Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր

Հունիս 15,2004 00:00

«Հլը մի հատ են կոմ գնա»

Այսպես է բարբառում լատինական առածը։ Ընդհանուր առմամբ, մարդկանց բոլոր ժամանակներում հատուկ է եղել դժգոհելն ու բողոքելը։ Սեպագիր արձանագրություններում ու պապիրուսի գալարների վրա հայտնաբերվել են մեր վաղնջական նախնիների բողոք խոսքերը տերերից՝ թե՛ աշխարհիկ, թե՛ հոգեւոր, շրջապատող ազգերից, դրկիցներից եւ ամուսիններից, ընկերներից ու ժառանգներից, մի խոսքով՝ ամեն ինչից։ Որպես արդյունք թեւավոր խոսքեր ու ասույթներ են ստեղծվել։ Գիտական հոգեբանության տեսանկյունից, երբ մարդը բողոքում է, տեղի է ունենում բացասական էներգիայի արտամղում, յուրօրինակ լիցքաթափում. մի անգամ եւս վերարտադրելով իրեն տհաճ դեպքերը ու դրանց հետ կապված մարդկանց, անձը ձերբազատվում է դրանցից։ Ուստի բողոքելու մեջ կառուցողական պահ կա, իհարկե, որոշակի չափի ու սահմանի մեջ։

Ճակատագրի բազմադեմ աստվածուհին մեզ հաճախ չէ, որ ժպտում է, այնպես որ, բողոքելու առիթներն անսպառ են։ Բայց այսօր ինձ համար ամենացավալին քաղաքավարության եւ հատկապես տղամարդկանց ասպետականության կորուստն է։ Այդ ինչպես հանկարծ վերածվեցինք մռայլ, ժանտադեմ ու չար մարդկային զանգվածի, դժվար է ասել. իրոք անմեկնելի են Աստծո ճանապարհները։ Հույն պատմիչներից մինչեւ 20-րդ դարի շատ մեծերը ժամանակին գրել են, թե հայ կանայք ու տղամարդիկ բարյացակամ, ժպտադեմ ու քաղցրաբարո մարդիկ են եղել։ Այսօր դժվար է դրան հավատալ։ Եվ եթե չլինեին պատմավավերագրական ապացույցները, ապա կարելի էր կարծել, որ քաղաքավարության բացակայությունն ու դիմացինին քամահրելը ժառանգական առանձնահատկություններ են, սատանայական ընծա։ Այժմ տեսողական խաբկանք կարող է թվալ այն տեսարանը, երբ քո առջեւ՝ իբրեւ կնոջ, բացվում են դռները, եւ տղամարդ ուղեկիցները՝ ծանոթ թե անծանոթ, փոքր-ինչ խոնարհվելով, զիջում են ճանապարհը։ Նման առինքնող տեսարանը կարող է դառնալ կյանքիդ ջերմագույն հուշը։ Իսկ որ մեքենայի վարորդները ճանապարհը զիջեն բազմաչարչար հետիոտներին, դա արդեն հրաշքների շարքից է։

Ցանկացած հիմնարկությունում ու հաստատությունում (անգամ՝ մասնավոր, ուր պիտի որ հակառակը լիներ), հասարակական տրանսպորտում, հերթերում ձեզ սպասում են անժպիտ ու անխոստումնալից դեմքեր, դժկամությամբ տրված պատասխաններ, որոնք դուք կարող եք կորզել սկզբում աղերսագին, ապա համառ հարցապնդումներից հետո։ Ինչ վերաբերում է ձեր համեստ անձին ուղղված ենթադրական եղանակով հարցական բանաձեւերին՝ կցանկանայի՞ք արդյոք, գուցե կհամաձայնեի՞ք, կկամենայի՞ք եւ նմանատիպ այլ նրբաճաշակ ոճերին՝ ներեցեք, խնդրեմ, ձեզ նեղություն չի՞ պատճառում, պատե՞հ է առիթը…, ապա այս քաղաքավարական բառաշերտն իր ողջ բազմազանությամբ քայլ առ քայլ դուրս է մղվում հազարամյա իմ մայրենիից, փոխարինվելով՝ հլա մի հատ են կոմ գնա, յան տուր, աջ կամ ձախ քաշի, քեզ ինչ, էս ո՞վ ա… եւ այլ հանրածանոթ «մարգարիտներով»։

Ոտքերդ անողոք կտրորեն, հագուստդ կծվատեն, թեւքով կամ արմունկով կհարվածեն երեսիդ եւ մի պարզունակ «ներողություն» անգամ կզլանան ասել։ Իսկ եթե մեղանչելու դեպքում ինքդ «ներեցեք» շշնջաս, քեզ կնայեն անակնկալի եկած բազմաթիվ աչքեր, որոնց խորքում կփայլեն մոռացված հիշողություններ եւ երախտագիտության կայծեր։ Դեռեւս ամեն ինչ չէ, որ մոռացված է։ Փորձենք ինչ-որ բան անել գեթ հանուն աճող սերնդի, որի համար մեծերը միշտ օրինակ եւ հեղինակություն են։ Քաղաքավարի կենցաղավարության ու մարդկանց հետ շփման դասեր մտցնենք մանկապարտեզներում եւ ուսումնական հաստատություններում, գեղեցիկն ու նրբաճաշակը եւս քարոզչության, գովազդի կարիք ունեն մամուլով, հեռուստատեսությամբ, գրքերով։ Որպեսզի անգամ մեր նշանավոր դեմքերը արմունկները չդնեն սեղանին, ոտքերը չմեկնեն, անպատշաճ հագուկապով, խոսելաձեւով եւ ձեռքերը թափահարելով չշփոթեցնեն հարազատ եւ օտար ունկնդիրներին ու ամենակարեւորը՝ ժպտանք, ժպտանք ամեն պահ, արթնանալիս եւ աշխատանքի գնալիս, աշխատելիս եւ հանգստանալիս, ներենք եւ ներվենք՝ ի հեճուկս դժգոհությունների ու բողոքների։

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ
«Առավոտ», 21 հունվարի 1995 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել