Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՍԵՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏ ԿԱՆԵՆ

Հունիս 17,2004 00:00

ՓՈՍԵՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏ ԿԱՆԵՆ

«Փոսի» թատրոնի դերասանները առաջիկայում պատրաստվում են բողոքի
ցույցով հանդես գալ ՀՀ կառավարության, ԱԺ շենքերի եւ նախագահի նստավայրի
առջեւ, եթե իրենց թատրոնի խնդիրը չլուծվի։
Ցավոք, 25 տարի առաջ հիմնադրված «Փոսի» թատրոն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ վերանորոգվելուց հետո շենքը ծառայեցվելու է այլ նպատակների։ Թե ում է վաճառվել թատրոնի շենքը՝ մինչեւ այժմ անձնակազմին չի հաջողվում պարզել։ Թատրոնի դերասանուհի Կարինե Սարգսյանի հավաստմամբ, տնօրեն Գուրգեն Սեդրակյանը ժամանակին խաբեությամբ, առանց ընթերցելու ստորագրել է տվել ինչ-ինչ փաստաթղթեր. «Ես թատրոնի արհմիության նախագահն էի, Գուրգեն Սեդրակյանը ինձ տարավ նոտարական գրասենյակ, ասաց, որ իմ ստորագրությունը այդ փաստաթղթի տակ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքապետարանը շենքը մեր ձեռքից չառնի»։ Դերասանուհին պնդում է, որ մութ գործարքին իր մասնակցությունն է ունեցել նաեւ թատրոնի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Ազատ Գասպարյանը։ Նկատենք, որ Գ. Սեդրակյանը աշխատանքից հեռացվել էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Թամար Պողոսյանի հրամանով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում Ազատ Գասպարյանը իր մասին շրջանառվող լուրերին՝ կապված իր մասնակցությանը «Փոսի» թատրոնի մութ գործարքին։ «Երբ «Փոսի» թատրոնը չընդգրկվեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվող մշակութային օջախների ցանկում, Գուրգեն Սեդրակյանը որոշեց տեղափոխվել «Մետրո» թատրոն։ Ես արդեն աշխատել էի «Մետրոյում», ուստի ցանկություն չունեի կրկին վերադառնալ, դրա համար էլ դուրս եկա աշխատանքից։ Թե ինչ որոշումներ են ընդունվել թատրոնում՝ տեղյակ չեմ»,- պատասխանեց պարոն Գասպարյանը։ Հիշեցնենք, որ «Առավոտին» տված հարցազրույցում «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանը պարզաբանել էր, որ իրենց թատրոնը չի միանում «Փոսի» թատրոնին եւ վերջինիս տարածք է հատկացվել վարձակալությամբ։ Պրն Ստեփանյանը Գ. Սեդրակյանին մեղադրել էր նաեւ իրենց «քցելու» եւ վարձակալության գումարը չվճարելու մեջ։ Գ. Սեդրակյանի հետ կապվել չհաջողվեց. ի պատասխան մեր զանգերի, նրա բնակարանից հայտնում էին, որ նման մարդ իրենց մոտ չի ապրում։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել