Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՑՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՆԱՉ ՀԱՏՎԱԾ

Հունիս 11,2004 00:00

Թեպետ
շարունակում են հայտարարել կանաչ տարածքների վերականգնման մասին
«Երկու օր առավոտից իրիկուն կանգնած եմ եղել, որ հողամասս չքանդեն: Իրենք խոսք տվեցին, որ չեն քանդի, բայց ես գնացի տուն, գիշերը քանդեցին: Առավոտը եկա, տեսա բուլդոզերն ավերել է իմ կանաչ այգին. ինֆարկտը խփում էր ինձ»,- պատմում է Դ. Անհաղթի 14 շենքի բնակիչ Անիկ Օհանյանը:

«Մեր 12 տարվա չարչարանքը մի գիշերվա մեջ գցին բուլդոզերի տակ, գնացին: Առանց զգուշացնելու, մի հատ գոնե չասացին՝ ձեր ծառերն են, հանեք-տարեք»,- բողոքում է նույն շենքի բնակիչ Քնարիկ Օհանյանը:

Զեյթունի Դ. Անհաղթ եւ Կ. Ուլնեցի փողոցների միջնամասի կանաչապատ տարածքում պետք է կառուցվի Կանադական թաղամաս եւ զինվորական ակադեմիա: Ժամանակին այս տարածքը եղել է ստվերախիտ անտառ, որը հիմնադրվել էր 40-ականներին: Երեւանցիներն այս տարածքը գիտեն «Մկոյի անտառ» անվանումով: Մկոն անտառի պահակն էր: Նա հսկում էր, որ հանկարծ որեւէ մեկը այստեղ ծառ չկտրի: 1992-93-ին՝ Հայաստանում էներգետիկ ճգնաժամի տարիներին, հարակից շենքերի բնակիչները կտրեցին անտառի մի մասը: Դրան հաջորդող տարիներին մոտակա շենքերի մոտ 100 ընտանիք իրենց նախաձեռնությամբ 800-1000մ հողամասեր են առանձնացրել ու սկսել մշակել: «Էդ ընտանիքներին նետեցին աղբարկղերը, նրանք հիմա աղբով պետք է սնվեն: Թոշակառուներ են, ուրիշ ի՞նչ պետք է անեն: Էն անլույս տարիներին, որ կտրեցին ծառերը, արդեն աղբանոց էր»,- ասում է 60-ամյա Վազգեն Առաքելյանը: Կառավարության եւ քաղաքապետի մի քանի որոշումներով հողհատկացումներ են եղել: Այս մասին լսելով բնակիչները դիմել են թաղապետարան՝ իրենց հողամասերը սեփականաշնորհելու համար, սակայն նրանց դիմումներին ընթացք չեն տվել՝ պատճառաբանելով, որ Կանադական թաղամասի կառուցումը մեծ գումարներ է բերում պետբյուջե:

«Մեր համայնքը ոչ միայն չի մասնակցել բաժանմանը, այլեւ 8 ամիս հետո ոչ պաշտոնական աղբյուրներից է իմացել այդ տարածքի հողհատկացումների մասին: Իսկ կառավարության որոշմանը պարտավոր ենք ենթարկվել»,- ասում է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ճարտարապետության բաժնի պետ Ղազար Ղազարյանը:

«Մենք բոլոր հնարավոր տեղերը դիմել ենք, բայց ստացել ենք մեկը մյուսից անգրագետ ու անտեղյակ պատասխաններ: Այլեւս անիմաստ է որեւէ տեղ դիմելը: Դատարանն էլ ապարդյուն քայլ կլինի, որովհետեւ արդեն ակնհայտ է, որ մեր երկրում օրենք չի գործում»,- ասում է Կ. Ուլնեցու 30 շենքի բնակիչ Ռաֆայել Օհանյանը:

«Ընդհանուր տարածքը մոտավորապես 25 հա է: Կանադական թաղամասը զբաղեցնում է 9 հա, զինվորական ակադեմիան՝ 2 հա: Լսել եմ, որ մնացած տարածքն էլ է վաճառված»,- ասում է Ղ. Ղազարյանը: 2002թ. կառավարության որոշմամբ 4,5 հա հողամաս առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 50 տարի ժամկետով տրամադրվել է «Հ.Ռ.Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին՝ սեփական միջոցներով Երեւանում Կանադական թաղամաս կառուցելու նպատակով: Հարկ է նշել, որ կառավարությանը նման իրավունք է տալիս «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 5-րդ կետը. «Հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը»: Նույն օրենսգիրքը չի սահմանում, թե որոնք են այդ «դեպքերը»: Հողհատկացման նման որոշում կայացնելու համար կառավարությանը միջնորդել են Երեւանի քաղաքապետն ու ՀՀ արտգործնախարարը: Իսկ թե ովքեր են «Հ.Ռ.Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ի իրական տերերը, առայժմ պարզել հնարավոր չէ: Ընկերության հիմնադիրը Արթուր Կետիկյանն է: Միանշանակ է, որ կառավարությունը հենց այնպես, առանց մրցույթի որեւէ մեկին այդքան հող չէր հատկացնի:

Այս նույն տարածքից 2000թ. քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ «աճուրդային կարգով» վաճառվել է 4.3 հա տարածք՝ անհատական բնակելի տների եւ հյուրատների շինարարության համար: Աճուրդի մասին դարձյալ տեղյակ չեն եղել հողամասերի տերերը եւ նրանցից ոչ մեկը հնարավորություն չի ունեցել մասնակցելու աճուրդին:

«Մենք չենք ուզում սեփականաշնորհել եւ այնտեղ տներ կառուցել, մենք ուզում ենք այդ կանաչ տարածքը, որ ժամանակին Երեւանի ամենախիտ անտառն էր, պահպանվի, ծառերն աճեն»,- ասում են հողամասերի տերերը:

ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել