Վիճակախաղերի բիզնեսով զբաղվող մի քանի ընկերություններ շուկայից դուրս են մղվել: Այդ թվում, իր գործունեությունն է դադարեցրել խոշորագույններից մեկը՝ «Բարի լոտոն»:
Լիազոր մարմնում՝ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում հաստատեցին մեր այս տեղեկությունը, եւ սա պայմանավորեցին պետական տուրքի քառակի բարձրացմամբ: Մինչեւ անցած տարի վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու համար տնտեսվարողները լիցենզիա ստանում էին 25 միլիոն դրամ պետտուրքի դիմաց, այս տարվանից՝ 100 միլիոն: Նախարարությունից հայտնեցին, որ կոնկրետ «Բարի լոտոն» չի դիմել լիցենզիայի ժամկետը երկարացնելու համար: Ի դեպ, կան նաեւ այնպիսիք, որոնց լիցենզիայի ժամկետները չեն լրացել, բայց չեն էլ գործում: Սակայն մեր տեղեկություններով, այս սուբյեկտներից շատերն իրենց գործունեությունը կվերսկսեն «լոտոյի սեզոնի» բացման հետ միաժամանակ՝ տարեվերջին:
Լոտոների վերաբերյալ հետաքրքիր ուսումնասիրություն է արել AEPLAC-ը՝ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը: Հիմնվելով մարդահամարի տվյալների, ինչպես նաեւ լոտոների նկատմամբ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների վրա, լոտոյի հայկական շուկայի ծավալներն, ըստ AEPLAC-ի, կազմում են շուրջ 17.6 միլիարդ դրամ (6.4-17.6 միլիարդ): Սա փոքր թիվ չէ՝ մեր պետության ամբողջ բյուջեի հետ համեմատած: Հայաստանի պետբյուջեն 2003 թվականին կազմել է շուրջ 250 միլիարդ դրամ: 17.6 միլիարդ շրջանառության ֆոնին հետաքրքիր է նաեւ այն, որ նույն թվականին լոտոների գործունեության համար որպես հաստատագրված վճար պետբյուջե է մուծվել 536.4 միլիոն դրամ եւ 225 մլն 10 հազար դրամ էլ պետտուրք:
Ըստ AEPLAC-ի ուսումնասիրության, Հայաստանում յուրաքանչյուր չափահաս քաղաքացի ամսական միջինը ծախսում է 400-1000 դրամ՝ «բարեկեցիկ ապագայի հույսով», այսինքն՝ լոտոյի տոմս գնելու վրա: Կենտրոնի գնահատմամբ, «սա ամենեւին էլ փոքր գումար չէ բնակչության անապահով շերտերի համար, որոնց շրջանում նման վիճակախաղերն ավելի մեծ հեղինակություն են վայելում»: Սոցհարցումն AEPLAC-ի պատվերով իրականացրել է Հայկական սոցիոլոգիական կենտրոնը՝ պարզելու Հայաստանում բնակչության հետաքրքրությունը վիճակախաղերի նկատմամբ:
Հարցումը կատարվել է Երեւանի եւ մարզերի 300 բնակիչների շրջանում: Հետաքրքիր է, որ ըստ այդ տվյալների, տղամարդիկ համեմատաբար ավելի հաճախ են տարվում վիճակախաղերով, քան կանայք: Իսկ ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի քիչ են գնում լոտոյի տոմսեր: Բանվորների 79.2 %-ն է իր բարեկեցության հույսը կապում լոտոների հետ, սովորողների՝ 60%-ը, գործազուրկների՝ 73.5 %-ը, թոշակառուների՝ 64.1%-ը: Այլ կերպ ասած, «լոտոների նկատմամբ անտարբեր չեն ցածր եկամտի տեր անձինք»: Ավելին, սոցհարցման արդյունքները հաստատել են նաեւ, որ լոտո ընդհանրապես չեն գնում բարձր եկամուտ ունեցողներն ու եկամուտ չունեցողների մեծ մասը: Առավել ակտիվները 60 տարեկանից բարձրներն են:
Ի դեպ, լոտոյով շահում է ունեցել հարցվածների 62%-ը, սակայն նրանցից շուրջ 52%-ի շահումը չի գերազանցել 10 հազար դրամը:
Հետաքրքիր է, որ այս ամենից հետո հարցվածների միայն 6%-ն է լիովին վստահում լոտոների գովազդներին, իսկ 60%-ը բոլորովին չի վստահում:
AEPLAC-ի եզրահանգմամբ, «չնայած այն հանգամանքին, որ հարցվողների զգալի մասը լոտոն համարում է խաբեություն ու խարդախություն, որ վստահություն չկա ու կասկածելի է թվում լոտոների գովազդը, այնուամենայնիվ, լոտոները անտարբեր չեն թողնում բնակչությանը՝ անկախ տարիքից, սեռից, կրթական մակարդակից, սոցիալական խմբից եւ նույնիսկ եկամտի չափից»:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ