Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՖԵՏՆ ՈՒ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ ԱՐՇԻՆՈՎ

Հունիս 11,2004 00:00

ԲՈՒՖԵՏՆ ՈՒ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ ԱՐՇԻՆՈՎ Նրանք հարկվում են միանման Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը վստահ է, որ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն վերագրանցվելուց հետո թատրոնները խայտառակ պայմաններում են հայտնվել: Նոր կարգավիճակը վերջիններիս հնարավորություն չի տալիս բնականոն աշխատել: «Այդ պատճառով էլ Հայաստանում թատերական պրոցես, որպես այդպիսին, չկա: Չեն ստեղծվում նոր թատրոններ ու ստուդիաներ: Եղածներն էլ փակվում են, որովհետեւ այն միջավայրը, որ ստեղծված է (հոգեբանական, գեղարվեստական, օրենսդրական եւ հարկային) չի նպաստում թատերական արվեստի զարգացմանը: Իսկ թատերական նոր գաղափարներ ծնվում են միայն նոր ստուդիաներում, եւ պրոֆեսիոնալ թատրոններում դրանք իրագործվում են»,- ասաց պրն Բաբայանը: Տնօրենի խոսքերով, «Թատրոնը պոլիկլինիկա չէ, որ օպտիմալացնեն՝ նկատի ունենալով այցելուների սակավությունը: Եթե անգամ 10 հանդիսատես է գալիս, ուրեմն՝ թատրոնը գոյություն ունի»: Եվ եթե ամբողջ աշխարհում կարեւորում են փոքր թատրոնները ու հենվում դրանց վրա, Հայաստանում բավարարվում են միայն թատերական շենքերը վերանորոգելով, մոռանալով, որ «պետք է տարանջատել թատերական շենք եւ թատերական խումբ» հասկացությունները: Թատերական շենքերի տեսակետից կարծես թե վերանորոգված թատրոններում ամեն ինչ կարգին է: «Մշակույթի եւ ֆինանսների նախարարությունները չեն էլ մտածում, որ թատրոնները հայտնվել են հարկային շատ ծանր բեռի տակ՝ հատկապես ավելացված արժեքի հարկի առումով: Օրինակ, մեր թատրոնը 5 ամսվա ընթացքում վճարել է 1մլն 500 հազար ավելացված արժեքի հարկ: Իսկ այդ գումարով կարելի էր 1 նոր բեմադրություն անել: Հարկային օղակների ներկայացուցիչները խոստովանում են, որ մշակութային օջախներից գանձվող գումարները պետության համար չնչին ու չնկատվող են: Եթե դա թատրոնի համար շոշափելի գումար է եւ զրկում է աշխատելու բնականոն իրավունքից, մի՞թե չի կարելի այնպես անել, որ թատրոնը չտուժի»,- նեղսրտեց տիկնիկային թատրոնի տնօրենը: Նա ներկայացրեց նաեւ մշակութային օջախներում գործող բուֆետների հետ կապված մի խնդիր եւս. «Բոլոր թատրոնների բուֆետները, որ աշխատում են միայն ընդմիջումների ժամանակ (որը կոնկրետ մեր թատրոնում տեւում է 10-15 րոպե, որպեսզի երեխաները հյութ խմեն, ծնողն էլ լավագույն դեպքում՝ սուրճ), նույն օրենքներով են հարկվում, ինչ Օղակաձեւ կամ Օպերայի այգիներում գործող սրճարանները: Այստեղ, իհարկե, հարկային տեսչությունը բացարձակապես մեղք չունի, որովհետեւ աշխատում է օրենքով: Կրկնում եմ՝ մեղավորը ֆինանսների եւ մշակույթի նախարարություններն են, որոնք ժամանակին չեն մտածել այս մասին: Ես չեմ ուզում լինել օրինախախտ, թեեւ հոյակապ գիտեմ, թե ինչպես կարելի է շրջանցել բոլոր օրենքները։ Օրինախախտ լինել՝ նշանակում է կախվածություն մանր-մունր չինովնիկներից, ինչը չեմ ուզում: Այնպես որ, ճիշտը ոչ թե օրենքը շրջանցելն է, այլ շտկելը»: Ռ. Բաբայանը գտնում է, որ տիկնիկային թատրոնում ճիշտ չի լինի տոմսերի գները բարձրացնելու հաշվին ֆինանսական խնդիրներ լուծել, որովհետեւ դա հավասարազոր է երեխային սկզբնական կրթության կամ բուժօգնության հնարավորությունից զրկելուն: Ու թեեւ դեռեւս մարտ ամսին մշակութային օջախների ղեկավարները բոլոր այս հարցերը ներկայացրել էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվել: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել