Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատից անդին

Հունիս 15,2004 00:00

Ճակատից անդին Հայաստանի քաղգործիչներից մեկը ժամանակին «իմաստնացել էր», թե մեր երկիրն իր չորս հարեւաններից առնվազն երեքի հետ ունի ճակատ, եւ միայն մեկի հետ՝ սահման: Երեկ ճակատային գծից անդին, հանդիպել են Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Վերջինս պատասխան պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի, եւ ինչպես հաճախ է պատահում նրա վերջին այցերի ժամանակ, Ալիեւը մի քանի «հյութալի» ադրբեջանանպաստ հայտարարություն է կորզել հյուրընկալող երկրի նախագահից: Համատեղ ասուլիսի ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանն ու Ադրբեջանը խաղաղ ճանապարհով «պայքարելու են ագրեսիվ անջատողականության դեմ», հավելելով. «մեր երկրների տրոհվածությունը հեռանկար չունի, կա միայն տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկար»: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, Իլհամ Ալիեւի Կիեւ կատարած այցի ժամանակ, նույն հանգույն շատ ավելի ցցուն հայտարարություն էր արել Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Չնայած այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի ծավալած բեղուն գործունեությանը, Կուչման նպատակահարմար էր գտել «իրերը կոչել իրենց անուններով» եւ համարել էր, որ «վաղուց եկել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու ժամանակը»: Այսօրինակ հայտարարություններն, իհարկե, մեզ համար վնասակար լինելով, հաճախ արդյունք են միջպետական հարաբերությունների ոչ միանշանակ կոնյուկտուրայի, հետեւաբար՝ երբեմն անհարկի քաղաքականացված են: Մինչդեռ, կոնկրետ Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում այս երկու հարավկովկասյան երկրների հարաբերությունները վաղուց արդեն քաղաքական կոնյուկտուրայից վերաճել են ռեալ տնտեսական փոխշահավետ համագործակցության: Վերջիններիս մասնակցությամբ իրականացվող տրանսազգային էներգետիկ նախագծերի մասին շատ է խոսվել, ուստի՝ այս հրապարակման մեջ դրանց չենք անդրադառնա: Սակայն Իլհամ Ալիեւի Թբիլիսյան այցի ժամանակ որոշակիացվել է, որ ոչ հեռու ապագայում նրանց համատեղ ծրագրերին գումարվելու են նորերը, որոնք իրենց կարեւորությամբ գրեթե չեն զիջում արդեն հայտնի նախագծերին: Այսպես. երկու նախագահների ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երկաթուղու շինարարության միջազգային կոնսորցիում ստեղծելու իրենց մտադրության մասին: Մ. Սահակաշվիլին իր հերթին հավելել է, թե Ադրբեջանի, Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի տարածքով անցնող երկաթգիծը Թուրքիան Չինաստանի հետ կապող ամենակարճ ճանապարհն է, իսկ այդ նախագիծն ամբողջությամբ, որի համար կպահանջվի մոտ $800 հազար, «չափազանց կարեւոր կլիներ ամբողջ տարածաշրջանի զարգացման տեսակետից»: Դժվար չէ նկատել, որ Սահակաշվիլու օգտագործած «ամբողջ տարածաշրջան» արտահայտության մեջ Հայաստանը կարծես թե չի տեղավորվում, ինչն առավել, քան հասկանալի է: Տրամաբանությունը հուշում է, որ թանկարժեք հաղորդակցական ուղիները պարզապես չեն կարող հատել ճակատային գծերը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել