Լրահոս
Օրվա լրահոսը

«Պասիվ ու մղումներից զուրկ»

Հունիս 12,2004 00:00

Այսպիսին
է մեր երիտասարդությունը «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն»
հիմնադրամի կարծիքով:
Երեկ այս հիմնադրամը «Անկախ պետականության խորհուրդը արդի հայ երիտասարդության համար» թեմայով քննարկում էր նախաձեռնել, որի ընթացքում ամփոփվեցին նաեւ նույն խորագրով վերջերս կայացած մրցույթի արդյունքները: Հիմնադրամի ղեկավարները ներկայացնելով մրցույթի 3 հաղթողներին, բացահայտորեն դժգոհեցին «ժամանակակից երիտասարդներից», որպես թերություն ընդգծելով նրանց պասիվությունը նմանօրինակ միջոցառումներին մասնակցելու հարցում, հայրենասիրական մղումների բացակայությունը եւ երկրի ճակատագրով հետաքրքրված չլինելը: Հիմնադրամի արտաքին կապերի բաժնի համակարգող Ռուբեն Մարկոսյանի խոսքերով, մրցույթին ներկայացված աշխատանքները եւս թույլ են եղել եւ հռչակագրային բնույթ են կրել: Ըստ նրա, մասնակիցները ճիշտ չեն ըմբռնել մրցույթի պահանջները եւ աշխատանքների մեծ մասը ստացվել է պատմական փաստերի շարադրություն եւ դասագրքերից արած ծաղկաքաղ:

«Մենք ակնկալում էինք նոր մտքեր, գաղափարներ, թե երիտասարդն ինչպես է տեսնում ազգի պետականության շարունակությունը, հեռանկարները, թե ինչ գաղափարներ կարող են միավորել հայաստանցի եւ դրսում գտնվող հայ երիտասարդներին»,- ափսոսանքով ասաց Ռ. Մարկոսյանը: Այնուամենայնիվ, աչքի ընկած երիտասարդները, բացի պատվոգրերից, ստացան նաեւ «Հայ-սփյուռք» հանրագիտարան: Վանաձորում գործող «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության ղեկավար Ռազմիկ Սարդարյանը քննարկման ժամանակ ներկայացրեց իրենց ՀԿ-ի՝ երիտասարդության շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքները: Վերջինիս տվյալներով, հարցվածների 30 տոկոսը գրել է, որ ոչնչով չի զբաղվում: Որպես անգործության հիմնական պատճառներ նշվել են աշխատանքի, իսկ ֆինանս չլինելու պատճառով՝ նաեւ մասնագիտության բացակայությունը: Առողջության պահպանումը երիտասարդները եւս կապել են ֆինանսական միջոցների հետ. «Բժշկի չեն դիմում փող չունենալու պատճառով»,- ըստ Ռ. Մարկոսյանի՝ այսպես է պատասխանել հարցվածների մեծ մասը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել