Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 12,2004 00:00

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի
քարտուղար Դավիդ Չուպինան այսօր ԱԺ-ում հանդիպումներ են ունենալու ԱԺ նախագահի,
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի, մշտական հանձնաժողովների, խմբերի
ու խմբակցությունների անդամների հետ: Շավարշ Քոչարյանը Յասկերնիայի հետ հանդիպելու
է երկու անգամ՝ ե՛ւ որպես ԵԽԽՎ-ում պատվիրակության, ե՛ւ «Արդարության» անդամ:

Մեր հարցին, թե այդ հանդիպումների ընթացքում ի՞նչ գնահատականներ է պատրաստվում տալ ԵԽԽՎ բանաձեւի կատարման վերաբերյալ՝ պրն Քոչարյանը պատասխանեց. «Ներկայացնելու եմ իրականությունը՝ ակնհայտ է, որ տեղի է ունենում բանաձեւի կատարման իմիտացիա: Ճիշտ է միշտ նշել այն, ինչ արվել է ու չի արվել: Համենայն դեպս՝ ամենավառ ապացույցը, որ արվածն իրոք իմիտացիա է՝ հենց հունիսի 10-ին կայացված դատավճիռն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր բռնություններ էին իրականացրել լրագրողների հանդեպ»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւի պահանջներից մեկն է. «Թափանցիկ եւ վստահելի ձեւով անմիջապես ուսումնասիրել վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները, եւ Վեհաժողովին տեղեկացնել բացահայտումների ու պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր օրինական գործողությունների մասին»:

«Կամա-ակամա համեմատություն է կատարվում բոլորի կողմից, թե ինչպես են պատժում երթերի ու ցույցերի մասնակիցներին, եւ ինչ վերաբերմունք դրսեւորվեց կանխամտածված բռնություն գործադրածների նկատմամբ,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Պիտի կոպիտ, բայց, ցավոք, տեղին համեմատություն անեմ՝ տպավորությունն այն է, թե դատախազությունը, դատարանները, ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, ինչ-որ առումով՝ նաեւ մաքսային եւ հարկային տեսչությունները կատարում են Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների գործառույթները: Եվ այդ թիկնազորային խմբերից մեկը հենց քրեականացված այդ տարրերն են, որոնց անպատժելիությունն ապացուցվեց դատարանում: Այդ տեսակետից՝ օրենքն ու մարդկանց իրավունքները պաշտպանելու կոչված պետական մարմինները կատարում են նույն գործառույթը, ինչ իրականացնում են Ռոբերտ Քոչարյանի հենարան դարձած քրեականացված տարրերը: Եվ բոլորը միասին հակադրվում են հասարակությանը, ժողովրդավարությանը եւ ազատ խոսքին»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել