ՄԱՐԻԱՆՅԱՆԻՆ ՀԱՅՀՈՅԵՑԻՆ
«Մանյակ» ու «խելագար» անվանելով «Ծիծեռնակ» պանսիոնատում բնակվող
փախստականներին՝ պանսիոնատի սեփականատեր Սարգիս Սարգսյանը լրագրողներին հորդորեց
զբաղվել լուրջ գործերով. «Թե չէ խելքներդ տվել եք էս հոգեկաններին: Փոխարենը
նշեք, թե ինչ բարեգործություն եմ անում ես»:
Փախստականներն ու սեփականատերը իրար չեն հասցնում կարոտել, երկու տարի շարունակ դատական քաշքշուկների մեջ են: Երեկ Վճռաբեկ դատարանում կրկին լսվեց «Ծիծեռնակի» գործը: Հիշեցնենք, որ փախստականները դիմել են Վճռաբեկ դատարան, պահանջով, որ բեկանվի վերաքննիչ դատարանի որոշումը: Այն է՝ սեփականատերը պարտավորվում է երեք տարի շարունակ յուրաքանչյուր ընտանիքի ամեն ամիս վճարել 50 դոլարին համարժեք դրամ: Փախստականները համաձայն չեն այս որոշմանը, քանի որ վստահ չեն՝ թե կփոխանցվի այդ գումարը: Հիմա փախստականներին առաջարկվել է նոր տարբերակ. ՀՀ Միգրացիայի եւ փախստականների վարչության, փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի եւ «Ծիծեռնակ» պանսիոնատի միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ փախստականների համար կվերանորոգվի Շենգավիթ համայնքում գտնվող նախկին վերելակների կոմբինատի կիսակառույց վարչական շենքը: Սեփականատերը պարտավորվում է 7 օրվա ընթացքում փոխանցել 30 հազար դոլար, մնացած գումարը՝ շուրջ 200 հազար դոլար, կտրամադրի Նորվեգական խորհուրդը: Վերանորոգումը կտեւի շուրջ 14 ամիս: Ի դեպ, այդ ընթացքում փախստականները պետք է ազատեն «Ծիծեռնակի» տարածքը: Անդրադառնալով իր «մեծ գործերին», պարոն Սարգսյանը նշեց, որ մեծահոգաբար կլուծի հինգ փախստական ընտանիքի կացարանի հարցը: Մնացած վեցի հարցով կզբաղվի փախստականների վարչությունը: Փախստականները համաձայն չեն նաեւ այս տարբերակին, քանի որ վեց օր անցել է, բայց գումարը չի փոխանցվել: «Մենք ոչ մի երաշխիք չունեք, որ մեզ չեն «քցի» ու այս առաջարկը հերթական ստերից չէ»,- ասում է վտարման ենթակա փախստական Մարիանյան Լարիսան: Դատարանը անփոփոխ թողեց վերաքննիչի որոշումը:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ