Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԱՉՔԵՐ ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Հունիս 16,2004 00:00

Վստահեցնում
է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը
Մայիսի վերջերին Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը, պատվիրակության այլ անդամների՝ շվեդական պառլամենտում կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Թոմաս Հերբերգի եւ ԵԱՀԿ վեհաժողովում մեր տարածաշրջանի պատասխանատու Թինա Շանի ուղեկցությամբ։ Ինչպես եւ խոստացել էր այս տարվա փետրվարյան այցի ժամանակ, պարոն Լենմարկերը այցելեց Ղարաբաղ, այնտեղ հանդիպումներ ունեցավ պետության ներկայացուցիչների, փախստականների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ղարաբաղյան այցի ժամանակ Գյորան Լենմարկերին ուղեկցում էր ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը։ Մեր խնդրանքով պարոն Հովհաննիսյանը որոշ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց այցից եւ պարոն Լենմարկերի տպավորություններից. «Միակ բանը, որ մենք ակնկալում էինք եւ այժմ էլ ակնկալում ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցչից եւ նրա առաքելությունից, դա անաչառ եւ օբյեկտիվ մոտեցումն է Ղարաբաղի հարցին։ Անընդհատ խոսվում է այս կամ այն դիվանագիտական առաքելության պրոհայկական կամ պրոադրբեջանական լինելու մասին։ Կարծում եմ, այս բոլոր խոսակցությունները տեղին չեն եւ Հայաստանը, ինչպես նաեւ Ղարաբաղը, միայն եւ միայն շահագրգռված են անաչառ մոտեցման մեջ։ Վերջապես ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, որին ես համարում եմ այս ամբողջ իրավիճակի ամենից մասնագիտացված կազմակերպությունը, հիմա էլ իր մեկ ուրիշ՝ պառլամենտական թեւով մասնակից է լինում Ղարաբաղի խնդրի ուսումնասիրությանն ու քննարկմանը։ Այս կազմակերպությունը տասնյակ տարուց ավելի մասնակից լինելով պրոցեսին եւ իր Մինսկի խմբով լուծումներ առաջարկելով, յուրաքանչյուր նոր առաջարկությամբ ավելի ռեալիստական հիմքեր է դնում եւ դրանք մեզ սկսում են ավելի ու ավելի հարազատ թվալ։ Այսինքն, սա ապացույց է մեր դիրքերի ճշմարտության։ Այս առումով մենք շատ ջանք գործադրեցինք, որպեսզի կազմակերպենք պարոն Լենմարկերի այցը Ղարաբաղ։ Բաքվում առկա հիստերիան՝ Հայաստանով դեպի Ղարաբաղ Լենմարկերի այցելության հետ կապված, ապացույց է, որ Ադրբեջանը չի կարող ապահովել մարդկանց անվտանգ երթեւեկությունը Ղարաբաղ։ Չի կարող, ուրեմն այդ տարածքը իրենը չէ»։

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից ինքը միայնակ է ուղեկցել Լենմարկերին (Արարատ Մկրտչյանը անձնական պատճառներով չէր կարող մասնակցել), իսկ Արտաշես Գեղամյանը «չեկավ, ինքը բոյկոտի քաղաքականություն է վարում, այդ թվում նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի անմիջական շահերին վերաբերող հարցերում չի համագործակցում մեզ հետ»։ Հարցազրույցից հետո պարոն Հովհաննիսյանի այս գնահատականը փոխանցեցինք Արտաշես Գեղամյանին։ Վերջինիս պատասխանը համարժեք էր. «Ուրախ եմ Վահան Հովհաննիսյանի համար, քանի որ իրեն թվում է, թե հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված ինքը որեւէ դերակատարություն ունի»։

ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ղարաբաղ կատարած այցից հետո Գյորան Լենմարկերը հասկացավ, որ Ղարաբաղը մերն է։ Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, Լենմարկերը Ղարաբաղի խորհրդարանում հանդիպման ժամանակ ասել է՝ ինքը հասկացել է, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի տեսակետը հաշվի առնելու։ «Սա մեզ համար ամենակարեւորն է,- ասաց Վ. Հովհաննիսյանը,- վերջապես մենք ինչ-որ անիրականանալի բաների չենք ձգտում։ Ընդամենն ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ ժողովրդի տեսակետը հաշվի առնվի։ Մենք մաքսիմալիստական պահանջներ չենք դրել եւ պարոն Լենմարկերը դա հասկացավ։ Օրերս նա ինձ նամակ է հղել, որում շնորհակալություն է հայտնում, որ հնարավորություն ստացավ այցելել Ղարաբաղ, եւ որ այդ այցը օգնել է իրեն ավելի լավ հասկանալ իրավիճակը, հատկապես փախստականների եւ բնակության վայրը փոխածների մասով»։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում հաճախակիացել են այցերը Ղարաբաղ։ Այս հերթական այցը ինչո՞վ է օգնելու Ղարաբաղի խնդրի կարգավորմանը. «Մինսկի խմբի համանախագահությունը, ի վերջո, ԵԱՀԿ-ի նախաձեռնությունն է։ Գյորան Լենմարկերի առաքելությունը՝ նույնպես։ Հուլիսի 5-ին ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստում կլսվի պարոն Լենմարկերի զեկույցը»։ Սակայն, ըստ Վահան Հովհաննիսյանի, որեւէ միջազգային կառույցի որոշումից կամ փաստաթղթից արմատական փոփոխություններ սպասել չարժե. «Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը, նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, որեւէ եվրոպական կամ միջազգային կառույցի որոշումից արմատական փոփոխություններ են ակնկալում։ Սա սովետական մտածելակերպի արդյունք է։ Մենք դեռ շարունակում ենք մտածել, որ կլինի ռեզոլյուցիա, որը պետք է կատարել մահվան գնով։ Վաղուց պետք էր հասկանալ, որ այլեւս այդպես չէ»։

Վահան Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել նաեւ՝ հնարավո՞ր է Հայաստանի իշխանություններին ղարաբաղյան խնդրում պարտադրվի ոչ ձեռնտու տարբերակ. «Ոչ, որովհետեւ Հայաստանը ինքնուրույն երկիր է եւ մեր աչքերը կապելը շատ դժվար է, որովհետեւ մենք աչքեր ունենք նաեւ Հայաստանից դուրս։ Մենք պետություն ենք եւ մեր պետության աչքերը կապել հնարավոր չէ։ Մենք վերահսկում եւ տիրապետում ենք բոլոր գործընթացներին։ Դա նշանակում է նաեւ, որ գիտակցում ենք այդ պրոցեսների ոչ բարենպաստ արտահայտությունները»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել