Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ձեզ համար, մենք՝ մեզ

Հունիս 11,2004 00:00

Դուք ձեզ համար, մենք՝ մեզ ԼՂՀ հարցի կարգավորման առիթով երեկ այսպիսի առաջարկ արեց ԼՂՀ նախագահի խորհրդականը Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը երեկ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացիկ հանգրվանը» թեմայով սեմինար էր հրավիրել։ Հիմնական զեկուցող, ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գոյություն ունեցող աներեւույթ սեպը դրեց սեղանին։ Ըստ նրա. «ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար խնդիրները տարբեր են։ Հայաստանի համար ղարաբաղյան խնդիրը իր տարածքից դուրս բնակչության անվտանգությունն ապահովելն է, Ղարաբաղի համար՝ անկախ պետականության շինարարությունը։ Մեր դիվանագիտության մեջ ստեղծված խառնաշփոթը այդ տարբերության անտեսման արդյունք է։ Յուրաքանչյուրը պետք է դիվանագիտությանը մասնակցի՝ ելնելով իր այն իրավունքներից ու պարտականություններից, որոնք բխում են իր խնդրի էությունից։ Ամաչելու բան չկա, որ ասենք՝ կա Հայաստանի ազգային շահ, որում արտացոլված է ԼՂՀ խնդիրը եւ կա ԼՂՀ-ի շահ։ Այս հստակեցումները տարիների ընթացքում բացակայել են, դրա համար էլ խառնաշփոթ է ստեղծվել»։ Այստեղ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նյարդերը տեղի տվեցին. «Դուք էնպես եք խոսում, ասես երկու ազգի է վերաբերում։ Փչացնում եք ազգին։ Ո՞րն է Հայաստանի շահը, ո՞րը՝ Ղարաբաղինը։ Էնպես եք խոսում, ասես մենք կարող է ձեզ օգնենք, կարող է՝ ոչ։ Ղարաբաղցիներին եւ հայաստանցիներին մենք միշտ էլ վերաբերվել ենք որպես մի ժողովրդի եւ մի ընդհանուր տարածքի, ու միայն այդ ջանքերով ենք կարողացել պատերազմը հաղթել։ Հիմա մի վիճակ է ստեղծվում, որ Հայաստանն օգնել է Ղարաբաղին։ Մենք չօգնեինք՝ Պարսկաստանը կօգներ։ Այլ բան է, երբ պաշտոնական ելույթների ժամանակ տարբեր ձեւակերպումներ ես անում, դա դիվանագիտություն է։ Բայց եթե ներքին քննարկման ժամանակ է դա արվում՝ նշանակում է՝ ըստ էության են հարցին վերաբերվում։ Իսկ դա արդեն վտանգավոր եւ կործանարար է»։ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Կարեն Դավիդյանի՝ «Սա ձեր անձնակա՞ն տեսակետն է, թե՞ պաշտոնական» հարցի պատասխանը եղավ. «Պաշտոնական կարծիքը նախագահն է արտահայտում։ Բայց իմ կարծիքը շատ չի տարբերվում պաշտոնականից»։ Իսկ իր թեմայի՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր. փակուղի՞, թե՞ նոր ելակետ» շրջանակներում ԼՂՀ նախագահի խորհրդականը հանգեց նրան, որ խնդրի կարգավորումը նոր փուլ է մտել նոր իրավիճակում։ Նրա կանխատեսումներով, Մինսկի խմբի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին եւ հարցի կարգավորման պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում եվրոպական կառույցները։ Փաստորեն, ըստ նրա, եվրոպական ընդլայնման ծրագրի շրջանակներում Եվրոպան ինքը կսկսի ձեւավորել հարավկովկասյան տարածաշրջանը։ «Իսկ ո՞ւր մնաց Ռուսաստանը»,- հռետորական հարց հնչեցրեց քաղաքագետն ու պատասխանեց. «Այն, որ մեկ տարի է ՌԴ-ն չի երեւում եւ ոչ էլ ներկայացուցիչներն են որեւէ բան ասում, ինձ թույլ է տալիս կարծել, որ եվրոպական ակտիվությունը ՌԴ-ի հետ համաձայնեցված է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել