Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հունիս 17,2004 00:00

Պորտուգալիայում «Եվրո-2004»-ի խմբային մրցաշարի առաջին տուրն ավարտվեց «D» խմբում ընդգրկված հավաքականների հանդիպումներով:

Ավեյրուում հանդիպեցին Լատվիան եւ Չեխիան: Այս զույգի առաջատարն, անկասկած, չեխերն էին, որոնց հաղթանակը ոչ ոքի կասկածը չէր հարուցում: Ճիշտ է, հանդիպման վերջնական հաշիվն ի վերջո գրանցվեց չեխերի օգտին, սակայն դա նրանց հաջողվեց ուժերի գերագույն լարումով: Լատիշներն իրենց ամենեւին էլ Եվրոպայի առաջնությունների նորեկ չէին զգում: Ավելին, նրանք արժանի դիմադրություն էին ցուցադրում ահեղ մրցակցին, իսկ որոշ խաղային դրվագներում նույնիսկ գերազանցում էին: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն ճշգրիտ հարվածի չէին հասնում: Այդպես շարունակվեց մինչեւ 45-րդ րոպեն: Հանդիպման գլխավոր մրցավարը ավելացրեց ժամանակը եւ մեկ րոպե էլ չանցած՝ մերձբալթիկցիներից Վերպակովսկին հասավ հաջողության՝ 1:0: Այդ հաշվով էլ թիմերը գնացին հանգստի:

Ընդմիջումից հետո, բնականաբար, չեխերը հավասարակշռությունը վերականգնելու նպատակով անցան ակտիվ գործողությունների: Այդուհանդերձ, նրանց բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չէին տալիս: Եվ միայն 73-րդ րոպեին Բարոշը հավասարեցրեց հաշիվը: Դրանից հետո չեխերն արդեն սկսեցին պայքարել հաղթանակի համար: Ու վարձահատույց եղան 85-րդ րոպեին: Երկրորդ եւ հաղթական գոլը խփեց Հայնցը:

Օրվա կենտրոնական հանդիպումն, անշուշտ, Պորտուում կայացած Գերմանիա-Հոլանդիա խաղն էր: Երկու հավաքականներն էլ հայտնի են իրենց բարձր կարգով: Այնպես որ, խաղադաշտում ծավալվող ամեն մի իրադարձություն մեծագույն հաճույք էր պատճառում ֆուտբոլասերներին: Առաջինը հաջողության հասան գերմանացիները: 30-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրինգսը: Մոտ 50 րոպե հոլանդացիները պայքարում էին պարտությունից խուսափելու համար: 81-րդ րոպեին նրանք աջ եզրով հերթական գրոհը կազմակերպեցին: Գնդակը ուղարկվեց տուգանային հրապարակ, որտեղ պաշտպանի հետ պայքարում Վան Նիստելրոյը գեղեցիկ «մկրատ» հարվածով գնդակն ուղարկեց Օլիվեր Կահնի պաշտպանած դարպասը:

«D» խմբի մրցաշարային աղյուսակ

1. ՉԵԽԻԱ 1 1 0 0 2-1 3

2. ԳԵՐՄԱՆԻԱ 1 0 1 0 1-1 1

3. ՀՈԼԱՆԴԻԱ 1 0 1 0 1-1 1

4. ԼԱՏՎԻԱ 1 0 0 0 1-2 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել