Ես ձեր գողական ցավը տանեմ Անկախ նրանից, ուզում ենք կամ պետք է դա մեզ, թե ոչ, հասարակությունը բազմաշերտ է՝ վերնախավ (որը երբեմն բավականին կասկածելի բնույթ է կրում), միջին խավ (ամենաանշառ խավը) ու հասարակության, այսպես կոչված՝ «գողական», ի դեմս ու ի փառս գողականության։ Գողականությունը վաղուց արդեն հասարակության անքակտելի մասն է կազմում։ Հասարակական սանդղակում գողականներն ունեն իրենց ճշտված ու հաստատված կարգավիճակը։ Ինքնին գողականությունը շերտավոր է՝ շենքերի, կինոթատրոնների, բաղնիքների եւ այլնի անկյուններում մշտական «պպզողներից» (ապեր, դու որդեյես կայնում), մինչեւ գողականության էլիտան, որն ամեն օր «մի կտոր հաց» է ուտում «ֆիրդուսնոցում»։ Նրանց մենք դեռ որ հանգիստ ենք թողնում, այդ «խմորը շատ ջուր կտանի»։ Թողնենք հետոյին։ Հիշենք նրանց մասին, որոնց մեջ, որոնց կարիքն ու որոնց հետ մենք ապրում ենք։ Հասարակության ոչ մի խավ պատվի, հարգանքի, խղճի այնպիսի թանձր զգացողություն չունի, որքան գողականները։ Նրանց կամ նրանց «քուրերի», «մեծ ու պուճուր ախպերների» պատիվը շոշափողը մեծ կասկածի տակ է դնում սեփական գլուխը սեփական ուսերի վրա մնալու հավանականությունը։ Իսկ պատվի եւ մնացյալ առաքինությունների գողական ըմբռնումը խիստ տարբերվում է ողջ «բանական» աշխարհի վերոհիշյալ հասկացությունների մասին ըմբռնումից։ Առավել պատկերավոր լինելու համար բերենք հետեւյալ օրինակը. մահացու վիրավորանք է համարվում քայլելիս պատահաբար անփութորեն գողականին կպչելը, որը կարող է հանգեցնել հետեւյալին. – Ի, չհասկացանք։ – Հա, լավ։ – Հալավը դիր խալադելնիկը,- ու սկսվում է ռուսի ասած «ttt-ttttt»-ն, որի եզրափակիչ ակորդները երբեմն հնչում են արդեն գերեզմանատանը։ Գողականության հենակետը «ճիշտն» է ու «ճշտի» համար անգամ մեռնելը «անմահություն» է։ Դա է վկայում արժանահիշատակ մի գողականի գերեզմանի մակագրությունը. «Ճիշտը չի մեռնում, ճիշտը անմահ է»։ Գողականության համար գոյություն ունի «զապադլոների» մի հսկա շարք։ «Զապադլո» է ուրիշի հացին «վայսվելը» (հացը կտրելը), գողական ամբոխային համաձայնությունը չհարգելը, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին «տեղը չբերելը», ու տասնյակ կարեւոր-անկարեւոր պատվիրաններ, որոնք գողական աշխարհընկալման առանցքն են կազմում։ Հասարակական երեւույթներ եւ հասարակության շերտեր կան, որոնց ընդհանրապես խորհուրդ է տրվում ձեռք չտալ՝ տակի ողջ գարշահոտությունը երես չհանելու համար։ Թողնենք գողականներին, որ ապրեն իրենց «մուղամով», ինչպես ճառվում է նրանց կողմից հարգված կենացներից մեկում. «Դուդուկն ունի յոթ անցք (ծակ), խմենք այն անցքի կենացը, որը մեր մուղամով է գնում»։ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ «Առավոտ», 31 հունվար, 1995 թ.