Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՄԿՈՒՍԸ ԵՎՍ «ՆՈՐԱՑՎԵՑ»

Հունիս 15,2004 00:00

Հայաստանի
կոմունիստական կուսակցությունում իշխանության ազդեցությամբ փոփոխություններն
արդեն դարձել են սովորական:
Մայիսի 28-ին ՀԿԿ կենտկոմի բյուրոյի 8 անդամներից 5-ն անվստահություն էին հայտնել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին. Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը բացակայում էր, անվստահությանը դեմ էր միայն Ֆրունզե Խառատյանը եւ ինքը՝ Ռուբեն Թովմասյանը: Սակայն շաբաթ օրը ՀԿԿ կենտկոմի պլենումը հրաժարվեց պաշտպանել բյուրոյի առաջարկությունը, որից հետո Թովմասյանի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես եկած ՀԿԿ 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը, բյուրոյի անդամ Պավել Գրիգորյանը եւ ՀԿԿ քարտուղարներ Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը ներկայացրին հրաժարականի դիմում: Նրանք պնդում են, թե պլենումի անդամներից շատերը տեղում հայտարարեցին, թե իրենք էլ են հրաժարական տալիս, սակայն Ռուբեն Թովմասյանը քվեարկության չդրեց այդ հարցը՝ խոստանալով այս ամենի շուրջ քննարկումներ ծավալել առաջիկա համագումարում:

Ըստ բյուրոյի որոշման՝ պլենումը պիտի գումարվեր հունիսի 6-ին: Սովորականի պես՝ այն պիտի անցկացվեր Վետերանների միության շենքում: «Հունիսի 4-ին Երեւան եկավ ԼՂՀ կոմկուսի կենտկոմի քարտուղարը, որը Սերժ Սարգսյանի տրամադրած գումարները նախագահի ընտրության առաջին փուլից հետո տրամադրել էր Վլադիմիր Դարբինյանին, որպեսզի նա հայտարարի, թե կոմկուսը ոչ մեկին չի պաշտպանում»,- պատմեց Խորեն Սարգսյանը: Ըստ նրա, այս անգամ էլ իշխանությունը կարողացավ միջամտել՝ պլենումը հետաձգվեց, քանի որ Վետերանների միության ղեկավարը՝ գեներալ Կարապետյանը հրաժարվեց տրամադրել տարածք: «Ինձ ասաց՝ ձեր պլենումի մասին արդեն բոլորը գիտեն»,- պատմեց պրն Սարգսյանը: Մեկ շաբաթով հետաձգումն ըստ երեւույթին՝ օգտագործվել էր արդյունավետ: «Շրջկոմի քարտուղարներից ովքեր ինչ-որ բանի սեփականատեր էին՝ պլենումում հանդես եկան Ռուբեն Թովմասյանի պաշտպանությամբ,- իր այս պնդումը Խորեն Սարգսյանը փաստարկեց որոշ օրինակներով:- Հրազդանի շրջկոմի քարտուղարը հողի սեփականատեր է՝ ֆերմեր, եւ բացել է «Գալիք» համալսարանի մասնաճյուղը: Հոկտեմբերյանի շրջանի քարտուղարի որդուն են մեծ հնարավորություններ ընձեռել՝ շենք հատկացրել, եւ այստեղ էլ են բացել «Գալիքի» մի մասնաճյուղ, որի ղեկավարն է նա»:

Եվ շրջկոմի նման քարտուղարներն էին հունիսի 12-ի պլենումում առանց լսելու բյուրոյի անդամների փաստարկները՝ անմիջապես հերթագրվել ի պաշտպանություն Ռուբեն Թովմասյանի ելույթ ունենալու համար: Խնդրեցինք շարադրել, թե որոնք էին ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղարի նկատմամբ անվստահության հիմքերը: «Իշխանամետությունը եւ նախկին հանցագործությունները թաքցնելը, դրանց որոշ մասնակցություն ունենալը»,- պատասխանեց Խորեն Սարգսյանը: Նախ անդրադարձավ իշխանամետության վերաբերյալ մեղադրանքին. «Մեր հարաբերությունները սկսեցին վատանալ, երբ քննարկում էինք ընդդիմության գործողություններին մասնակցել-չմասնակցելը: Անկեղծ ասած՝ զոռով եղավ, որ մասնակցեցինք: Առարկեցինք, թե պրն Թովմասյանը ելույթ է ունեցել հանրահավաքում: Նա միայն դրվատում էր սոցիալիստական նվաճումները եւ լռեց Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք իրականացվող ալան-թալանի մասին»,- պատասխանեց Նորիկ Պետրոսյանը: Հիշատակեցին նաեւ մայիսի 1-ի տոնակատարության կազմակերպմանն առնչվող պատմությունը: ՀԿԿ նախկին քարտուղարները պատմեցին, որ քննարկել ու որոշել էին, թե շքերթ չեն կազմակերպելու՝ հաշվի առնելով ճանապարհների փակ լինելը, դրամական եւ այլ հնարավորությունների բացակայությունը: Վերջին հանգամանքը հատկապես շեշտադրել էր ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղարը: «Մենք էլ հաշտվեցինք, – ասաց պրն Պետրոսյանը:- Սակայն հետո առանց քարտուղարների գիտության դիմել էր քաղաքապետարան, թույլտվություն խնդրել երթ անցկացնելու, երբ դրա կարիքն էլ չկար՝ մայիսի 1-ը պետական տոն է: Ծախվածության ակնհայտ եւս մի վկայություն՝ ամբողջ երթի ընթացքում չհնչեց ոչ մի հակակառավարական խոսք»: Խորեն Սարգսյանի կարծիքով՝ այս երթի արտոնումը թերեւս արվել էր Եվրախորհրդին ցույց տալու համար, թե հարգվում է ԵԽԽՎ բանաձեւի պահանջը՝ խաղաղ հավաքները թույլատրելու վերաբերյալ. «Ու «Հայլուրը», որ 50 հազարանոց հանրահավաքների մասին նշում է, թե 3 հազար մարդ էր մասնակցում, մեր երթի 200 մասնակիցների մասին նշեց 2000 թիվը՝ ցուցադրելով հին տեսագրություններ»:

Ինչ վերաբերում է «նախկին հանցագործությունների» վերաբերյալ մեղադրանքին՝ Նորիկ Պետրոսյանը բազմաթիվ բացահայտումներ արեց, թե ՀԿԿ համամասնական ցանկը, որը կազմվել էր ոչ կուսակցությունում՝ գրված էր Ռուբեն Թովմասյանի ձեռագրով: Բացի այդ՝ նա էր տպարանից տարել ամբողջ տպաքանակը «Հայաստանի կոմունիստի» այն համարի, որտեղ տպագրված էր «ՀԿԿ-ն՝ խարդավանքների զոհ» հոդվածը: Նաեւ մեղադրեց ֆինանսական գործարքների մեջ: «Նա վաշխառությամբ է զբաղվում,- ասաց պրն Պետրոսյանը:- Կուսակցությանը երբ փող է պետք լինում՝ տոկոսով է տալիս, եւ այդ մասին գիտեն ապարատի բոլոր աշխատողները: Բայց ցավն այն է, որ եթե նրանց դատարան կանչեն՝ կասեն, թե այդպիսի բան չկա»:

Կոմկուսի կենտկոմի պլենումում Ռուբեն Թովմասյանը, ըստ ՀԿԿ նախկին քարտուղարների՝ հայտարարել է, թե այլեւս չի կանգնելու ընդդիմության կողքին: Բյուրոյում հին անդամներից մնացել են Ֆրունզե Խառատյանը եւ Գագիկ Մանուկյանը. նոր անդամները մարզային կազմակերպությունների ղեկավարներն են, որոնք կրկնել են ընդդիմության կողքին չկանգնելու դիրքորոշումը: Որոշում է կայացվել նաեւ ՀԿԿ ամռանը կայանալիք 36-րդ համագումարը մինչեւ աշուն հետաձգելու վերաբերյալ:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. «Առավոտի» թղթակիցն այս ամենի վերաբերյալ փորձել էր
ստանալ նաեւ ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի մեկնաբանությունները:
Ու չնայած նախնական պայմանավորվածությանը՝ օրվա երկրորդ կեսին զրուցելու
վերաբերյալ, պրն Թովմասյանին այլեւս հնարավոր չեղավ տեղում գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել