Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՖԵՏՆ ՈՒ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ ԱՐՇԻՆՈՎ

Հունիս 11,2004 00:00

Նրանք հարկվում են միանման

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը վստահ է, որ որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն վերագրանցվելուց հետո թատրոնները խայտառակ պայմաններում են հայտնվել: Նոր կարգավիճակը վերջիններիս հնարավորություն չի տալիս բնականոն աշխատել: «Այդ պատճառով էլ Հայաստանում թատերական պրոցես, որպես այդպիսին, չկա: Չեն ստեղծվում նոր թատրոններ ու ստուդիաներ: Եղածներն էլ փակվում են, որովհետեւ այն միջավայրը, որ ստեղծված է (հոգեբանական, գեղարվեստական, օրենսդրական եւ հարկային) չի նպաստում թատերական արվեստի զարգացմանը:

Իսկ թատերական նոր գաղափարներ ծնվում են միայն նոր ստուդիաներում, եւ պրոֆեսիոնալ թատրոններում դրանք իրագործվում են»,- ասաց պրն Բաբայանը: Տնօրենի խոսքերով, «Թատրոնը պոլիկլինիկա չէ, որ օպտիմալացնեն՝ նկատի ունենալով այցելուների սակավությունը: Եթե անգամ 10 հանդիսատես է գալիս, ուրեմն՝ թատրոնը գոյություն ունի»:

Եվ եթե ամբողջ աշխարհում կարեւորում են փոքր թատրոնները ու հենվում դրանց վրա, Հայաստանում բավարարվում են միայն թատերական շենքերը վերանորոգելով, մոռանալով, որ «պետք է տարանջատել թատերական շենք եւ թատերական խումբ» հասկացությունները: Թատերական շենքերի տեսակետից կարծես թե վերանորոգված թատրոններում ամեն ինչ կարգին է:

«Մշակույթի եւ ֆինանսների նախարարությունները չեն էլ մտածում, որ թատրոնները հայտնվել են հարկային շատ ծանր բեռի տակ՝ հատկապես ավելացված արժեքի հարկի առումով: Օրինակ, մեր թատրոնը 5 ամսվա ընթացքում վճարել է 1մլն 500 հազար ավելացված արժեքի հարկ: Իսկ այդ գումարով կարելի էր 1 նոր բեմադրություն անել: Հարկային օղակների ներկայացուցիչները խոստովանում են, որ մշակութային օջախներից գանձվող գումարները պետության համար չնչին ու չնկատվող են: Եթե դա թատրոնի համար շոշափելի գումար է եւ զրկում է աշխատելու բնականոն իրավունքից, մի՞թե չի կարելի այնպես անել, որ թատրոնը չտուժի»,- նեղսրտեց տիկնիկային թատրոնի տնօրենը:

Նա ներկայացրեց նաեւ մշակութային օջախներում գործող բուֆետների հետ կապված մի խնդիր եւս. «Բոլոր թատրոնների բուֆետները, որ աշխատում են միայն ընդմիջումների ժամանակ (որը կոնկրետ մեր թատրոնում տեւում է 10-15 րոպե, որպեսզի երեխաները հյութ խմեն, ծնողն էլ լավագույն դեպքում՝ սուրճ), նույն օրենքներով են հարկվում, ինչ Օղակաձեւ կամ Օպերայի այգիներում գործող սրճարանները: Այստեղ, իհարկե, հարկային տեսչությունը բացարձակապես մեղք չունի, որովհետեւ աշխատում է օրենքով: Կրկնում եմ՝ մեղավորը ֆինանսների եւ մշակույթի նախարարություններն են, որոնք ժամանակին չեն մտածել այս մասին: Ես չեմ ուզում լինել օրինախախտ, թեեւ հոյակապ գիտեմ, թե ինչպես կարելի է շրջանցել բոլոր օրենքները։ Օրինախախտ լինել՝ նշանակում է կախվածություն մանր-մունր չինովնիկներից, ինչը չեմ ուզում: Այնպես որ, ճիշտը ոչ թե օրենքը շրջանցելն է, այլ շտկելը»:

Ռ. Բաբայանը գտնում է, որ տիկնիկային թատրոնում ճիշտ չի լինի տոմսերի գները բարձրացնելու հաշվին ֆինանսական խնդիրներ լուծել, որովհետեւ դա հավասարազոր է երեխային սկզբնական կրթության կամ բուժօգնության հնարավորությունից զրկելուն:

Ու թեեւ դեռեւս մարտ ամսին մշակութային օջախների ղեկավարները բոլոր այս հարցերը ներկայացրել էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել