Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ուտում են հաշմանդամի հացը

Հունիս 11,2004 00:00

Նրանք ուտում են հաշմանդամի հացը Հատուկ դպրոցների գործունեությանը մեր անդրադարձից հետո խմբագրությունն սկսեց ստանալ բողոքների մի շարք՝ ուղղված այս կամ այն դպրոցի տնօրենի ապօրինի գործողություններին: Վերջերս դրանցից մեկին՝ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցին անդրադառնալով, նշել էինք, որ մի խումբ մանկավարժներ իրենց բողոքում մատնանշում են հատկապես դպրոցում իրականացվող ֆինանսատնտեսական անազնիվ գործունեությունը, գոյություն չունեցող «գիշերող» երեխաների թիվը, ճաշացուցակների ուռճացված թվերը, դպրոցում բացակայող ուսումնական պրոցեսը: Մեր ձեռքի տակ ունենք նաեւ ձմռանը ԿԳ նախարարության կողմից իրականացրած ստուգումների եզրակացությունները, որոնք գրեթե նույնությամբ կրկնում էին մանկավարժների ասածները: Սակայն խոսեցինք նաեւ նշյալ դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանի հետ, որն էլ իր հերթին բողոքեց ստուգումներից եւ մեզ հավաստիացնում էր, որ նախարարության հետ ամեն հարց պարզվել է, «խախտումների մասին խոսակցություններն ընդամենը կես կիլոգրամ չամիչի պատմություն էին» եւ այլն: Միեւնույն ժամանակ ստանալով ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պարզաբանումը, մենք տեղեկացանք, որ Ա. Հարությունյանը (եւ ոչ միայն նա) խիստ նկատողության է «արժանացել», եւ որոշակի ժամանակ է տրվել տնօրեններին՝ իրավիճակը կարգավորելու համար: Երկու շաբաթ է անցել մեր վերջին անդրադարձից, բայց բողոքները դեռեւս շարունակվում են: Ի դեպ, այն նամակները, որոնք ուղղված են խմբագրությանը, ուղարկվել են նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական բաժին, գլխավոր դատախազության՝ հատկապես կարեւոր գործերի բաժին: Ըստ մանկավարժների, «դպրոցում առկա են մեծ թվով մեռած հոգիներ», որոնք դպրոցից միայն աշխատավարձ են ստանում, տնօրենը «նալոգներ» է սահմանել բոլորի աշխատավարձերի վրա, դայակի եւ հավաքարարի պարտականությունները դրված են մանկավարժների վրա՝ «ավելորդ» հաստիքից օգտվելու համար, դպրոցում բնակություն է հաստատել ինչ-որ ընտանիք, որի երեխաները ծաղրի են ենթարկում հաշմանդամ երեխաներին: Խիստ կասկածի տակ է առնված հումանիտար օգնությունների բաշխումը, ինչին իր եզրակացությամբ հատուկ կետով անդրադարձել էր նաեւ ԿԳՆ համապատասխան վարչությունը: Վերջինս նաեւ կասկածի տակ էր առել դպրոցում իրականացվող ուսումնական գործընթացները, ինչին մանրակրկիտ անդրադարձել են նաեւ ԿԳՆ աշխատակիցները: Սակայն վերջիններիս արձանագրությունները դեռեւս թղթի վրա են: Ավելորդ է նշել, որ այս թեմայով մենք երկարատեւ զրույց ենք ունեցել դպրոցի տնօրենի հետ, որը բնականաբար ժխտում է ասվածները՝ պնդելով, որ ամեն ինչ հարթված է: Հայտնի չէ, սակայն, թե «իրավիճակը շտկելով» իրականում ինչ են անում այդ տնօրենները. հետին թվով փաստաթղթե՞ր են պատրաստում՝ հնարավոր ստուգողներին ցուցադրելու համար, թե՞ միառժամանակ սկսել են կանոնավոր դասեր անցկացնել ու չյուրացնել հաշմանդամ երեխաների համար եկող օգնությունները: Ավելացնենք, որ նամակներում կան շատ ավելի լուրջ մեղադրանքներ՝ դպրոցի հասցեին: Մենք խուսափում ենք դրանք հնչեցնել, մինչեւ համապատասխան մարմինները կբարեհաճեն անկողմնակալ ստուգումներ անցկացնել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել