Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հայտի գերակայությամբ

Հունիս 15,2004 00:00

Այսօրվանից հանրապետության բուհերը կընդունեն իրենց պոտենցիալ ուսանողների դիմում-հայտերը: Ընդունելությունը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը ներառյալ:

Պետպատվերով տեղերը, ըստ Կառավարության մարտի 31-ի որոշման, կլինեն շուրջ 4115, իսկ վճարովի համակարգինը՝ 5646: Ըստ նույն որոշման, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004-2005 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով՝ բակալավրիատ եւ մագիստրատուրա:

Դիմորդներին սպասվելիք անակնկալների մասին արդեն նշել ենք: Հիշեցնենք միայն մեր ընթերցողներին առավել հետաքրքրող մի քանի կետեր: Նախ՝ այս տարի վճարովի համակարգի համար այլեւս մրցութային ոչ մի առարկայի գնահատական դպրոցից չի փոխանցվի: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե տվյալ մասնագիտության գծով թափուր տեղեր առաջանան: Այլապես նախկինում երբեմն պարադոքս էր առաջանում. վճարովիի անցումային միավորն ավելի բարձր էր լինում, քան պետպատվերինը: Եվ պատճառը դպրոցից եկող համատարած 20 միավորներն էին: Կարեւոր է հիշել, որ այս տարի կգործի առաջին հայտի գերակայությունը, ինչի փորձը եղել է 90-ականներին: Ըստ այդմ, դիմորդը հստակ պետք է կողմնորոշվի իր նախընտրած մասնագիտության հարցում եւ առաջինը նշի դա: Այնուհետեւ, ըստ իր հավաքած միավորների եւ իր նշած հերթականությամբ, կմասնակցի մյուս մասնագիտությունների մրցույթին: Բայց քանի որ այստեղ կարեւորվում է մասնագիտական կողմնորոշումը, ապա իր ընտրած մասնագիտության վճարովի համակարգի տեղը կլինի 2-րդ տողում:

Այս տարի եւս մեդալակիրները կունենան նույն արտոնությունները, ինչ անցյալ տարի, այսինքն՝ կենտրոնացված կարգով հանձնած մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներին կավելացվի բուհի ընտրությամբ եւս մեկ մասնագիտական առարկա, որը չի կրկնի նշված երկու առարկաները:

Դեռեւս ամիսներ առաջ ԿԳՆ մասնագիտական կրթության բաժնից տեղեկացել էինք, որ ըստ մասնագիտությունների տրվող տեղերի քանակը պետք է որոշվի գերատեսչությունների հաշվարկի հիման վրա, թե տվյալ ոլորտը մոտավորապես քանի՞ մասնագետի կարիք ունի: Ընդ որում, սովորաբար չի անտեսվում նաեւ սոցիալական պահանջարկը. հնարավոր է պահանջարկ չունեցող կադրերի արտադրություն՝ հանուն տվյալ բուհի գոյատեւման: Եվ կառավարության որոշման համաձայն, եւ ըստ մարզպետարանների ներկայացրած հայտերի, պահանջարկ է գրանցվել միայն անասնաբուժության գծով. «կազմակերպել նպատակային ընդունելություն` Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «3108 Անասնաբուժություն» (անասնաբուժական սանիտարիա եւ փորձաքննություն) մասնագիտությանը հատկացված տեղերի` մինչեւ 50 տոկոսի չափով»: Ի դեպ, ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004-2005 ուսումնական տարվա անվճար տեղերի 10 տոկոսը, ըստ մասնագիտությունների, պետք է հատկացվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

Ընդսմին, 5-6 տարի հետո, ըստ մեր համապատասխան գերատեսչությունների հաշվարկի, մեզ պետք կգա շուրջ 142 իրավագետ, 157 մասնագետ՝ կիրառական մաթեմատիկայի գծով, 91 արեւելագետ եւ ընդամենը՝ 38 հայոց լեզվի եւ գրականության մասնագետ: Մեր հաջորդ համարում մենք կներկայացնենք սույն ցանկը՝ առավել մանրամասնությամբ եւ կաշխատենք ընդգրկել գոնե բոլոր քիչ թե շատ հեղինակավոր մասնագիտությունները:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել