Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՒԶԱՐԿՈՂՆԵՐԸ ԴԱՏԱԿՈՉՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ

Հունիս 17,2004 00:00

Քաղաքական
գործունեության դիմաց՝ թմրանյութ
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ մեկ ժամ ուշացումով սկսվեց Քարաշերտ գյուղի հողագործ, Բաղրամյան շրջանի ԱԺՄ ղեկավար Լավրենտի Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Հիշեցնենք, որ Լ. Կիրակոսյանի նախորդ՝ վարչական կալանքի (ոստիկանին «զազրախոսելու» համար) ենթարկելու գործը գտնվում է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Դատարանի մուտքի մոտ ասեղ գցելու տեղ չկար։ «Ազատություն Լավրենտիին», «Ոչ՝ դատական ահաբեկչությանը», «Ազատություն յուրաքանյուր կարծիքի» ցուցապաստառներով մարդիկ իրենց համերաշխությունն էին հայտնում Լ. Կիրակոսյանի ընտանիքին՝ ծերունազարդ հորը, ԱԺՄԻԿ անունով երեխան ձեռքին կնոջը՝ Անահիտ Ղարիբյանին։ Ի դեպ, հայտարարությամբ Լ. Կիրակոսյանին պաշտպանեցին մի շարք հասարակական կազմակերպություններ. Հելսինկյան կոմիտեն, Իրավունքի եւ ազատության կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն, «Ֆորում» իրավական կենտրոնը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավախորհրդատու, փաստաբան Ժորա Խաչատրյանն «Առավոտին» ասաց, որ Լ. Կիրակոսյանի գործին հետեւել են նախաքննության փուլից, եւ որ «մեր կարծիքով ներկայացված ապացույցները խիստ կասկածելի են»։

Թաքնվելով «օպերատիվ տվյալների ստացման» անվան տակ, Բաղրամյանի ոստիկանները վարչական կալանքից վայրկյաններ առաջ «ազատվածի» բնակարան են մտնում, խուզարկություն իրականացնում եւ «հայտնաբերում» թմրանյութ։ Հետաքրքիր է, որ 59 գրամ կանեփը «գտնվում» է ջրի բաքում, որը փոշու հաստ շերտով էր պատված. «այնինչ թմրանյութով տոպրակի վրա փոշու հետք չկար», ասում է Լ. Կիրակոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը։ Այս գործը արտառոց է նրանով, որ Կիրակոսյանի արյան եւ մեզի մեջ հայտնաբերվել է թմրանյութ։ «Ինչու այս դաժան գործը գցեցին որդուս վրա։ Պլանը գցել են, որ ասպարեզից հանեն», ասում է հայրը՝ Գառնիկ Կիրակոսյանը։ Իսկ քույրը՝ տիկին Լաուրան հայտնում է, որ «2 համբուրգեր տալուց հետո Լավրենտը ընկել է։ Կոտլետի մեջ նարկոտիկ էին գցել։ Օրգանը դատարկ ջուր չի տալիս, ուր մնաց թե՝ կոտլետ»։ Լավրենտիի 3 ամսական հղի կինը կորցրել է երեխային, երբ խուզարկություն է եղել իրենց տանը՝ 12 ոստիկանի եւ 2 ընթերակայի ներկայությամբ:

Լ. Կիրակոսյանն իրեն մեղավոր չճանաչեց։ Եվ քանի որ գտնվում էր ճաղավանդակների ետեւում, նրա պաշտպանը միջնորդեց, որ դուրս գա, քանի որ իր պաշտպանյալի արժանապատվության դեմ է։ Դատավոր Հովսեփյանը բավարարեց միջնորդությունը, իսկ դահլիճում հնչեցին ծափեր։

Պաշտպան Վ. Զուռնաչյանը պահանջեց վարչական կալանքի ենթարկելու գործը, որպեսզի այն կցվի քրգործին։ «Մինչ բնակարանը խուզարկելը, Կիրակոսյանը պահվել է անազատության մեջ եւ, հետեւաբար, չէր կարող թմրանյութ օգտագործել»,- պատճառաբանեց նա։ Երեկվա վկաները՝ Էդիկ Մկրտչյանը, Արմեն Ղարիբյանը, Մարտին Գալստյանը, համազգեստավոր եւս չորսը «ամբաստանյալի» բնակարանում խուզարկություն իրականացնողներն էին։ Իսկական խայտառակություն էր, երբ նրանց թույլատրվեց հանդես գալ որպես վկա։ Քրդատօրենսգրքի 86 հոդվածի 4-րդ կետի համաձայն, քննիչը, դատախազը, հետաքննության մարմնի աշխատակիցը որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել։

Խուզարկությանը մասնակցել էր նաեւ երկու շուն։ Երբ Լավրենտին հարցրեց, թե շները որտե՞ղ էին, ոստիկանության Արմավիրի վարչության աշխատակից Արմեն Ղարիբյանը պատասխանեց. «Առանձին սենյակներում։ Բնական է, երկու շուն չէին կարող իրար հետ աշխատել»։ «Իրար կգզեին, չէ՞»,- խորհրդանշական տոնով հարցրեց «ամբաստանյալը»։

Խուզարկուները հակասեցին միմյանց։ Այս վկան ասաց, որ ինքն է լուսանկարել «տեղում արձանագրվածը»։ Իսկ մյուս ոստիկանը՝ Մարտին Գալստյանը, հայտնեց, որ ինքն է լուսանկարել՝ տոպրակը փակ եւ բաց վիճակում։ Խուզարկողների շեֆը՝ Է. Մկրտչյանը չգիտեր, թե քանի հոգով են խուզարկել բնակարանը։ Սակայն ակնհայտ դարձավ, որ նրանք խուզարկության արձանագրություն կազմել են այն ժամանակ, երբ իբր հայտնաբերվել է թմրանյութը եւ ոչ թե բնակարանն ընդհանրապես զննելուց հետո։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել