Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ ՀԱՐՑԵՐԻ ՀԱ՞ՐՑ

Հունիս 16,2004 00:00

«Առավոտին» ուղղված նամակում Սայաթ-Նովայի անվան դպրոցի որոշ մանկավարժներ ու ծնողներ մտահոգված են. «63-ամյա դպրոցի բարի համբավն այսօր խաթարված է Տ. Հեքեքյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո»։

Ըստ նամակագիրների, այն կարգախոսը, որ հրամցրել է նորանշանակ տնօրենը դպրոց ոտք դնելու առաջին օրվանից, այն է՝ սիրել եւ ընդառաջել երեխային, կապ չունի այն մթնոլորտի հետ, ինչն այսօր առկա է դպրոցում։ Ստեղծված իրավիճակի «մեղավորը» դպրոցի երգչախումբն է։ Ավելի պարզ՝ աշակերտների հաճախելիությունը երգչախմբի փորձերին, որ դարձել է ուսումնական պրոցեսի հարցերի հարցը։ Նամակագիրները նշում են, որ այս հարցը նախկինում էլ է եղել, բայց դպրոցի ղեկավարությունը ամեն ինչ հարթել է՝ ելնելով երեխայի շահերից ու առաջին հերթին նրա գերծանրաբեռնվածության աստիճանից, որը կարող է բերել երեխայի առողջական վիճակի վատթարացման։ «Երգչախմբի փորձից յուրաքանչյուր բացակայություն իջեցնում է աշակերտի գնահատականը, չի թույլատրվում մասնակցել մասնագիտական քննություններին։ Օրերս էլ ծեծկռտուք է տեղի ունեցել ծնողի ու փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանի միջեւ»,- գրված է նամակում։

Այս առիթով հանդիպեցինք դպրոցի տնօրեն Տ. Հեքեքյանին, միանգամից փոխանցելով քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանի՝ «Առավոտին» հաղորդած տեղեկատվությունը։ Ըստ քաղաքապետարանի 2002-03 ուստարվա ժամանակավոր ծրագրի 1952-Ա որոշման (2002թ. հոկտեմբերի 28), հաստատված է արվեստի ու երաժշտական դպրոցների տիպային ծրագիր, որում որպես պարտադիր առարկաներ նշված են մասնագիտությունը, սոլֆեջիոն եւ երաժշտական գրականությունը։ Իսկ ըստ ընտրության առարկաների ցանկում՝ երգչախումբը, նվագախումբը, գեղարվեստական նվագակցությունը, կոմպոզիցիան։ 2003 թ. փետրվար-մարտ ամիսներին երաժշտական դպրոցները դարձել են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ եւ գոյատեւում են հիմնականում աշակերտներից գանձվող ուսման վարձի հաշվին։

Պարոն Հեքեքյանը չհերքեց ծնողների դժգոհությունը՝ կապված երգչախմբի դասաժամերի հետ, բերելով հետեւյալ օրինակը. «Երբ 1 կգ հացը վաճառվել է 100 դրամով ու հանկարծ դառնում է 110, իսկույն առաջանում է ազգաբնակչության դժգոհությունը, իսկ երբ հացի կշիռը նվազեցվում է մի քանի հարյուր գրամով ու վաճառվում նույն 100 դրամով, բնակչությունն ասես չի նկատում։ Տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց դուր է գալիս, երբ իրենց խաբում են։ Տարիներ առաջ այս հոգեբանությունն էր տիրում եւ քաղաքապետարանում. եթե բարձրացնեն ուսման վարձը, դա ակնհայտ կլիներ, որը կբերեր դժգոհությունների ալիք, բայց եթե կրճատվեն տասնամյակներ շարունակ հաստատված ու արդարացված ուսումնական ծրագրերից առարկաներ (ուսման վարձը թողնելով նույնը), դա զգացնել չի տա։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի որոշմանը, ապա ըստ ընտրության առարկաների ցանկը թողնված է դպրոցների տնօրինության հայեցողությանը»։ Ըստ տնօրենի, դպրոցն ունի իր ներքին կանոնակարգը եւ ուսումնական ծրագիրը, որ յուրաքանչյուր տարի հաստատվում է քաղաքապետարանի կողմից։ Տ. Հեքեքյանը փաստեց, որ դպրոցում սովորող 660 աշակերտներից միայն 20-ը այսօր չեն գնահատվել երգչախումբ առարկայից եւ նրանց հնարավորություն է տրվել հանձնել այդ առարկայից պահանջվող անցած երգչախմբային երկերի պարտիաները։ «Տեղեկացնեմ նրանց, ովքեր հետագայում չեն ցանկանում շարունակել ուսումը, դպրոցում իմ օրոք ստեղծված է ընդհանուր գեղագիտության բաժին, բնականաբար՝ թեթեւացված ծրագրով։ Այստեղ արդեն ըստ ընտրության առարկաների ցանկում ընդգրկված երգչախումբը, նվագախումբը եւ այլ առարկաներ դասավանդվում են ըստ աշակերտի ու ծնողի ցանկության»,- նշեց տնօրենը։ Երեխաների ծանրաբեռնվածության հետեւանքով նրանց առողջական վիճակի վատթարացման առիթով պարոն Հեքեքյանը օրինակ բերեց գերմանացի հայտնի պրոֆեսորներ Հանս Գունֆեր Բաստիանիի եւ Գունտեր Կրուեթզիի ղեկավարությամբ Ֆրանկֆուրտում անցկացված մանկավարժական-հոգեբանական հետազոտությունների արդյունքները երաժշտարվեստի ոլորտում։ Ըստ պրոֆեսորների, երգելը խթանում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ Գերմանիայում 3,2 մլն երգիչներ երգում են ավելի քան 60000 երգչախմբերում. «Հետեւություն արեք ինքներդ»։ Հանդիպման վերջում Տ. Հեքեքյանը հայտնեց իր այն մտահոգությունը, որն առնչվում է հանրակրթական դպրոցներում գեղագիտական դաստիարակչական նշանակություն ունեցող առարկաների բացակայությանը (արվեստի պատմություն, երաժշտություն, կերպարվեստ եւ այլն)։ «Իսկ երաժշտական ու արվեստի դպրոցները կոչված են լրացնելու այդ բացը եւ այսօր, երբ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս աշխատել լիարժեք ծրագրով (հանրապետության որոշ երաժշտական դպրոցներում չի անցկացվում երգչախմբի դասաժամեր, եւ ոչ միայն), նույնիսկ այս փաստի առկայության դեպքում ցանկալի չէ աշակերտներին թերի կրթել»,- նշեց Տ. Հեքեքյանը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել