Առանց դատարանի որոշման
Հայաստանում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի գաղտնիությունը պաշտպանված չէ։ Իրավապահ մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են լսել մեր հեռախոսային խոսակցությունները, ձայնագրել դրանք, կարդալ էլեկտրոնային նամակները՝ առանց դատարանի որոշման։
Սահմանադրությամբ արգելվում է խախտել անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը։ Այս իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես դատարանի որոշմամբ։ Սակայն գործող մի շարք իրավական ակտեր հակասում են սահմանադրական այս դրույթի պահանջին եւ խախտում անձի հաղորդակցության գաղտնիության իրավունքը։
Այսպես, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 284 հոդվածի 8-րդ մասը օպերատիվ-հետախուզական մարմիններին իրավունք է տալիս հսկել-վերահսկել անձի նամակները, հեռագրերը կամ այլ հաղորդակցությունը՝ 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին։ Օպերատիվ-հետախուզական մարմինները դա կարող են անել առանց դատարանի որոշման, երբ հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչական ակտի կատարմանը կամ ՀՀ պետական, ռազմական, բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների։
Մայիսին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որը եւս վտանգում է հաղորդակցության գաղտնիության իրավունքը։ Օրենքը՝ «Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը», օպերատորներին կամ ծառայություններ մատուցողներին իրավունք է տալիս բացահայտել իր բաժանորդների հաղորդագրությունները «քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որեւէ սպառնալիքի, հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ»։ Ընդ որում, օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չի կրում տեղեկությունների բացահայտման հետեւանքով սպառողին պատճառած վնասի համար: Օպերատորները եւ ծառայություն մատուցողները պարտավոր են ապահովել իրավապահ եւ ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ներառյալ գաղտնալսումները՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
Նշենք, որ այս նոր օրենքի ընդունմամբ, փաստորեն, օրենքի ուժ ստացան Կառավարության 1999թ. հունիսի 26-ի թիվ 441 եւ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի 2001 թ. դեկտեմբերի 18-ի N5/31 որոշումները, որոնք թեեւ հակասում են Սահմանադրությանը, բայց հաջողությամբ կիրառվում են։ Այսպես, տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի 2001 թ. դեկտեմբերի 18-ի N5/31 որոշմամբ՝ Հայաստանում գործող օպերատորներին եւ ինտերնետ մատակարարող ընկերություններին (Արմինկո, Վեբ, Ինտերնետ, Խարտիա եւ այլն) տրված լիցենզիաները համալրվեցին եւս մեկ պայմանով այն մասին, որ այս ընկերությունները պատավոր են ազգային անվտանգության մարմիններին անվճար տրամադրել սարքավորումներ եւ միջոցներ հեռահաղորդակցության լսումներ իրականացնելու համար։ Սա լիովին բավական է մեր ողջ էլեկտրոնային նամակագրությունը վերահսկելու, կարդալու եւ արխիվավորելու համար։ Իսկ նամակագրության վերահսկողության իմաստն այն էր, որ համապատասխան հաստատությանը հանձնարարվում էր պահել կոնկրետ անձի ուղարկած կամ նրա կողմից ստացվող նամակները։
Նույնպիսի պահանջ դրվեց նաեւ ԱրմենՏելի վրա՝ կառավարության թիվ 441 որոշմամբ, որի համաձայն անհրաժեշտության դեպքում ԱրմենՏելը պետք է սարքավորումներ տրամադրի ազգային անվտանգության մարմիններին հեռախոսային խոսակցությունները լսելու նպատակով։
ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ
«Տեղեկատվության ազատության պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ