Մարշուտ՝ Երեւան-Բաքու
Շատերն են հիշում հայկական զինվորական պատվիրակության արկածաշատ
ճամփորդությունը դեպի Բաքու, որը, սակայն, հաջողությամբ չպսակվեց:
Չնայած գործադրած աներեւակայելի ջանքերին ու հնարամտությանը, մեր զինվորականներն այդպես էլ չկարողացան թափանցել Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին: Մեծ աղմուկ եղավ, որն իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններից դուրս չեկավ: Հայկական կողմը դիմեց Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր հնարավոր ատյաններին, ակնկալելով սուր եւ դատապարտող գնահատականներ Ադրբեջանի հասցեին: Ադրբեջանն իր հերթին կաշվից դուրս եկավ՝ ապացուցելու համար, որ հայերի չժամանման մեղքը հենց իրենցն է, եւ որ նրանք այդ ամենն իբր կազմակերպել են Ադրբեջանին վարկաբեկելու համար: Ամենից հետաքրքիրն, իհարկե, բուն ՆԱՏՕ-ի արձագանքն էր, եթե այն, ինչ արեց ՆԱՏՕ-ն, ընդհանրապես կարելի է արձագանք համարել: Ալյանսի ղեկավարությունն առանձնապես չքաջալերեց հայերին եւ շատ թեթեւ, գրեթե աննկատ նախատեց ադրբեջանցիներին: Մի խոսքով, միջադեպը կարելի էր սպառված համարել, եթե վերջին օրերին այս թեման նորից չթարմանար: Ինչպես հայտնի է, ընթացիկ ամսվա վերջին Բաքվում գումարվելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման հերթական խորհրդաժողովը, ուստիեւ՝ Երեւանում ու Բաքվում դարձյալ եռանդով քննարկում են այդ միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցության հնարավորությունը: Խնդրո առարկայի հետ կապված հայկական կողմի նկատառումներին շատ լավ ծանոթ ենք: Իսկ ի՞նչ են մտածում Բաքվում: Արդյո՞ք այնտեղ մտադիր են նորից տորպեդահարել հայ զինվորականների մասնակցությունը: Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիի դիրքորոշման հետ կապված պատրանքներ, բնականաբար, չկան: Նա, ինչպես եւ նախկինում, կտրականապես դեմ է հայերի մասնակցությանը եւ խոստացել է «բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել դրան», եթե այդպիսի փորձ, այնուամենայնիվ, լինի: «Ազգային անկախություն» կուսակցության դիրքորոշումն այս հարցում լիովին համընկնում է ՂԱԿ-ի դիրքորոշմանը: Ըստ ԱԱ-ի նախագահ Էթիբար Մամեդովի, «ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ ադրբեջանական հողերը զավթողների մուտքը Բաքու»: Ադրբեջանի Ժողճակատի փոխնախագահ Ֆուադ Մուսթաֆաեւի կարծիքով թեեւ հայ զինվորականների մասնակցությունը բարոյապես անընդունելի է, սակայն քաղաքական տեսանկյունից դա միանգամայն հնարավոր է: Առավել սթափ եւ քաղաքականապես գրագետ է ընդդիմադիր «Մուսավաթ»-ի դիրքորոշումը: Կուսակցության փոխնախագահ Սուլխեթդին Աքբերը ծիծաղելի է համարել նախապես համաձայնեցված միջազգային մասշտաբի միջոցառումների իրագործմանը խոչընդոտելու որոշ ուժերի փորձերը: Նա միանշանակորեն հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները եւ չխոչընդոտի նախապես ծրագրված պատասխանատու ձեռնարկումների անցկացմանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ