Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ինքնիշխանությանը վտանգում է Ռուսաստանը»

Հունիս 16,2004 00:00

Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը

– Պրն Սուրենյանց, 2 ամիս կալանքի տակ մնալուց եւ ազատ արձակվելուց հետո մի առիթով խոստովանեցիք, որ դեռ բավարար չափով չեք տիրապետում ճաղերից այս կողմ կատարվող գործընթացներին: Որոշակի ժամանակ արդեն անցել է: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության գործողություններն անցած երկու ամիսների ընթացքում:

– Ընդդիմությունն այդ ընթացքում ունեցել է եւ հաջողություններ եւ ձախողումներ: Գլխավոր հաջողությունը համարում եմ այն, որ ընդդիմությանը հաջողվեց Հայաստանին հուզող հիմնախնդիրների վրա հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը, մասնավորապես, ԵԽ ԽՎ-ի հատուկ վերաբերմունքն եմ ուզում շեշտել: Իշխանամետ ճամբարի այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք այս երեւույթը համարեցին դավաճանություն, ցավոք, նրանց մտածողությունը մնացել է 19-րդ դարի կամ կոմունիստական ժամանակաշրջանի մակարդակի վրա: Որովհետեւ մենք Եվրոպայի մաս ենք դարձել ինքնակամ, Սահմանադրություն ենք ընդունել ինքնակամ եւ այսօր պարտավոր ենք ապրել քաղաքակիրթ աշխարհի խաղի կանոններով: Ընդդիմության ամենամեծ բացթողումը համարում եմ այն, ինչի մասին ասել եմ մինչեւ ապրիլի 4-ը եւ կրկնում եմ նաեւ հիմա՝ ընդդիմությունը իր արժեքային կողմնորոշումները բանաձեւելու խնդիր ունի: Այսինքն, պետք է հստակ պատասխանի մի շարք հարցերի՝ ո՞րն է Հայաստանի դերն ու տեղը աշխարհում, տարածաշրջանում, ո՞րտեղ է մեր երկրի անվտանգության համակարգը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հնարավորություն կտան ավելի ընկալելի լինել մեր հասարակության եւ արտաքին աշխարհի համար:

– Կարծում եք ընդդիմության այս ֆորմատը, որի կազմում ձեր մատնանշած հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեցող տասնյակից ավելի կուսակցություններ կան, հնարավո՞ր է առանց իրար հետ հակասությունների մեջ մտնելու միասնական տեսակետ ձեւավորել եւ ներկայանալ հասարակությանն ու միջազգային հանրությանը:

– Անկեղծ ասած, մեծ կարեւորություն չեմ տալիս ընդդիմության ձեւաչափերին, որովհետեւ կա հասարակություն, որի պրոբլեմն իշխանության հետ է, ոչ թե այս կամ այն կուսակցության:

– Բայց դա հասարակության համար, իսկ արտաքին աշխարհի՞:

– Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելու ընթացքում կձեւավորվի այն կենսունակ ձեւաչափը, որը կարող է իշխանափոխություն իրականացնել: Որովհետեւ, անկեղծ ասած, ես իշխանության պահպանման ռեսուրսներ չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ բավարար չէր փոփոխություն առաջացնելու ռեսուրսը, իսկ իմ արած հարցադրումներին պատասխան տալը բավարար կլինի իշխանափոխություն իրականացնելու համար:

– Այստեղ հակասություններ կան: Մի կողմից՝ կարեւորում եք հասարակության գործոնը իշխանափոխության համատեքստում, մյուս կողմից՝ կարեւորում եք «դրսի» համար հասկանալի լինելը: Վերջինիս համար ընդդիմությունն իր այս ձեւաչափով, կարծում եք, հասկանալի՞ է, նկատի ունենալով դրանում ընդգրկված կոմունիստների, արեւմտամետների եւ ռուսամետների առկայությունը: Ի վերջո, ԵՄ դրոշներով հանրահավաքի գալը դեռ չի նշանակում, որ, ասենք, կոմկուսը կրում է այն արժեքները, որոնք դավանում են Եվրոպայում:

– Իմ պատկերացրած արժեքները տեղավորվում են 21-րդ դարի չափանիշներում: Այսինքն՝ դրանք պետք է բխեն ժամանակակից պետության մոդելից: Կրկնում եմ, որ այն մագիստրալ քաղաքական ուժերը՝ «Հանրապետություն», ՀԺԿ, «Ազգային միաբանություն», կհստակեցնեն իրենց համար արժեքային այս համակարգը, մյուսներն իրենք կորոշեն՝ իրենք այդ արժեքներին դավանում են, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է ընդդիմության ձեւաչափին, ապա, իմ կարծիքով, ՀՀ-ում իշխանափոխություն կարող է իրականացնել քաղաքական ուժ՝ անկախ ձեւաչափից, որն առաջնորդվում է ժամանակակից աշխարհի չափանիշներով, ովքեր երկրի անվտանգության համակարգի հիմքում չեն դնում երրորդ պետության գործոնը, ովքեր եվրոպական արժեքները համարում են ոչ թե իմիտացիա, այլ՝ գործունեության, զարգացման նպատակ: Իսկ ձեւաչափերը կարող են փոխվել: Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքներում առկա ԵՄ դրոշներին, ապա ես դրանք համարում եմ ոչ թե աշխարհաքաղաքական, այլ՝ արժեքային համակարգի կողմնորոշման դրսեւորում, որը հույս ունեմ առաջիկա ամիսների ընթացքում կառարկայանա: Դա հավատարմություն է ոչ թե կոնկրետ եվրոպական երկրին, այլ՝ այն արժեքային համակարգին, որն արտահայտված է 1991-ի սեպտեմբերի 21-ին կատարած մեր ընտրության մեջ:

Ուզում եմ նաեւ շեշտել, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի առկա խնդիրներից, պետք է վերլուծեն նաեւ մեր երկրի ինքնիշխանության համար վտանգավոր մարտահրավերները: Այսինքն, ինձ համար ակնհայտ է, որ այսօր ՀՀ ինքնիշխանության ամենամեծ վտանգը գալիս է Ռուսաստանից, որին, ցավոք, պետք են մեր երկրում թույլ եւ վարկաբեկված, ոչ օրինական իշխանություններ:

Զրուցեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել