ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԷՐ Այս պատճառաբանությամբ էր Եժի Յասկերնյայի հետ հանդիպումը կեսից լքել իրավապաշտպան Միքայել Դանիելյանը Նախօրեին Երեւան ժամանած ԵԽ դիտարկման խումբը՝ Եժի Յասկերնյայի գլխավորությամբ, հայաստանյան պետական, հասարակական, իրավապաշտպան գործիչների հետ իր հանդիպումները երեկ սկսեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից: Պարոն Յասկերնյան իր այդ նախաձեռնությունը բացատրեց նրանով, որ 2003-ի նախագահական ընտրություններին առնչվող ՍԴ որոշման 6-րդ կետը՝ «վստահության հանրաքվեի» հետ կապված, բավականին վիճահարույց հարց է դարձել: «Մենք ուզում էինք պաշտոնապես պարզել, թե որոշման մեջ նման ձեւակերպում ներառելով ՍԴ-ն ի՞նչ էր նկատի ունեցել»,- պարզաբանեց նա՝ հավելելով, թե այդ առնչությամբ Գ.Հարությունյանից իրենք պաշտոնական բացատրություն ստացել են: ԵԽ դիտարկման խմբի հետաքրքրությունն այս հարցի առնչությամբ զարմանալի կարող է թվալ ՀՀ իշխանությունների եւ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության իշխանական կոալցիայի անդամների այն հավաստիացումների համատեքստում, թե ապրիլին Վեհաժողովում «վստահության հանրաքվեի» մասին ՍԴ որոշումը համարել էր ընդամենն առաջարկություն եւ նման պահանջ չի դրել: Արդյո՞ք այդ հարցը ԵԽ-ում սպառված չէ, ինչպես պնդում էր իշխանությունը: Պարզվեց՝ ԵԽ ԽՎ-ն դեռ ինքն այդ հարցում չի կողմնորոշվել: Ի պատասխան «Առավոտի» հարցադրման պարոն Յասկերնյան ասաց. «Քանի որ ընդդիմության հանրահավաքների ժամանակ ՍԴ որոշման այդ կետի իրականացման պահանջ է բարձրացվում, մենք ուզում ենք պարզել, թե դա իրավական հիմք ունի՞ եւ արդյո՞ք կատարման ենթակա է, թե՞ միայն առաջարկի բնույթ ունի»: Այս հարցադրման պատասխանը, սակայն, երեկ մի քանի այլ հանդիպումների արդյունքում ԵԽ դիտարկման խմբի համար վերջնականապես հստակեցված չէր: «Դեռ կոնկրետ չեմ կարող ասել, որովհետեւ առաջին օրն է մեր առաքելության, բայց կփորձենք տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից եւ տարբեր տեսանկյուններից»,- պարզաբանեց Ե.Յասկերնյան: Այդուհանդերձ, որքան հասկացանք նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների հետ հանդիպումից հետո ունեցած մեր զրույցից, դիտարկման խմբին ավելի շատ հետաքրքրել է հենց այդ՝ վստահության հանրաքվեի հարցը, եւ խոսքի ազատության վիճակը, մասնավորապես «Ա1+»-ի վերաբացման հեռանկարը: Ըստ «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի, «պատվիրակությունն ուզում է պատկերացում կազմել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ մասնավորապես «վստահության հանրաքվեի հետ կապված եւ իմանալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարծիքը՝ պետք է այդ հանրաքվեն անցկացնե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ են դրա մասին մտածում հասարակությունը, փորձագետները»: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ փակված «Ա1+»-ի, «Նոյյան Տապանի» ներկայացուցիչները, բավականին սուր կարծիքներ են հնչել: Ի հավելումն սրա, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւում առանձին կետով արված առաջարկությանը՝ նոր մրցույթներ կազմակերպել ազատ հաճախությունների առկայության դեպքում, ասել էր, որ «ազատ հաճախություններ կան, բայց դրանք մրցույթի չեն ներկայացվում»: Ըստ ՄԱԱ համանախագահ Նարինե Դիլբարյանի, վստահության հանրաքվեի շուրջ զրույցը հանգել էր հետեւյալին՝ «Հայաստանում սիրում ե՞ն Քոչարյանին, թե՝ ոչ: Ե.Յասկերնյային իրազեկել էին «առասպելական» այն պատմությունների մասին, թե իբր հայաստանցիները ղարաբաղցիներին չեն սիրում եւ դրա համար է, որ Քոչարյանին չեն ներում, կամ՝ Գեղամյանին վարչապետ չեն նշանակել, դրա համար էլ չեն ներում»: Ն. Դիլբարյանի ասելով՝ «լսարանն այդուհանդերձ համաձայնել էր, որ սերը քաղաքական կատեգորիա չէ, որ կան նաեւ Քոչարյանին շատ սիրողներ, որոնց մի մասը եւս չի հասկանում, թե ինչու են ՀՀ-ում օրենքներ խախտվում: Նշվել է նաեւ, թե իրականում Քոչարյանին չեն ընդունում այն բանի համար, որ նա ժողովրդին թույլ չի տվել ընտրությունների միջոցով արտահայտել իր կամքը: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա՝ ներկաները նկատել էին, որ այդ հեռուստաընկերության փակումը բացառիկ դեպք չէր, այլ՝ օրինաչափության մի շղթա: Որպես դրա ապացույց բերվել էր եթերազրկված այլ հեռուստաընկերությունների՝ «Նոյյան Տապանի», «ՆՏՎ»-ի օրինակը»: Երեկ Ե. Յասկերնյայի եւ իրավապաշտպանների հանդիպումը կեսից լքել էր Միքայել Դանիելյանը: Արդեն դրսում նա վրդովված հայտարարեց, թե այլեւս չէր կարող ներկա գտնվել այդ հանդիպմանը. «Էդ մարդն եկել է ամեն ինչից անտեղյակ եւ հիմա ուզում է ինչ-որ բաներ պարզել: Նա չէր հավատում, որ ընտրությունները 2003-ին կեղծված են եղել: Նրա ասելով, բոլորն այդ մասին են ասում, բայց այդ կեղծիքներն արդյո՞ք այդքան շատ են եղել, որ ազդել են ընտրությունների վրա: Մենք ավելի քան 1 տարի դրա դեմ ենք բողոքում, ինքը նոր է ուզում դա պարզել: Կամ՝ ուզում է մեզնից իմանալ ՍԴ որոշումը պարտադի՞ր է կատարման համար, թե՝ ոչ: Ես միանշանակ ասում եմ՝ Եժի Յասկերնյայի գիրքը տպագրվել է որպես կաշառք եւ ես դիմելու եմ ԵԽ-ին՝ այդ մարդուն որպես զեկուցողի, փոխելու խնդրանքով»: «Փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանն էլ հավելեց, թե հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ վերջին շրջանում կալանավորվածների, այդ գործերի ընթացքի մասին: Ընդհանուր կարծիքն այն էր, որ «զղջումը» չի կարող խափանման միջոց փոխելու հիմք դառնալ: «Իհարկե, այդ խոսակցության ժամանակ Ե.Յասկերնյայի քունը տանում էր. ինքը ննջում էր՝ գերհոգնած էր: Միքայելի նյարդերը չդիմացան, իսկ մենք համբերատար լսում էինք»,- կես լուրջ եւ հեգնանքով ասաց Տ.Տեր-Եսայանը: Բայց իսկապե՞ս նյարդերը տեղի տալու առիթ կար: «Այո: Ասում են՝ երեխան բութ է եւ շատակեր»,- վրա բերեց փաստաբանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ