Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբյուրակապն անձեռնմխելի է

Հունիս 15,2004 00:00

Աղբյուրակապն անձեռնմխելի է Կամ՝ քեֆ անողին քեֆ չի պակսի Հանրապետության տարածաշրջաններում, առանց Երեւանի, մայրուղային ջրագծերը ձգվում են 4120, իսկ ներքին ցանցերը՝ 6120 կմ։ Դրանց սպասարկում են 123 խումբ աղբյուրներ՝ իրենց 584 կապտաժներով, 176 արտեզյան եւ խորքային հորերով, 29 գետային ջրընդունիչ կայաններով, որոնք տնօրինում ու շահագործում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն։ Հիշյալ ինժեներական կառուցվածքները 15-50 տարվա վաղեմության են եւ արդեն 2 տասնամյակ է, ինչ նույնիսկ ընթացիկ նորոգման բախտին չեն արժանանում։ Արդյունքում՝ ամենօրյա վթարներ են, ջրամատակարարման խափանումներ։ Դա դեռ քիչ է, շատերը սովորել են ըստ ցանկության օգտագործել աղբյուրակապերը (կապտաժները), առանց մտածելու, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն եւ համարվում են խիստ ռեժիմի սանիտարական գոտիներ։ Սանիտարական պաշտպանական գոտիներում անասուններ են արածեցնում, մշակաբույսեր աճեցնում, պարարտանյութեր կիրառում, երբեմն կտրելով երկաթե ցանցը՝ թափանցում են անձեռնմխելիության կարգավիճակ ստացած առաջին գոտի եւ ջրահավաք հորի շրջակայքում կրակ վառում, կերուխում անում, վերջում սննդի մնացորդները, դատարկ շշերը թողնում ու հեռանում։ Ոմանք չեն մոռանում ջարդել նաեւ հորի շուրջբոլոր թափված բետոնը։ Օրինակ, Վանաձորը հանգստի գոտի է։ Այստեղի ճամբարները, առողջարանները սնվում են «Մայմեխի» ջրատարից, որին սպասարկող կապտաժը հենց այս գեղատեսիլ վայրում է։ Ցավոք, մեկ անգամ չէ, որ արգելված այս գոտում ժամերով տեր ու տնօրինություն են արել արկածախնդիր քեֆչիները։ Այդ ամենը կարող է ջրի աղտոտման եւ տարափոխիկ հիվանդությունների առաջացման ու տարածման պատճառ դառնալ։ Ճիշտ է, տարածքը վերահսկվում է, բայց պահակը առանձնապես բարձր չի վարձատրվում, զինված չէ ու կյանքի գնով չի պաշտպանի կառույցը, մանավանդ որ շատերը բռնության սպառնալիքով են թափանցում ներս։ Այդ հարցի կարգավորման համար մեծ դեր կարող են ունենալ մարզպետարանները, գյուղապետարանները, իրավապահ մարմինները եւ համապատասխան ծառայությունները։ ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել