Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ «ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ»

Հունիս 11,2004 00:00

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ «ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ» Ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանի գլխին դատարկ պլաստիկե շշով հարվածած Է. Առաքելյանին օրեր առաջ առաջին ատյանի դատարանը դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման։ Իսկ մեկ այլ վայրում՝ Մարտունու քաղաքապետարանի նիստերի դահլիճում, նախկին փոխքաղաքապետին ծեծի ենթարկելու համար քրեական գործ չհարուցվեց՝ «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։ «Հանցակազմը» բացակայեց միայն այն պատճառով, որ ծեծողը «Հանրապետական» կուսակցության անդամ էր եւ քաղաքապետ։ Այս տարվա մարտի 6-ին, ժամը 16-ի սահմաններում ՀՀ կառավարության անդամները քաղաքապետարանի նիստերի դահլիճում հանդիպեցին սիրեցյալ ազգաբնակչության հետ։ Երբ նրանք դուրս եկան նախասրահ, նախկին փոխքաղաքապետ, Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար Ռադիկ Հարությունյանը տարածքային կառավարման փոխնախարար Վ. Տերտերյանին հարց տալու ժամանակ մի կողմ հրվեց. նրան հարվածեցին։ Հրապարակային ծեծկռտուքին մասնակցեց նաեւ քաղաքապետի եղբորորդին՝ Վարազդատ Մհերյանը (սոցապբաժնի պետ), որը չի զլացել բռունցքով հարվածել Հարությունյանին։ Փոխնախարար Վ. Տերտերյանի մոտ քաղաքապետը՝ Ռադիկ Մհերյանը, նրա եղբայրը «հերոսացել» են։ Ոստիկաններն էլ հասել են «օգնության»։ Նախաքննությունն իրականացնող մարմնին՝ Գեղարքունիքի մարզի դատախազությանը ոստիկան Սարգիս Հակոբյանը հայտնել էր, որ «նախասրահում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքապետ Ռ. Մհերյանի եւ Ռ. Հարությունյանի միջեւ», սակայն մի վերապահությամբ. «չի տեսել, որ Ռ. Մհերյանը կամ նրա բարեկամները Հարությունյանին ծեծի ենթարկեն»։ «Ոչ տեսել եմ, ոչ լսել եմ բաժնի» աշխատակիցներ Է. Հակոբյանը, Ռ. Մնացականյանը, Ս. Մկրտչյանը, Գ. Ավագյանը, Ս. Սահակյանը, Վ. Հովհաննիսյանը նույնն են պնդել։ Սակայն որեւէ մեկին պարզ չէ, թե ինչպես է, օրինակ, քաղաքապետի եղբայրը՝ Վոլոդյա Մհերյանը (սպորտդպրոցի տնօրեն) ստացել «առողջությանը պատճառված թեթեւ վնաս»։ Չենք կարծում, թե կառավարության անդամների օդամղիչ խոսքից առաջացած լինեին «կարճատեւ քայքայումով» վնասվածքները։ Ի դեպ, քաղաքապետը ցուցմունք էր տվել, թե տարածքային կառավարման փոխնախարար Վ. Տերտերյանին էր մոտեցել Ռ. Հարությունյանը, «իր (քաղաքապետի- Ռ.Մ.) հասցեին վարկաբեկող բնույթի խոսքեր ասել»։ Առավել զավեշտալի է ինքնաբնութագրիչ այս հատվածը. «Չկարողանալով տիրապետել ինձ, մոտեցել եմ Հարությունյանին եւ հարվածել նրա գլխին»։ Բարեբախտաբար, «չկարողանալով տիրապետել իրեն», քաղաքապետն այլ քայլի չի գնացել. չի դանակահարել, հրազենով չի խփել իր գնահատականը նախարարին հայտնող քաղաքացուն։ Մարտունու քաղաքապետ Ռ. Մհերյանը «գոր ծուն զղջացել է», իսկ դատախազությունն էլ գտել է, որ «նրա կատարած հանցանքը ոչ մեծ ծանրության է», եւ որ «հանցանքն էլ կատարել է առաջին անգամ»։ Տուժողը դիմելով գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, պահանջում է լրացուցիչ քննություն, իսկ խմբակային ծեծին մասնակցածների նկատմամբ՝ պատասխանատվություն։ Նշենք նաեւ այս գործի օպերատիվության հանգամանքների մասին. ծեծը տեղի է ունեցել մարտի 6-ին։ Մարտի 19-ին քննիչ Կ. Խաչատրյանը քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացնում։ Ապրիլի 19-ին ուղարկում են տուժողին հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն, որքան էլ ծիծաղելի է՝ 45 օր ուշացումով, առաջադրելով հետեւյալ հարցերը. «Ինչպիսի՞ վնասվածքներ կան Ռ. Հարությունյանի մարմնին։ Որտե՞ղ են դրանք տեղակայված։ Ծանրության ի՞նչ աստիճան ունի»։ Մինչ այս գործը կկարճվեր, մեղմ ասած, տխուր վիճակի մեջ է ընկել նաեւ գլխավոր դատախազությունը։ Երբ տուժողը դիմել է գլխավոր դատախազություն՝ բացարկ հայտնելով Գեղարքունիքի մարզի դատախազությանը, ԳԴ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Գր. Մանուկյանը գրել է. «Ձեզ ծեծի ենթարկելու փաստի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել, այլ նախապատրաստվում են նյութեր»։ Այսքանից հետո «հանցակազմ» կդիմանա՞ր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել