Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՎԱԾ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հունիս 16,2004 00:00

ՁԱԽՈՂՎԱԾ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Թերեւս այդպես կարելի է գնահատել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիայի Հայաստանում վերջին հանդիպումները, որոնց մասին պատմում են ուղղակի զավեշտներ: Քանի որ իրավապաշտպանների հետ հանդիպումը Հայաստանի հարցով զեկուցողն անցկացրել էր տեղ-տեղ ննջելով՝ «Ազգային միաբանություն» խմբակցության կազմում նրա հետ հանդիպած Աղասի Արշակյանից հետաքրքրվեցինք՝ իրենց հետ խոսելիս է՞լ է նրա քունը տարել: «Ո՛չ, մեր հանդիպումն առավոտ կանուխ էր: Քնելու ժամ չէր»,- պատասխանեց պրն Արշակյանը: Սակայն պատմեց այլ ուշագրավ մանրամասն: Խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպման ժամանակ մտահոգություն էր հայտնել, թե «Ա1+»-ի փակումից հետո՝ Հայաստանի բնակչությունը զրկված է ճիշտ լրատվություն ստանալու հնարավորությունից, եւ վերջին 3 ամիսներին տարբեր բնակավայրերում իրենց հանդիպումները կա՛մ բոլորովին չեն լուսաբանվել, կա՛մ իրականությունը ներկայացվել է նենգափոխված: Պրն Գեղամյանը պնդել էր, թե իրենք զրկված են անգամ վճարովի եթերաժամերից: Եվ այս ամենին արձագանքելով՝ Յասկերնիան, ըստ պրն Արշակյանի, ասել էր. «Իսկ դուք չե՞ք փորձել ինքնուրույն ռադիոկայան կամ հեռուստաընկերություն ունենալ»: Ըստ պատգամավորի՝ այս հարցադրումը համահունչ էր ռուսական հայտնի առածին, որտեղ մեկն Իվանի մասին է խոսում, իսկ մյուսը՝ հիմարի: Մեր հարցին՝ գուցե պատճառը զեկուցողի անտեղյակությունը, խնդրին չտիրապետե՞լն էր, այլ ոչ կանխակալ տրամադրվածությունը՝ Աղասի Արշակյանը պատասխանեց. «Ո՛չ, կարծում եմ, ինքն ուներ արդեն իր եզրակացության ուղղվածությունը, «կմախքը»: Եվ 25 րոպեանոց հանդիպումներն արվում էին ձեւականորեն, միայն նշելու համար: Ինձ թվում էր, թե հենց իր նախաձեռնությամբ մենք առաջին հերթին պետք է անդրադառնայինք ԵԽԽՎ բանաձեւով սահմանված պարտավորությունների կատարմանը: Բայց չհասցրինք անգամ քննարկել այն կետ առ կետ: Ընդամենն ասվեց, թե չի կատարվել նույնիսկ ամենաանմեղ կետը, որ վերաբերում է ԵԽԽՎ անդամ պատգամավորների անձեռնմխելիությանը: Նա ընդամենը ճշգրտող հարց տվեց, թե դա երբ է եղել՝ ապրիլյան բանաձեւից առա՞ջ, թե՞ հետո: Բնականաբար, խուզարկությունները եւ ձերբակալությունները եղել են բանաձեւից հետո եւ այդ հարցադրմամբ նա միանգամից արտահայտեց իր կարծիքը: Բայց ստիպված եղանք բացատրել, թե, ա՛յ ընկեր՝ այդ բանաձեւից հետո էլ չեն վերադարձրել ապօրինի առգրավված համակարգիչները, գրականությունը, անձնական իրերը եւ շարունակվել են ձերբակալությունները: Ինչի՞ մասին է խոսքը՝ բոլոր հանրահավաքներից հետո, իսկ վերջին շրջանում՝ նաեւ դրանցից առաջ, կատարվել են «կանխարգելիչ» ձերբակալություններ: Չունեցանք հնարավորություն այս ամենը մանրամասնելու, թեեւ նախապատրաստել էինք տեղեկանք»: Որոշ դիտարկումներ մեջբերենք Աղասի Արշակյանի նախապատրաստած այդ գրավոր տեղեկանքից: Նա նշել էր, թե Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն արտոնում խաղաղ հավաքները, այլ 2 շաբաթվա ընթացքում 3 ընթերցմամբ արագացված ռեժիմով ընդունեցին «Ցույցերի մասին» նոր օրենք, որն «ուղղակիորեն հակադրության մեջ է ՀՀ Սահմանադրության ու Հայաստանի վավերացրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ»: Նաեւ մատնանշել էր, թե խոսք անգամ չի կարող լինել «վերջին իրադարձությունների անհապաղ հետաքննությունների մասին», որ բանաձեւի պահանջն է: «Չեն հայտնաբերվել իրավապաշտպան Միքայել Դանիելյանին եւ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանին դաժան ծեծի ենթարկած անձինք,- գրել էր պրն Արշակյանը:- Չեն պատժվում մանկավարժ Վիրաբյանին խոշտանգելով ամորձահատության հասցրած ոստիկանները, թեեւ հայտնի են նրանց անունները: Նախագահամերձ օլիգարխների միջավայրից շուրջ 2 տասնյակի հասնող «չաշխատող» սափրած գլուխներից, ովքեր ջարդել էին 4-5 տեսախցիկ, 2 լուսանկարչական սարք ու ծեծել լրագրողների՝ ընդամենը երկուսն են «կանգնել» դատարանի առաջ (ընդ որում մեկը՝ ուրիշի փոխարեն) եւ արժանացել ընդամենը 180 դոլար տուգանքի»: Աղասի Արշակյանը եւս մեկ անգամ շեշտեց, թե իրենց նախաձեռնությունը՝ կետ առ կետ անդրադառնալ բանաձեւի կատարմանը՝ «ընկալման չարժանացավ»: Ու մեր հարցին՝ նման հանդիպումից ու Յասկերնիայի տրամադրվածությունից դատելով՝ հնարավո՞ր է, որ նա այնուամենայնիվ անաչառ, անկողմնակալ ու համակողմանի զեկույց ներկայացնի ԵԽԽՎ հունիսի 21-ից մեկնարկելիք նստաշրջանում՝ «ԱՄ» խմբակցության անդամը պատասխանեց. «Ճիշտն ասած, դաստիարակությունս թույլ չի տալիս խախտել անմեղության կանխավարկածը: Բա՛յց: Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ զեկույցը կլինի իրականությանը մոտ կամ այնպիսին, ինչպես զգում է մեր հասարակությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել