Լրահոս
Օրվա լրահոսը

«02»-Ը՝ ԻԲՐԵՎ ԹՌՈՒՑԻԿ ԵՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ

Հունիս 15,2004 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Վահրամ Շահինյանը հունիսի 2-ին հաստատեց 40 տարվա սրտաբան, 2-րդ կարգի հաշմանդամ երեխայի ծնող Կլարա Ղարիբյանի մեղադրական եզրակացությունը։

Կ. Ղարիբյանի «հանցանքն» այն է եղել, որ նա այս տարվա ապրիլի 14-ին ՀՀ առողջապահության նախարարության շենքում՝ մի շարք աշխատակիցների ներկայությամբ արատավորել է ԱՆ պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի «պատիվն ու բարի համբավը», «ակնհայտ սուտ եւ վարկաբեկող տեղեկություններ է տարածել»։ Ինչո՞ւ է տեղի տվել սրտաբան Կ. Ղարիբյանի սիրտը, ինչո՞ւ նա չի «զսպել» իրեն նախարարության շենքում, ինչո՞ւ է Ա. Վանյանին անվանել «ՊԱԿ-ի գաղտնի գործակալ, խարդախ, ստախոս»։

Կ. Ղարիբյանը եւ Ա. Վանյանի աները՝ Սուքիաս Հակոբյանը, եղել են հարեւաններ։ Նրանք այնպիսի հարեւաններ էին, որ կարող էին իրարից պարտքով գումար վերցնել։ Երբ Ս. Հակոբյանը հրաժարվել է 5000 դոլար գումար պարտքը տալ, Կ. Ղարիբյանը ապրիլի 30-ին նրա բնակարանի դռան վրա «փակցրել է թռուցիկ, նրան անվանելով փաստաթուղթ գողացող եւ կեղծող»։ «Ամբաստանյալ» Կ. Ղարիբյանի «թռուցիկներից» մեկը կցված է քրեական գործին։ Դա ոստիկանության «02» թերթի 2003թ. հոկտեմբերի 3-ի համարն է, որտեղ հայտարարություն է տպագրված այն մասին, որ «Կենտրոնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Սուքիաս Հակոբյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ։ Սուքիաս Հակոբյանի գործողությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել Կենտրոնի քննչական բաժանմունք կամ զանգահարել…» եւ տրված են հեռախոսահամարները։ Անգամ լուսանկարը։ Դե, տուժող Կ. Ղարիբյանն էլ դիմել է, արդյունքում դառնալով մեղադրյալ։ Այս գործով տուժողի ստատուս ստացած Ա. Վանյանը ցուցմունք էր տվել, որ «իր աներոջ՝ Սուքիաս Հակոբյանի եւ նրա նախկին հարեւան Կլարա Ղարիբյանի միջեւ առկա է վիճելի գումարային հարց» եւ որ «Կ. Ղարիբյանը մի քանի անգամ զանգահարել եւ հանդիմանել է իրեն, պահանջելով, որ աներոջ փոխարեն ինքը վերադարձնի պարտքը, այլապես կվարկաբեկի իրեն»։

Կ. Ղարիբյանը մի «հանցավոր արարք» էլ էր արել. գնալով Ս. Հակոբյանի աղջկա աշխատավայր, ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի շենք, փետրվարի 7-ին «հրապարակայնորեն» Սուքիաս Հակոբյանի աղջկան, ԱՆ աշխատակցին անվանել է «խարդախ, խաբեբա, կեղծարար»։ Գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան, որտեղ ԱՆ «տուժող» աշխատակիցները՝ վկաներ՝ փոխնախարար Ս. Քրմոյանի, գլխավոր հակահամաճարակաբան Վլ. Դավիդյանցի ներկայությամբ, կմասնակցեն սույն յուրօրինակ դատավեճին։ Ուշադրության արժանի է այն, որ տուժող Ա. Վանյանը եւ Ս. Հակոբյանը «չեն ցանկացել ծանոթանալ քրգործի նյութերին»։ Իսկ մայիսի 12-ին հարուցված քրգործը Կ. Ղարիբյանին է ներկայացվել մայիսի 28-ին. նա նույնպես հրաժարվել է ծանոթանալ քրգործի նյութերին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել