Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱ՞ՆՔ ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ԴԱՐՁԻՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ

Հունիս 16,2004 00:00

ԱՇԽԱՏԱ՞ՆՔ ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ԴԱՐՁԻՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Շիրակում այդպես է Նախորդ օրը լրացավ Շիրակի մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ ընթացքում նա առաջին անգամ ցանկություն հայտնեց հանդիպել լրագրողներին եւ ներկայացնել հաշվետվություն իր գործունեության մասին: Այն, որ վերջինիս մարզպետ դառնալուց հետո ահավոր լարվածություն է ստեղծվել քաղաքապետարան-մարզպետարան փոխհարաբերություններում, նորություն չէ: Նորություն չէ նաեւ, որ Շիրակի մարզում նկատվում է որոշակի պաշտոնյաների՝ դաշնակցական կադրերով փոխելու ձգտում: Իր աշխատանքը գովերգելուց զատ, Ռոմիկ Մանուկյանն ստիպված եղավ անդրադառնալ նաեւ այս խնդիրներին: Պատահական չէր, որ նա սկզբից եւեթ շեշտեց համայնքապետերի հետ անձնական խնդիրներ չունենալը: Նրա մեկնաբանմամբ, համայնքապետերի հետ շփվում է օրենքի շրջանակներում՝ կառավարության որոշումների հիման վրա: Ռոմիկ Մանուկյանի այսպես խոսելու պատճառը թերեւս այն էր, որ այսօր ոչ միայն չարչրկվում են մարզպետ-քաղաքապետ սրված հարաբերությունները, այլ մարզպետը մտադրված է կառավարությունում բարձրացնել ստվերային քաղաքականություն վարող եւ հողահարկեր չապահովող որոշակի համայնքապետերի անվստահության հարցը: Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի հետ իր հարաբերություններին՝ նա մեկ անգամ եւս փորձեց վստահեցնել, որ կոնֆլիկտն ընդամենը կառավարության որոշման իրականացման շուրջ էր, համաձայն որի՝ բնակբաշխման գործընթացն անցավ մարզպետարանին: «Այլ հարց է, թե պաշտոնյան դա որքանով ընդունեց օրինական»,- ասում է մարզպետը: Ինչ վերաբերում է Շահումյան 188 բացվածքի առիթով քաղաքապետի ու նրա «թիմի» դեմ հարուցված քրեական գործերին՝ մարզպետը գտնում է, որ ինքը չի սպասում իր հաղթանակին կամ պարտությանը, այլ առաջնորդվելու է դատարանի որոշմամբ: Շիրակի մարզի որոշ պաշտոնյաների էլ դաշնակցականներով փոխելու մեջ Ռոմիկ Մանուկյանը որեւէ «արտառոց երեւույթ» չնկատեց՝ նշելով, որ նրանք եւս հասարակության անդամներ են: Նրա արդարացմամբ, մոտ 20 դպրոցներում եղել են տնօրենների փոփոխություններ, որոնցից 2-ն են դաշնակցականներ: Նմանապես առողջապահության ոլորտում. նշանակված 6 հիվանդանոցի տնօրեններից մեկն է դաշնակցական: Ռոմիկ Մանուկյանի անկեղծ խոստովանմամբ. «Եթե լինեն համապատասխան կադրեր, չեմ թաքցնում՝ իմ համար ցանկալի կլիներ, որ վերընտրվեին դաշնակցության անդամները: Այսօր երկիրը կառավարվում է կոալիցիոն ուժերով, եւ մենք պետք է առաջնություն տանք կոալիցիայի ներկայացուցիչներին»,- կարծում է Շիրակի մարզպետը: Նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ այս մարզում քիչ թե շատ նորմալ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ է լինել դաշնակցական: Թեեւ նա միաժամանակ ավելացնում է, որ, բոլոր դեպքերում, դաշնակցականները պաշտոն զբաղեցնում են ընտրության սկզբունքով: Մինչդեռ, դաշնակցականների հետ մրցույթի մասնակիցների վստահեցմամբ էլ մրցույթը անցկացվել է նախապես գրված սցենարով: Ավելին՝ որոշ դպրոցի տնօրենների պնդմամբ, իրենց աշխատանքից ազատել են դաշնակցականներին աշխատանքով ապահովելու համար: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել