Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «տղամարդիկ»

Հունիս 17,2004 00:00

Ստեփան Գրիգորյանը պատրաստ է կանգնել իշխանությունների կողքին, եթե…

«Ինչքան էլ մենք չենք ընդունում այսօրվա իշխանությունների քաղաքականությունը բոլոր ասպարեզներում, բայց մեկ տարբերակ կա. նրանց կողքին կկանգնենք՝ եթե նրանք ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ 1998թ. Ռոբերտ Քոչարյանը եւ դաշնակցությունը հենց այդ մեկ նպատակով իշխանության եկան։ Թող հիմա ճանաչեն, մենք էլ բոլորովս կանգնենք նրանց կողքին»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը։ Նրա պնդմամբ, «վիճակը շատ վատ է»։ Այն որոշումները, որոնք նախատեսվում են ընդունել ՆԱՏՕ-ի շրջանակներում (մեծ ութնյակի որոշումներից հետո), ըստ մեր զրուցակցի, բավականին լուրջ են։ Ըստ այդմ, բոլոր վտանգները, որոնք «սպառնալու» են եվրոատլանտյան տարածքից կամ նույնիսկ հեռավոր երկրներից, կանխվելու են հենց այդ երկրներում։ Ըստ մեր զրուցակցի, ուշագրավն այն է, որ ութնյակում ՌԴ-ն չընդդիմացավ այդ որոշմանը։ Իսկ դա նշանակում է՝ «եթե մենք աշխարհին համահունչ չգործենք, շարունակենք հակադեմոկրատական քայլերը, ԼՂՀ հարցում հայդատականությունը եւ այլ մարտահրավերներ նետենք, ավելի վատ կլինի մեզ համար»։ Ի դեպ, պարոն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ վերջին շրջանում որքան էլ Հայաստանը Ղարաբաղի խնդրում փորձում է ակտիվացնել Ֆրանսիային, միեւնույն է՝ ապարդյուն, քանզի «աշխարհում լուծվեց, թե ով պիտի այդ հարցով զբաղվի ու Ֆրանսիային հանեցին։ Մենք նույնիսկ մանեւրելու հնարավորություն այլեւս չունենք»։ Ուստի պարոն Գրիգորյանն առաջարկում է. «Տղամարդկություն գտեք ձեր մեջ եւ բացեիբաց ասեք, որ ձեր քաղաքականությունը տապալված է»։ Այդ դեպքում, մեր զրուցակցի հավաստմամբ, հասարակությունը կհասկանա իշխանություններին եւ կօգնի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում տարբեր կառույցների կողմից հնչած առաջարկություններին, Ստեփան Գրիգորյանը մնում է իր կարծիքին. «Տարբեր առաջարկություններ միշտ էլ եղել են, բայց հենց վերջին 3-4 տարիների ընթացքում հնչեցին ՀՀ եւ ԼՂՀ համար ամենաբացասական առաջարկներ։ Սրանք հերթական ապացույցներն են, որ այս իշխանության քաղաքականությունը տապալվել է»։ Մեր դիտարկմանը, որ եվրոպական կառույցները վեր կանգնելով տարածքային խնդիրներից, առաջարկում են հարցը լուծել մարդու իրավունքների, ասել է թե՝ ազգային ինքնորոշման տեսանկյունից, Ստեփան Գրիգորյանը համաձայնեց, հավելելով. «Փաստորեն, նոր ձեւաչափերի փնտրտուքում աշխարհը հանգեց հենց այն քաղաքականությանը, որը վարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը»։

Մեր խնդրանքին՝ մեկնաբանել ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանի օրերս արած հայտարարությունները, թե Ղարաբաղի հարցում Հայաստանն ու Ղարաբաղը տարբեր շահեր ունեն, Ստեփան Գրիգորյանը փաստեց ընդամենը, որ հնչող տարաբնույթ կարծիքները ապացույցն են նրա, որ հարցը մտել է փակուղի եւ փորձ է արվում ընդամենը ապակողմնորոշել հասարակությանը։ Այն, որ այսօր Եվրամիությունը, Եվրախորհուրդը եւ ՆԱՏՕ-ն լուրջ հայտեր են ներկայացնում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը մասնակցելու համար, ըստ մեր զրուցակցի, Հայաստանին մտածելու տեղիք պետք է տա։ «Ձեւաչափի փոփոխությունը մեզ դրական արդյունքներ կբերի՞, թե՞ ոչ»,- ասաց պրն Գրիգորյանը։ Ներկայիս իշխանությունների կոնֆլիկտը սառեցնելու նկրտումները, ըստ Ստ. Գրիգորյանի, մոտ ապագայում ի չիք կդառնան, քանզի աշխարհի եւ հատկապես ՆԱՏՕ-ի ու Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանը այլեւս հարեւան երկիր է։ Որեւէ մեկը թույլ չի տա, որ տարածաշրջանում կամայականություններ լինեն։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել