասին արդեն վստահաբար խոսում են «ԱրմենՏելի» խնդրի հետ առնչություն ունեցած գրեթե բոլոր օղակներում: Ավելին, երեկ մեր հարցին ի պատասխան՝ ընկերության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ «ԱրմենՏելի» ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ սկսելու: Սակայն աշխատակիցները տեղյալ չէին, թե արդյոք կառավարությունից այդ մասին առաջարկ եղե՞լ է: Ընկերությունից այլ պաշտոնական տեղեկություններ չհայտնեցին: Ուստի, այստեղ հետաքրքիր է, թե «ԱրմենՏելը» հատկապես ինչ խնդիրների շուրջ է պատրաստ զիջողությունների գնալ: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել բջջային կապի մենաշնորհից զրկելու իր որոշումը: Գուցե պատճառված վնասի փոխհատուցման շուրջ: Արդարադատության նախարարությունից հայտնեցին. «Կառավարությունը միշտ պատրաստ է վերսկսելու բանակցությունները, այնքանով, որքանով այդ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն Հայաստանի Հանրապետության շահերը, այս պահին արբիտրաժային գործընթացն ընթանում է»: Այսինքն, նախարարությունն ակնարկում է, որ այս պահին գործընթացը ոչ թե բանակցային է, այլ զուտ հակադիր իրավական (դատական): Փաստորեն, ոչ մի կողմը հրապարակավ չի նախաձեռնում բանակցություն: Մինչդեռ, մեր տեղեկություններով, դրանք արդեն իսկ ընթանում են: Ամենայն հավանականությամբ, հաշտության գործընթացն իր հիմքում ունենում է որոշակի իրավաբանական փաստաթուղթ, ինչպես լինում է նման դեպքերում: Առավել եւս, որ գործն արբիտրաժում է: Ուստի բուն հաշտության փաստաթուղթը կստորագրվի հենց արբիտրի ներկայությամբ կամ մասնակցությամբ: Այս պահի դրությամբ մեր աղբյուրները հաշտությունն «անխուսափելի» են համարում: Սակայն հասկանալի է, որ հիմնականում, կախված «ԱրմենՏելի» դիրքորոշումից, մեր աղբյուրները խոշոր հաշվով անկանխատեսելի են համարում բանակցությունների ելքը: Իսկ 14 օրից ուժի մեջ կմտնի բջջային կապի ծառայությունների մատուցման մենաշնորհից «ԱրմենՏելին» զրկելու կառավարության որոշումը: Բայց խնդիրն այն է, որ, մեր տեղեկություններով, հայաստանյան հեռահաղորդակցության շուկա մտնելու համար ոչ մի միջազգային լուրջ ընկերությունից ՀՀ կառավարությունը առաջարկ չի ստացել: Տրանսպորտի եւ կապի նախարարությունից սա բացատրեցին այն հանգամանքով, որ մենաշնորհի ժամկետը դեռեւս չի ավարտվել: Սակայն հավելեցին, որ «մի շարք հայկական եւ միջազգային ընկերություններից դիմումներ (ոչ թե հայտեր) ստացվել են, որոնք կարելի է բանավոր խոսակցություններ համարել»: Այդ «դիմումներին» նախարարությունը պատասխանել է, որ դրանց «քննարկումը նպատակահարմար չենք գտնում, քանի որ կառավարության որոշումը դեռեւս ուժի մեջ չի մտել»: Ըստ ՏԿ նախարարության լրատվական ծառայության, դրանք ընդհանուր բնույթի համագործակցության առաջարկություններ են: Միայն հետաքրքիր է, թե ինչու թեկուզ «ընդհանուր բնույթի» առաջարկություն չի ստացվել հեղինակավոր օպերատորների կողմից: Սա էական է այնքանով, որ մեր ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե բջջային կապի ծառայություններ մատուցող երկրորդ օպերատորը հայկական ընկերություն է լինելու: Ընդ որում, այնպիսի ընկերություն, որտեղ կառավարության մի անդամ բաժնեմաս ունի: Թե ով՝ մեր աղբյուրներից ոչ ոք առայժմ չգիտի: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել