Տավուշը Հայաստանի գեղեցիկ վայրերից է: Սակայն զբոսաշրջիկները հազվադեպ են այստեղ այցելում:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնում, սննդամթերքի խանութներից մեկի պատին գրված է՝ պատճենահանում: Ես մտա ներս՝ պատճենահանելու Բերդի հյուրանոցում ապրող քաղաքացիներից մեկի՝ մարզպետարանից ստացած գրությունը: Խանութի աշխատակիցը՝ 60-ն անց մի տղամարդ, ձեռքիցս վերցրեց թուղթը եւ սկսեց կարդալ: Ես զարմացած նայում էի նրան, հարցրի՝ ինչո՞ւ եք կարդում: Նա, աչքերը թղթից չհեռացնելով, պատասխանեց. «Մեզ զգուշացրել են, որ վտանգավոր բաներ չբազմացնենք»: «Ի՞նչ է նշանակում վտանգավոր բաներ»,- հարցնում եմ: «Դե, թռուցիկ-մռուցիկ, էլի»,- պատասխանում է նա:
Երեւան-Բերդ 170 կիլոմետրանոց ճանապարհը, որ անցնում է Ճամբարակով, տեղ-տեղ հիմնովին քանդված է:
Բերդի միակ հյուրանոցում ջուր չկա: Զուգարանում դույլով ջուր է դրված: Իսկ սենյակներում անջուր զուգարանի հոտն է: Դրա համար էլ Բերդ եկողներն աշխատում են այստեղ չգիշերել: Մեծ հյուրանոցում երկու զինվորներ էին, ես, լուսանկարիչն ու մեր վարորդը:
Մարզում իշխանավորների այցելություններն իրենց գագաթնակետին են հասնում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շրջանում: Թեկնածուներն իրենց շքախմբերով, «Ջիպերին» խոստումներ բարձած՝ գալիս, ասում են, թե աշխատատեղեր են բացելու, ներդրումներ են անելու, գյուղացուն պարարտանյութ են տալու, վարկեր են բաժանելու: Եվ այսպես՝ 4-5 տարին մեկ: Այդ ընթացքում տավուշցիների կյանքում շատ քիչ բան է փոխվում: Աղքատության մեջ գտնվողները մի քանի աստիճան ներքեւ են գլորվում, եւ աղքատությունը դառնում է կենսակերպ, թերսնվածությունը՝ սովորական ու տանելի:
Գրիգորը 3-րդ դասարանից լքել է դպրոցը: «Հիմա ի՞նչ ես անում»,- հարցնում եմ ես: «Սամվելի խանութում գործ եմ անում, ալյուր-մալյուր եմ թափում»: Գրիգորը օրական 500 դրամ է վաստակում եւ դրանով ընտանիքի որոշ հարցեր լուծում: Նրանց տանն ութ երեխա կա: Ապրում են մեկ սենյականոց տնակում, առանց ջրի, զուգարանի: Երեխաների մայրը՝ Շահնազարյան Էմման, հոգեկան հիվանդ է: Մեծ տղան՝ Տիգրանը, բանակում է, մնացածը տանն են: Դպրոցական տարիքի 6 երեխաներից ոչ մեկը դպրոց չի գնում: Պատճառները բազում են՝ շոր չունեն, դասագրքեր չունեն, ուտելիք չունեն, բնակարան չունեն…
Քիչ հետո ներս մտավ երեխաների հայրը՝ Ավալյան Արթուրը: Նրա ասելով՝ ընտանիքը ստանում է 22 հազար դրամ նպաստ: «Այդ փողը ալյուրին էլ չի հերիքում, միայն հաց ենք ուտում: 6 օրում մի պարկ ալյուրը վերջանում է, հնարավոր չէ պահել էսքան երեխեքին: Ես վարորդ եմ, մեքենայով բեռներ եմ տեղափոխում, բայց չեմ հասցնում, մի կերպ եմ յոլա տանում: Ես չեմ ասում ձեռքերս ծալած նստել եմ, որ ինչ-որ մեկն ինձ պահի, աշխատում եմ, բայց չեմ հասցնում: Ոչ մեկից բան չեմ ուզում, միայն մի տուն ունենամ, իմը լինի՝ վերջ: Հինգ տղա ունեմ բանակին տալու: Մեծ տղաս աշնանը կգա, էս մյուսը կգնա: Ես ամաչում եմ մեկին իմ տուն հրավիրել»,- ասում է Արթուրը:
«Քոչարյանին նախընտրականի ժամանակ, երբ այստեղ էր, նամակ փոխանցեցի, մինչեւ հիմա ոչ մի պատասխան չկա, կարող է եղել է, չեն էլ ասել՝ չգիտեմ»,- շարունակում է իր պատմությունը Արթուրը: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարզում կրթությունից դուրս մնացած 43 երեխա կա: Նրանք հիմնականում գյուղերի այն երեխաներն են, որոնք ընտանիքներով բարձրանում են սար՝ անասունները պահելու: Չնայած մարզպետարանի ներկայացուցչի տվյալներով Բերդում կրթությունից դուրս մնացած երեխաների թիվն ամենափոքրն էր մարզի բնակավայրերում՝ մեկ օրվա ընթացքում մենք Բերդում հանդիպեցինք 13 նման երեխայի: Ակնհայտ է, որ շատերը հաշվառումից դուրս են, եւ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը:
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ