Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիզային խստացված ռեժի՞մ

Հունիս 17,2004 00:00

Վիզային խստացված ռեժի՞մ Ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին, հաղորդել է Հայաստանի հետ վիզային ռեժիմը խստացնելու Թուրքիայի որոշման մասին: Նշվում է նաեւ, թե այդ որոշումն ընդունվել է՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման: «ՀՀ քաղաքացիներն այսուհետ պետք է վիզայի համար դիմեն արտասահմանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքացիները հեշտությամբ կարող էին մուտքի վիզաներ ստանալ հարեւան երկու երկրների սահմանային անցակետերում կամ Ստամբուլի միջազգային օդանավակայանում Երեւանից եւ Թբիլիսիից չարտերային չվերթերով ժամանելուն պես: Այժմ նրանք ստիպված կլինեն դիմել երրորդ երկրներում թուրքական ներկայացուցչություններ, քանի որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Հայաստանի արտգործնախարարությունում այս տեղեկատվությունը երեկվա դրությամբ չէր հաստատվում: Ահա թե ինչպես է մեկնաբանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հիշյալ հաղորդագրությունը ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը. «Ըստ Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպանության մեզ տրամադրած տեղեկության, Հայաստանի քաղաքացիների՝ Թուրքիա այցելելու կարգը փոփոխություն չի կրել, հետեւաբար, այդ կապակցությամբ մամուլում հայտնված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Առհասարակ, միջազգային պրակտիկայում ընդունված է, որ վիզային ռեժիմի փոփոխության դեպքում ելքի երկրները տեղեկացվում են նախօրոք: Այս դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի իշխանությունների կողմից որեւէ ծանուցում չի ստացել»: Նկատենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ, մասնավորապես, Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման մասին խիստ մոդայիկ դարձած խոսակցությունների ֆոնին սա չափազանց տհաճ ազդանշան է մեզ համար: Եթե այս հաղորդագրության իսկությունն, այնուամենայնիվ, հաստատվի, ապա ստիպված պետք է լինենք փաստել, որ հայ-թուրքական երկխոսությունը, որի կայացմամբ օբյեկտիվորեն շահագրգռված է հատկապես հայկական կողմը, ոչ միայն առաջընթաց չի ապրում, այլեւ վերջնական ձախողման եզրին է: Իսկ թե գործնականում ով է տուժելու այդ որոշումից, կարծես թե լրացուցիչ բացատրությունների կարիք չկա: Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի հանդիսացող շատ ձեռներեցներ գործնական կապեր են հաստատել Թուրքիայի առեւտրական շրջանակների հետ, եւ նրանց թեկուզեւ ոչ այնքան լայնածավալ բիզնեսի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ հանապազօրյա հաց ունեն: Առաջիկայում, իհարկե, պարզ կդառնա, թե որքանով է ստույգ ՀՀ-ի հետ վիզային ռեժիմը խստացնելու՝ Անկարայի կայացրած որոշման մասին տեղեկատվությունը: Հուսահատվելու կարիք, սակայն, հաստատ չկա: Չէ՞ որ վատագույն դեպքում մեզ հնարավորություն կընձեռվի տոնել հերթական «բարոյական հաղթանակը»: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել