Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող պատասխանել»

Հունիս 12,2004 00:00

Այսպես արձագանքեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեր այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն հանցանքի համար ընդդիմադիրը պատժվում է օրենքի ամբողջ խստությամբ, իսկ իշխանության աջակիցը՝ առավելագույն մեղմությամբ:

Նա միշտ այդպես է արձագանքում այն հարցերին, որոնց արդար պատասխանելը կնշանակեր քննադատել իշխանությանը, ինչը թերեւս հարիր չի համարում կառավարության անդամի վարքագծին:

Խնդրեցինք մեկնաբանել խտրական արդարադատության դրսեւորումների փաստերը, երբ նույն հանցանքի համար մեկը գլուխը պրծացնում է տուգանքով (ինչպես լրագրողների վրա հարձակված սափրագլուխների պարագայում է), իսկ մյուսներն արժանանում են ազատազրկման (ինչպես Գյումրիում ընդհարման մասնակիցների դեպքում է): Մեր հարցին՝ դատարանների համար գոյություն ունեն երկու կարգի մարդի՞կ, որոնցից միայն մեկին խփելու դեպքում պետք է խստորեն պատժել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Համաձայն չեմ նման հարցադրմանը, թե կան երկու կարգի մարդիկ: Այլ խնդիր է, որ պետք է լինի դատական միասնական պրակտիկա: Այդ առումով պետք է մտածենք նման հանցագործությունների համար սանդղակը նեղացնելու մասին՝ դատարանին ու մեղադրող կողմին ավելի քիչ հնարավորություն տալով մանեւրել առաջարկվող պատժի մեջ: Մյուս մոտեցումը դատական ավանդույթի ձեւավորումն է, որը, ցավոք, ընթանում է շատ դանդաղ»:

Նկատեցինք, թե որպես արդարադատության նախարար՝ իրեն թերեւս չի կարող չանհանգստացնել այն երեւույթը, որը դրսեւորվեց հունիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում, երբ սափրագլուխներն էին նիստերի դահլիճում կարգուկանոն հաստատում, որոշում, թե ով պիտի մասնակցի դատին: Մեր հարցին, թե սրա դեմ ինչ-որ միջոց հնարավո՞ր է ձեռնարկել՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Դատարանի դահլիճում կարգուկանոնի հաստատման այսօրվա ձեւն արդյունավետ չէ եւ պետք է կատարել փոփոխություններ: Այլ երկրների օրինակները վկայում են, թե դատական նիստի ժամանակ կարգուկանոնի պահպանումը հիմնականում իրականացնում են ո՛չ ոստիկանության ուժերը, այլ, որպես կանոն՝ հարկադիր կատարման ծառայության որոշակի ստորաբաժանումը: Եվ այն, որ տարբեր երկրներ գնացել են այս ճանապարհով՝ վկայում է, որ այդ ձեւն առավել արդյունավետ է: Երկրորդը՝ կարծում եմ, որ լրագրողների մասնակցությունը դատական նիստին պետք է առավելագույնս պաշտպանված լինի: Հասկանալի է, որ նիստը դռնբաց է, բայց, այնուամենայնիվ՝ որոշակի կատեգորիաների համար պետք է գտնել այլ լուծումներ եւ մեխանիզմներ: Եվ խոստանում եմ մինչեւ տարեվերջ ապահովել այդ լուծումը, որ լրագրողներն ազատ մուտք ունենան դատարանի դահլիճ»:

Սակայն օրենսդրական կամ որեւէ այլ լուծումով հնարավո՞ր է կարգավորել այն, որ դատարանի նախագահը կամ դատավորն այնքան արժանապատվություն ունենան, որ թույլ չտան որեւէ «սեւվերնաշապիկավորի» հրահանգներ տալ իրենց, իսկ հակառակ պարագայում՝ ձեռնարկեն հակազդման միջոցներ: «Դարձյալ ընդհանուր է խնդիրը,- ի պատասխան ասաց արդարադատության նախարարը:- Մեր դատավորներն, իմ կարծիքով, բացարձակապե՛ս պաշտպանված չեն: Եվ շատ թերի ու թույլ են օրենքում ամրագրված դատավորների պաշտպանության մեխանիզմները: Հնարավորություն չունենք ակտիվ ներազդելու դատարանում կարգը խախտողների նկատմամբ՝ բացի դիտողությունից եւ նիստերի դահլիճից հեռացնելուց: Պետք է գնանք նաեւ այս ճանապարհով՝ սահմանելով այն իրավունքները, որոնք կան աշխարհում: Եթե փորձեք անգլիական դատարանում ձեզ վատ պահել՝ դատավորը կարող է անմիջապես կայացնել անգամ կալանքի որոշում»: Առարկեցինք, թե Հայաստանում էլ են նման միջոցներ կիրառվում, բայց էլի ընտրովի՝ ընդդիմադիր գործիչների դեմ: Ասենք՝ «Հանրապետության» որոշ գործիչների նկատմամբ այժմ գործ է հարուցված Արմեն Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատարանի հասցեին ռեպլիկ նետելու համար: «Խոսքը ոչ թե քրեական հանցագործության, այլ կարգը խախտելու մասին է,- պատասխանեց պրն Հարությունյանը:- Եվ կարգը խախտելուն դատավորը պետք է կարողանա ներազդել շատ ակտիվորեն»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել