Երկարատեւ դադարից հետո մի քանի օր է, ինչ աշխատանքներն է վերսկսել Գյումրիի տրոլեյբուսային վարչությունը:
Սա ամենից շատ ուրախացրել է քաղաքի ծերերին, չնայած նորանշանակ տնօրեն Աշոտ Չախալյանն արդեն հասցրել է հիասթափեցնել նրանց՝ հայտարարելով, որ «մի կերպ ոտքի ելած» տրանսպորտն այլեւս անվճար չի ծառայելու ոչ մեկին: Հետեւաբար, ինչպես ընդունված էր Գյումրիում, այն դադարելու է աղքատների փոխադրամիջոց լինելուց:
Ինչպես անդրադարձել էինք մեր հրապարակումներից մեկում, հիշյալ ձեռնարկությունն ակտիվ դատական գործընթացների մեջ էր. այն միլիարդների պարտք ուներ ոչ միայն իր վարորդներին, այլ տարբեր կազմակերպությունների: Այժմ վիճակը փոքր-ինչ փոխվել է. համաձայնության գալով դատական ակտերի հարկադիր կատարողների հետ՝ կալանքի տակ գտնվող ոչ պիտանի գույքն օտարվել է, որի շնորհիվ զգալիորեն թեթեւացել են վարչության պարտքերը: Իհարկե, սա չի նշանակում, թե «խաբված» վարորդները սեփական հիմնարկությունից այլեւս պարտք ու պահանջ չունեն: Նախկին տնօրենի արդարացմամբ, «Տրոլեյբուսային վարչության» քայքայման պատճառը կառավարության՝ անվճար օգտվողների համար նախատեսված գումարները չփոխանցելն էր, իհարկե, նաեւ ուղեւորների հնարամտությունը. նրանք նույնիսկ կարագի կտրոններով են անվճար երթեւեկել: Այս հարցի շուրջ նոր տնօրենի մեկնաբանությունները բոլորովին այլ են: Ըստ նրա, երբեմնի ամենահարուստ ձեռնարկության կրախի առջեւ հայտնվելը պայմանավորված է կոլեկտիվի «աչքը տեսածը տուն կրելով», որի արդյունքում էլ տրոլեյբուսներից շատերի «կմախքն» է մնացել: Օրինակ՝ ամեն ծակուծուկից ալյումինները հանված ու վաճառված են: Բացի այս, օրումեջ աշխատավարձի պարտքեր պահանջող վարորդները մոտ 3 մլն դրամի պարտք ունեն սեփական ձեռնարկությանը: «Այժմ դատի տալու հերթն իմն է»,- հայտարարում է նոր տնօրենը՝ սպառնալով. «Եթե ինձ էլ նախորդի նման խաբեն, բոլորին կկրճատեմ ու փոխարենը ռուս աղջիկների կբերեմ, համ ազնիվ են, համ էլ փորձառու»: Նրան զայրացնում է նաեւ անվճար երթեւեկության կտրոնները այլ ձեռնարկությունից՝ «Ավտոբուսային պարկից» ստանալու փաստը: «Մենք դատենք՝ կտրոնները ուրիշը բաժանի՞: Ով ինչ ծանոթ ունեցել՝ կտրոն է տվել»: Իսկ տրոլեյբուսը կդիմանա՞ մրցակցությանը մեր հարցին հետեւեց պարոն Չախալյանի պատասխանը. «Ի՜նչ եք խոսում, Գյումրիում մարշուտկա նստելը արժանապատվության հարց է՝ ամոթ էլ է ասելը՝ տղամարդ թե կին իրար գիրկ ընկած երթեւեկում են, իսկ մեր տրանսպորտը թե մատչելի է, թե չափերով մեծ»: Այլ հարց է, որ քաղաքի փողոցները «էն չեն» եւ տրանսպորտի այս միջոցը մյուսների նման չի կարող մայթերով երթեւեկել:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ