ՀՀ-ՈՒՄ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ ՄԻ ՀՐԱՀՐԵՔ Շաբաթ օրը Եժի Յասկերնիային հորդորել էր «ԱՄ» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Հայաստանի հարցով զեկուցող Եժի Յասկերնիայի գլխավորած պատվիրակությունն անցած շաբաթ օրը ԱԺ-ում հանդիպեց խորհրդարանական պատվիրակության անդամների, հանձնաժողովների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ այդ կազմակերպության ինչպես հունվարին, այնպես էլ ապրիլին ընդունած բանաձեւի կատարման ընթացքին ծանոթանալու համար: Ու քանի որ այս՝ հատկապես ԱԺ կոալիցիայի ներկայացուցիչների հետ, հանդիպմանը ԶԼՄ-ները մանրամասնորեն են անդրադարձել, մենք կսահմանափակվենք ԵԽ ԽՎ դիտարկման խմբի ղեկավարի՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումով, առավել եւս, որ որքան հասկացանք վերջիններիս՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ զրույցից, նրանք հիացած չէին պարոն Յասկերնիայի հետ հանդիպումից: Նրանց տպավորությունները եթե ամփոփելու լինենք, պետք է նկատենք, որ ԵԽ ԽՎ դիտարկման խմբի ղեկավար Ե.Յասկերնիան, ինչպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների կամ իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ էր, ավելի շատ հակված է եղել համոզելու, թե ՀՀ իշխանությունները երկրում անցած ամիսների ընթացքում ժողովրդավարության խորացման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրել: Ի դեպ, նա շաբաթ օրը լրագրողներին այսպես բացատրեց վստահության հանրաքվեի շուրջ իր ունեցած մեծ հետաքրքրությունը. «Որպես սահմանադրական իրավունքի մասնագետի ինձ այդ հարցը հետաքրքրում է ոչ միայն իրավական, այլեւ՝ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ այդ որոշումը որոշակի հակասություն է պարունակում՝ հաշվի առնելով, որ մի կողմից՝ ընտրություններն օրինական են ճանաչվել, մյուս կողմից՝ առաջարկվել է վստահության հանրաքվե անցկացնել: Դա ոչ տիպիկ որոշում է»: Նա միաժամանակ հավելել է, որ թեեւ այդ հարցը ԵԽ ԽՎ իրավասություններից դուրս է, բայց իր համար, որպես՝ մոնիտորինգի զեկուցողի, պետք է մինչեւ վերջ պարզել այդ հարցը: Զարմանալին այն է, որ Ե.Յասկերնիան իր եռօրյա այցի ընթացքում հանդիպումների ժամանակ բանաձեւ պահանջներին ու մասնավորապես մարդու իրավունքների ոտնահարման փաստերին ուշադրություն դարձնելու փոխարեն ավելի շատ շեշտադրումներն արել էր հենց վստահության հանրաքվեի վրա, որը պարզվում է, ԵԽ ԽՎ իրավասություններին ամենեւին չի առնչվում: Մնում է ենթադրել, թե՝ ինչու: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ըստ պրն Յասկերնիայի, նրանք նպատակադրված են իրականացնել ԵԽ ԽՎ ապրիլյան բանաձեւի դրույթները: Ընդ որում, որպես դրա օրինակ նա մատնանշեց Վաղարշակ Հարությունյանի ազատ արձակման փաստը: Այդ առնչությամբ մասնավորապես «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էր նկատել, թե՝ ինչպես կարելի է համարել, որ իշխանություններն օրինականության դաշտ են վերադարձել, երբ, ասենք, Վաղարշակ Հարությունյանին ազատել են՝ փոխելով միայն խափանման միջոցը, մինչդեռ նրա նկատմամբ հարուցված քրգործը դեռեւս կարճված չէ ճիշտ այնպես, ինչպես կարճված չէ քրգործը դաշինքի ու նրան հարող անձանց դեմ: Խմբակցության պատգամավոր Արամ Գ.Սարգսյանի ասելով, հանդիպման ժամանակ Ստ.Դեմիրճյանը հստակ ասել է, թե դաշինքը հատկապես ինչ հարցերի վրա է ուշադրություն դարձնում, հավելելով, թե՝ «այս մթնոլորտում, երբ իշխանությունները չեն վերադարձել օրինականության դաշտ, նրանց հետ երկխոսություն հնարավոր չէ: Մենք ԱԺ կվերադառնանք միայն այն դեպքում, երբ կկատարվեն ԵԽ ԽՎ բանաձեւի եւ մեր պահանջները»: «ԱՄ» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ հանդիպումից հետո լրագրողներին ասաց. «Դեռ առավոտյան հանդիպման ժամանակ ես պարոն Յասկերնիայի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ հունիսի 12-14-ին նա ունենալու է 23 հանդիպում, որոնցից 2-ն է ընդամենը ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ես իրեն հուշեցի, որ պետք չէր նեղություն քաշել, գալ, հասնել Հայաստան եւ ընդամենը ընդդիմության 2 գործչի հանդիպեր: Կարելի էր խնդրել Տ.Թորոսյանին բոլորի փոխարեն այն վիթխարի հաջողությունները, որոնք արձանագրել են իշխանությունները ժողովրդավարության խորացման հարցում, ուղարկել Ստրասբուրգ եւ գործը դրանով ավարտվեր: Երկրորդ հանդիպման ժամանակ մանրամասնեցի այն խայտառակ իրավիճակը, որում հայտնվել է ՀՀ-ն»: «ԱՄ» ղեկավարն անդրադարձել էր նաեւ Ե.Յասկերնիայի ունեցած այն ինքնատիպ տեղեկություններին, թե Ա.Գեղամյանը ընդդիմադիր է դարձել, որովհետեւ նրան ՀՀ վարչապետ չեն նշանակել: «Ես ցավում եմ, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավարին կարողացել են ներքաշել բամբասանքի հարթություն: Ես իրեն ասացի, որ այս իշխանությունները գիտեն, որ վարկաբեկվում է այն քաղաքական գործիչը, ում անունը կապվում է գործող իշխանությունների հետ եւ նրանք Գեղամյանին վարկաբեկելու այդ ճանապարհն են ընտրել»: Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ակնկալիք կա, որ Յասկերնիայի զեկույցն օբյեկտիվ կլինի, պրն Գեղամյանն ասել էր. «Ես հուշեցի պարոն Յասկերնիային, որ եթե սուբյեկտիվ մոնիտորինգ անցկացվի, դրանով էլ ավելի կխորանա այն ճգնաժամը, որը կա ՀՀ-ում: Պարզ ասվեց՝ մի հրահրեք ՀՀ-ի ապակայունացում»: Ե. Յասկերնիան երեկ ՀՀ պաշտոնատար անձանց հետ մի շարք հանդիպումներով ավարտել է իր առաքելությունն ու այսօր կմեկնի Երեւանից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ