Այսքան
է լրագրողի վրա հարձակման գինը: Ուստի հաստավիզ սափրագլուխներն՝ իրենց տերերի
հրահանգով, այսուհետեւ եւս անարգել կարող են շարունակել տեսախցիկներ ջարդել:
Գուցե մասնագիտական էթիկայի շրջանակներում այնքան էլ չի տեղավորվում քեզ առնչվող գործի դատավարության լուսաբանումը, սակայն այլ ելք չունենք, քանզի սափրագլուխները երեկ թույլ չէին տալիս լրագրողներին ներս մտնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դահլիճ, ուր ընթանում էր ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հարձակումների գործով դատը: Ինքս արմունկներս գործադրելով հազիվ կարողացա մտնել նիստերի դահլիճ՝ հաստամարմին մի սեւ վերնաշապիկավոր պատնեշել էր դուռը եւ չէր շարժվում՝ կրկնելով. «Տեղ չկա»: Ներս չէին թողնում նաեւ մեկ այլ տուժողի՝ «Հայլուրի» օպերատոր Ռոմիկ Խաչատրյանին: Դահլիճը լցրել էին մեծ մասամբ սափրագլուխ սեւ վերնաշապիկավորները, որոնք ներս մտնել փորձող լրագրողներին ծաղրում էին. «Առավոտ 8-ին գայիք՝ նստեիք»: Դռների մոտ կանգնածները մի պահ մեծահոգաբար թույլ տվեցին, որ ներս մտնի լրագրողներից մեկը: Իսկ այս տարբերակի դեմ առարկողներին էլ սկսեցին սպառնալ: Մրանք վիրավորել էին «Նոյյան տապան» գործակալության թղթակից Սոնա Մաշուրյանին եւ խոստացել, թե կջարդեն նրա գլուխը: Եվ ի պատասխան «ՆՏ»-ի թղթակցի պահանջի` չխոչընդոտել իր աշխատանքին, արդեն ոստիկաններից մեկն էր անվայելուչ խոսքերով պարզաբանել, թե դահլիճում տեղ չկա:
Իսկ ընդհանրապես՝ այս ամենին ոստիկաններն արձագանքում էին այնպես, ինչպես արձագանքել էին ապրիլի 5-ին՝ անտարբերությամբ: Սափրագլուխներն անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի նախագահ Ժորա Վարդանյանին ասացին. «Ախպեր, էս ո՞ւր ես գալիս, տեղ չկա»: Դատարանի նախագահը լրագրողների բողոքներին ի պատասխան ասաց. «Պարոն Վարդանյանը ստեղ թիկնապահ չէ»՝ հարուցելով սափրագլուխների համերաշխ հռհռոցը: Նրանք հռհռացին դարձյալ, երբ ոստիկաններից մեկը նկատողություն արեց բողոքող լրագրողներից մեկին. «Սո՛ւս մնացեք, թե չէ դուրս կգաք»:
Նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանն ընդմիջում հայտարարեց՝ կարգուկանոն հաստատելու համար: Սակայն դրանից հետո էլ, երբ դատարանի դահլիճ էին փորձում ներս մտնել տուժողներ «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ նույն թերթի աշխատակից Հայկ Գեւորգյանը՝ սեւ վերնաշապիկավորներն էին նրանցից պարզում, թե ովքեր են: Երկու լրագրողներն էլ հայտարարեցին, թե անիմաստ են համարում մի դատի մասնակցել, որի ժամանակ սափրագլուխներն են որոշում, թե ով պիտի ներկա գտնվի դահլիճում:
Ի դեպ, գործընկերներս հիշեցին, որ այս դատարանում ճիշտ նույն իրավիճակն էր եղել նաեւ նախագահի թիկնապահ Կուկուի գործով դատական առաջին նիստի ժամանակ: Ու ինչպես եւ Կուկուն՝ ամբաստանյալներ Աշոտ Ավետիսյանը եւ Հրայր Հարությունյանը նույնպես չէին նստել մեղադրյալների համար նախատեսված տեղում: Նրանց երկուսին էլ պաշտպանում էր փաստաբան Կարո Աղաջանյանը, որը «27»-ի գործում պաշտպանում էր ահաբեկիչ Էդիկ Գրիգորյանին: Փաստաբանի համար այս դատավարության ժամանակ գրեթե գործ չկար՝ նրա երկու պաշտպանյալն էլ հրաժարվեցին ցուցմունք տալ եւ պատասխանել հարցերին: Հրայր Հարությունյանը (արտաշատցի Հրոն) չէր ցանկանում պատասխանել անգամ իր անուն-ազգանվան վերաբերյալ հարցին: Այդ ընթացքում մի զավեշտ արձանագրվեց: Երբ Հրայր Հարությունյանը «դատված չեմ եղել» պատասխանեց դատավորի հարցին՝ վերջինս գործի նյութերից մեջբերեց, թե նա 1986-ին Մոսկվայում դատապարտված է եղել 5 տարվա ազատազրկման: «Դե, էտի չեմ էլ հիշում»,- ծոր տվեց ամբաստանյալը: Եվս մի զավեշտ՝ Հրայր Հարությունյանը նախաքննական ցուցմունքներում պնդել էր, թե ապրիլի 5-ին Մատենադարանի մոտ էր հայտնվել, քանի որ Արտաշատից եկել էր խմորեղեն գնելու: Հետո մի լրագրողի առաջարկել էր մեքենայով ֆռռացնել Արտաշատում, որ համոզվի, թե այնտեղ իրոք չկան թխվածքի խանութներ:
Դատարանն առանձնապես փորձ էլ չարեց խորանալ այս եւ նման ցուցմունքների իսկության մեջ: Քանզի երբ միջնորդեցինք գործին կցել «Կենտրոնով» ցուցադրված տեսաժապավենը, որը կապացուցեր, թե բնավ Հրայր Հարությունյանը չէր ոլորել այս հեռուստաընկերության օպերատորի ձեռքը՝ նրանից խլելով տեսախցիկը, դատարանը մերժեց այն: Հիմնավորումն էր, թե մայիսի 31-ին այս գործից մաս է անջատվել, որով պիտի պարզվեն լրագրողների վրա հարձակված այլ անձինք (նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե ովքեր էին կոտրել «Հայ-TV»-ի եւ «ԱՄ» օպերատոր Արսեն Քեհյանի տեսախցիկները, հարվածել «Հետք»-ի լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանին): Սակայն ուշագրավն այն է, որ մեր միջնորդությանը դեմ արտահայտվեց նաեւ Հրայր Հարությունյանի պաշտպանը՝ նշելով, թե այն չի վերաբերում գործին եւ չի կարող որեւէ նշանակություն ունենալ, թեեւ խոսքը նրա պաշտպանյալի մեղքը թեթեւացնող ապացույցի մասին էր:
Ամբաստանյալներին առանց այն էլ թեթեւ հոդված էր առաջադրվել՝ 185-ի 1-ին մասը. «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել». պատժվում է տուգանքով, կամ 1 տարվա ուղղիչ աշխատանքներով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Մինչդեռ ակնհայտ է, որ նրանց արարքն առավել համապատասխանում է 185-ի 3-րդ մասին՝ նույն արարքը, որ կատարվել է՝ կապված անձի կողմից իր ծառայողական պարտքը կատարելու հետ, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Մեղադրողը՝ Երեւանի դատախազի ավագ օգնական Արթուր Երիցյանը միջնորդեց, թե քանի որ Աշոտ Ավետիսյանն ու Հրայր Հարությունյանն ընդունել են իրենց մեղքը, զղջացել, բացի այդ՝ նրանցից յուրաքանչյուրի խնամքին կա 6-ական անձ, բնութագրվում են դրականորեն (գործին կցվել էին բնութագրեր, թե նրանք շրջապատի կողմից հարգված են, օրինակելի հայրեր, օգնում են ծանոթներին, զբաղվում հողագործությամբ եւ այլն) ու չկա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ յուրաքանչյուրին տուգանել 100 հազարական դրամով: Իսկ քանի որ այս երկու ամբաստանյալներից յուրաքանչյուրը հարձակում էր գործել 2-ական լրատվամիջոցի վրա՝ ստացվեց, որ ամեն մեկի համար հատուցելու են ընդամենը 50 հազար դրամ: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը նախ ընդվզեց, թե մեղադրողը գերազանցել է լիազորությունները՝ պատժաչափ միջնորդելով, բայց հետո, ըստ էության՝ «դակեց» այդ միջնորդությունը: Իսկ լրագրողներից մեկն արդարադատություն ձեւանմանակող այս դատի առնչությամբ դառը կատակեց. «Բարոյական հաղթանակը մերն էր, քանի որ դատարանի դահլիճից դուրս եկանք անվնաս»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ