Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀԱՐԿՎՈՒ՞Մ Է ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ

Հունիս 10,2004 00:00

ՇԱՀԱՐԿՎՈՒ՞Մ Է ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆԸ Երեւանում է իրանահայ արվեստաբան, լրագրող Ժանեթ Լազարյանը: Նա փարաջանովյան արվեստի գիտակ է, մարդ, որ 70-ականներին, երբ Փարաջանովը բանտարկված էր, բազմաթիվ հոդվածներով ու հեռուստահաղորդումներով հանդես է եկել ի պաշտպանություն աշխարհահռչակ ռեժիսորի: Հասել է մինչեւ Մոսկվա եւ «Մոսֆիլմի» ղեկավարության հետ խոսել Փարաջանովին անհարկի հասցեագրվող մեղադրանքների (նրան մեղադրում էին արվամոլության մեջ) մասին: «Մոսկվայում երբ ասացին, որ Փարաջանովը հոմոսեքսուալիստ է, ես ընդվզեցի: Այդ օրերին անց էր կացվում դաշնակահարների՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, իսկ ես այն լուսաբանող մամուլի ներկայացուցչի կրծքանշան ունեի: Զայրացած հարցրի՝ էդ ինչպես է, որ մի հոմոսեքսուալիստի՝ Չայկովսկու անունով դուք ոսկե մեդալ եք պարգեւում, իսկ մյուսին բանտ տանում»,- հիշեց տիկին Լազարյանը: Նա 70-ականներին մասնակցել է նաեւ Բեռլինի կինոփառատոնին, ուր եւս բարձրացրել է Փարաջանովի ազատ արձակման հարցը: Նույն թեմայով ելույթներ է ունեցել աշխարհի ամենահայտնի հեռուստաալիքներով: «Երեւանում Փարաջանովի տուն-թանգարան առաջին անգամ այցելել եմ 1995-ին: Պարսկաստանից բավական իրեր, նկարներ եմ բերել թանգարան: Օգնել՝ ինչով կարողացել եմ: Ծանոթ եմ եղել Փարաջանովի ընտանիքի, նաեւ եղբորորդու հետ»,- պատմեց Ժ. Լազարյանը: Նրա կարծիքով, Փարաջանովի թանգարանը չպետք է տուն-թանգարան համարել, քանի որ «այնքան ավելորդ իրեր կան էնտեղ, որոնցից շատերը Փարաջանովինը չեն, այդ ամենից թանգարանը կորցրել է իր օրիգինալությունը»: «Փարաջանովը խեղճ է ապրել, պետք չէ նրա տունը ճոխ ներկայացնել: Անգամ սեղաններին ճոխ սփռոցներ կային, որոնք ժամանակակից տեսք ունեին, ես Զավենին ( խոսքը տնօրեն Զավեն Սարգսյանի մասին է-Գ.Հ.) քանիցս առաջարկել եմ ավելի համեստ սփռոցներ: Ցավոք, երբ տարբեր առիթներով խորհուրդ ես տալիս ու արդյունքի չես հասնում, հետո ավելորդ ես համարում նորից կրկնել»,- դժգոհեց արվեստաբանը: Նա հիշեց, որ մի առիթով այցելուների թյուր կարծիքը ցրելու համար ստիպված բացատրել է, որ նույն սրահում Փարաջանովի իրերի ու աշխատանքների կողքին տեղադրված աթոռները, սեղանը եւ կահկարասին արվեստագետի հետ որեէ կապ չունեն: Դրանք այդտեղ միաժամանակ ցուցադրվող մի վրաստանցի ժամանակակից արվեստագետի էին պատկանում: «Զավենը իրավունք չունի Փարաջանովի անունը շահարկել եւ թանգարանը տուն-թանգարան անվանել, երբ կինոռեժիսորի իրերի հետ 1000 ու մի օտար բան է խառնած»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել