Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաձեւը մնաց անկատար

Հունիս 11,2004 00:00

Բայց դա հոգ չէ, քանի որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ԵԽ ԽՎ-Ն
«պալիտբյուրո» չէ
ՀՀ ներքաղաքական իրավիճակի քննարկման արդյունքում ս.թ. ապրիլի 28-ին ԵԽ ԽՎ-ն բանաձեւ էր ընդունել, որի 9-րդ կետով ՀՀ իշխանություններին կոչ էր արել «ա. Թույլ տալ խաղաղ ցույցերը եւ զերծ մնալ ապագա ցանկացած գործողություններից, որոնք օրենսդրորեն կամ գործնականում կբերեն Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված ազատ հավաքի իրավունքի չարդարացված սահմանափակմանը, բ. Երաշխավորել տեղաշարժման ազատությունը Հայաստանի սահմաններում»։ Իրականությունն այն է, որ հիշյալ ենթակետերը չեն կատարվել: Ավելին, հունիսի 4-ին ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանը արգելել էր՝ վկայակոչելով նոր ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր» անցկացնելու մասին օրենքը: Այդ որոշումն անգամ ընդդիմությունը վիճարկեց դատական կարգով եւ մերժում ստացավ: Ընդդիմության հանրահավաքների ժամանակ էլ, ինչպես վկայում էր մամուլը, ճանապարհները նախկինի նման փակված էին, ասել է թե՝ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը նույնիսկ բանաձեւի ընդունումից հետո խախտվել է բազմիցս:

ԵԽ ԽՎ բանաձեւի 9 կետի «գ» ենթակետով իշխանություններին կոչ էր արված «թափանցիկ եւ վստահված ձեւով անմիջապես ուսումնասիրել վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այդ թվում լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները եւ Վեհաժողովին տեղեկացնել բացահայտումների ու պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր օրինական գործողությունների մասին»: Այս կետի կատարման մասին պետք է խոսել մեծ վերապահումներով:

Բանն այն է, որ առ այսօր ոչ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, ոչ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, ոչ Աշոտ Մանուչարյանի, ոչ էլ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողներին ծեծի ենթարկած որեւէ անձ տակավին բացահայտված, կամ՝ առավել եւս, պատասխանատվության ենթարկված չէ: Պատասխանատվության չեն ենթարկվել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը «Հանրապետություն» կուսակցության համակիր կանանց Էրեբունու ոստիկանական բաժնում դաժան ծեծի ենթարկած ոստիկանները, թեեւ դրանց անունները բազմիցս են հրապարակվել մամուլում հենց տուժողների կողմից: Մասամբ հայտնի են միայն ապրիլի 5-ին սափրած գլուխների կողմից լրագրողների նկատմամբ բռնարարքներ թույլ տված անձինք, ովքեր չէին էլ ձերբակալվել: Այդ ակցիայի իրական կազմակերպիչների ի հայտ բերելու մասին խոսելն էլ այս դեպքում անիմաստ է:

Բանաձեւի «դ» ենթակետով իշխանություններին կոչ էր արվել «անմիջապես ազատել հանրահավաքին մասնակցելու համար ձերբակալված անձանց, վերջ տալ վարչական կալանքի պրակտիկային եւ այդ նպատակով փոխել Վարչական օրենսգիրքը»:

Այս ենթակետն էլ միայն մասամբ է կատարվել, որովհետեւ առ այսօր կալանքի տակ է ոչ միայն Վաղարշակ Հարությունյանը, այլեւ՝ քրգործը չի կարճվել Սուրեն Սուրենյանցի մասով, դատապարտվել է Աշոտ Զաքարյանը, Էդգար Առաքելյանի դատավարությունը բազմակողմանի եւ օբյեկտիվ չի եղել: Ինչ վերաբերում է «Վարչական օրենսգրքի» վերանայմանը, ապա՝ ԱԺ-ն դրա քննարկումներն անգամ չի էլ սկսել:

Բանաձեւի «զ» ենթակետի մասով եւս՝ «Ստեղծել արդար պայմաններ ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար, հեռուստաընկերություններին, մասնավորապես «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցում», Ռ. Քոչարյանը ԵԽ ԽՎ-ում, թերեւս, հպարտանալու առիթներ չունենա, որովհետեւ այդ ուղղությամբ ավելի շատ աշխատում է միջազգային հանրությունը, քան այն իշխանությունը, որին «Ա1+»-ն այնքան շատ էր խանգարում:

Ի դեպ, արժե նկատել, որ ԵԽ ԽՎ պահանջների մասամբ կատարումն էլ պայմանավորված էր միմիայն ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ժամանմամբ եւ ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել