ԿՈԱԼԻՑԻԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ Է Վստահեցնում էին խորհրդարանական ուժերը Այսօր կոալիցիոն կառավարությունը մեկ տարեկան դարձավ: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների վերջին օրն էր։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ոչ աշխատանքային տրամադրություն ունեին, ոչ էլ՝ ասելիք։ Լրագրողներն էլ իրենց հերթին հարցեր տալու ոգեւորվածություն չունեին։ Առաջացել էր այնպիսի իրավիճակ, երբ հարց տվողները գիտեն պատասխանները նախօրոք եւ պատասխան տվողները եւս գիտեն, որ լրագրողները «ամեն ինչ գիտեն»։ «Առավոտը» երեկ փորձում էր պարզել՝ ի՞նչ գաղափարական հենքի վրա է կառուցվել կոալիցիան, ունի՞ արդյոք կոալիցիան գաղափարախոսություն եւ որքա՞ն է ձգվելու կոալիցիայի գոյությունը։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի գնահատմամբ՝ կոալիցիան ստեղծվել է որոշակի պահի թելադրանքով եւ կգոյատեւի այնքան, որքան կգոյատեւի։ Ժողպատգամավոր խմբի ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը եւս հստակ չկարողացավ ասել, թե կոալիցիան ի՞նչ գաղափարի շուրջ է ձեւավորվել եւ ո՞րն է կոալիցիայի գաղափարական հենքը. «Իրենց հռչակագրի մեջ նշված է, որ ուժեղ գործադիր եւ օրենսդիր իշխանություն ունենալու նպատակով են կազմել կոալիցիան։ Եվ ամենայն հավանականությամբ, այդ կոալիցիան կազմել են մինչեւ 2007 թվականը։ Սակայն կյանքը ունի իր ընթացքը»։ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը կոալիցիայի գաղափարական հենքի մասին ոչինչ չուներ ասելու, պարզապես հույս հայտնեց, թե կոալիցիայի հուշագրում ինչ-որ տողեր կգտնվեն, որպես այդ հարցի պատասխան. «Մենք չենք տեսնում գաղափարական ընդհանրություն կոալիցիայում։ Եվ եթե գաղափարական ընդհանրություն չենք տեսնում, ուրեմն ո՞նց պատասխանենք՝ ի՞նչ գաղափարի շուրջ են միավորվել։ Իսկ թե ինչքա՞ն կտեւի կոալիցիան՝ կտեւի մինչեւ փլվելու նախորդ օրը»։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը որպես կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասաց միայն. «Կոալիցիայի գաղափարական հիմք չի կարող լինել։ Կոալիցիան ընդհանրապես ժամանակավոր երեւույթ է՝ կազմված երեք կուսակցություններից, տարբեր գաղափարախոսություններով։ Սակայն կոալիցիան ունի գործունեության հստակ ծրագիր եւ գործում է այդ ծրագրին համապատասխան։ Օրինակ, այդ ծրագրին համապատասխան կարող եմ նշել նաեւ բյուջեի ծախսային մասը, որի փոփոխությունը մենք վաղը պետք է քննարկենք եւ ի լուր ամենքի ցանկանում եմ հայտարարել, որ կառավարության օրենքի նախագծի համաձայն, վաղը ԱԺ-ին կներկայացվի փոփոխություն բյուջեի ծախսային մասում՝ շուրջ 12 միլիարդ դրամի չափով, որից 6 միլիարդ 900 միլիոնը ուղղվելու է դպրոցաշինությանը, 2 միլիարդ 500 միլիոնը՝ ճանապարհաշինությանը, շուրջ 1 միլիարդ դրամը՝ համայնքների գազիֆիկացմանը եւ այլն»։ Այս օրինակով պրն Մելիքյանը փորձեց ապացուցել, որ ինչ-որ գաղափարախոսություն, այնուամենայնիվ, կոալիցիան ունի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին եւս հարցրինք, թե ի՞նչ գաղափարական հենքի վրա է ստեղծվել կոալիցիան, որքա՞ն է մտադիր գոյատեւել։ «Կոալիցիան ձեւավորվել է կոնկրետ աշխատանքային ծրագրի շուրջ։ Կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները ունեն տարբեր դիրքորոշումներ տարբեր հարցերի շուրջ։ Հանրապետական կուսակցության հետ մենք շատ ընդհանուր խնդիրներ ունենք ազգային գաղափարախոսության բնագավառում։ Իսկ կոալիցիան ձեւավորվել է աշխատանքային ծրագրի շուրջ եւ այդ ծրագրի կատարման ընթացքով է պայմանավորված նաեւ կոալիցիայի գործունեությունը»։ Այնուամենայնիվ, որքան էլ կոալիցիայի մաս կազմող ուժերի ներկայացուցիչները երեկ փորձեցին որոշակի բացատրություն գտնել կոալիցիայի գաղափարական հենքի մասին, մի բան ակնհայտ է՝ կոալիցիայի իրական «գաղափարական» հենքը իշխանության մաս կազմելն է եւ իշխանությունը պահելը։ Եվ իզուր են ընդդիմությանը մեղադրում գաղափար չունենալու մեջ: Ընդդիմությունն էլ նույն գաղափարն ունի՝ գալ իշխանության եւ պահպանել այն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ