Խտրականություն՝ Աճառյանի համալսարանում Աննա Ղազարյանին «Առավոտի» խմբագրություն էր բերել խոր վիրավորանքի զգացողությունը; Վիրավորողը ակադեմիկոս է եւ բուհի ռեկտոր: Ավարտելով ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը, Աննան երեք տարի աշխատել է Վարդաշենի հանրապետական հատուկ կրթահամալիրում, որպես հոգեբան-դաստիարակ: Եվս մի տարի աշխատել է Ա. Շիրակացու անվան ճեմարանում, որպես հոգեբան-մանկավարժ, այնուհետեւ հաղթելով Էդմունդ Մասկիի կրթական փոխանակման ծրագրի մրցույթով, հնարավորություն է ստացել սովորել ԱՄՆ-ում, ստանալ մագիստրոսի կոչում՝ կրթակառավարման մասնագիտությամբ: 2003-ի ամռանը վերադարձել է Հայաստան, սկսել աշխատանքի փնտրտուքը. «Ուզում էի աշխատել հատուկ կրթության բնագավառում, որը շատ խոցելի է, եւ ես այդ ոլորտի միակ մասնագետն եմ այստեղ, որ այդքան խորը կրթություն եմ ստացել: Բայց ուր դիմում էի, ասում էին՝ Ձեր կրթական մակարդակն ավելի բարձր է, Դուք վախ եք ներշնչում»,- պատմում է մեր զրուցակիցը: Ի վերջո, նա որոշում է մասնակցել «Քաղաքացիական կրթություն» դրամաշնորհային ծրագրին, որը արտասահմանում սովորած ուսանողներին հնարավորություն է ընձեռում՝ մի կուրս դասավանդելու որեւէ բուհում: Սակայն մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր որեւէ բուհի համաձայնությունը: «Դիմեցի Աճառյան համալսարան: Դեֆեկտոլոգիայի ֆակուլտետի դեկանը խանդավառությամբ ընդգրկեց այդ կուրսը ուսումնական ծրագրում եւ ասաց, որ գարնանային քննաշրջանից կդասավանդեմ: Բայց դրա համար պետք էր նաեւ ռեկտորի նախնական համաձայնությունը: Գնացաինք ռեկտորի՝ Ավագ Խաչատրյանի մոտ: Դա 2003թ. նոյեմբերին էր: Շատ բարեհամբույր ընդունեց, նամակը ստորագրեց: Ես էդ նամակով գնացի, հաղթեցի գրանտը: Փետրվարին գնացի համալասարան, ծանոթացա իմ ուսանողների հետ, իմացա, որ մարտից պետք է դասավանդեմ: Դեկանն ասաց՝ մեկ անգամ էլ իջնենք ռեկտորի մետ, որ փաստաթղթային ձեւակերպումներ տանք: Մտանք ռեկտորի մոտ, նորից պատմեցինք, թե ով ենք, ինչ ենք, միգուցե մոռացել էր՝ մեծ մարդ է: Նա երկար ուսումնասիրեց իր ստորագրած փաստաթուղթը, ի վերջո ասաց, որ շատ ցավում է իր ստորագրության համար, բայց ես չեմ կարող այդտեղ դասավանդել: Միակ պատճառաբանությունը, որ նա կմկմալով փորձեց տալ, հետեւյալն էր.«Քո աչքերի պատճառով դու չես կարող դասավանդել, որովհետեւ դա մեր համալսարանի պատիվն է, ուսանողները ի՞նչ կմտածեն, կասեն՝ էս ի՞նչ դասախոս եք վարձել: Քո նմանները պետք է գնան տանը նստեն, գիտական աշխատանքով զբաղվեն, հոդված գրեն, մարդամեջ դուրս չգան, ինչ լավ է, որ ուսանողները մինչեւ հիմա քեզ չեն տեսել, որովհետեւ դու չգիտես հիմիկվա ուսանողությանը, հետո մենք ենք դրա հետ առնչվելու»: Երիտասարդ աղջկան լացացնելուց հետո, ակադեմիկոս Ավագ Խաչատրյանը չի մոռացել նշել՝ թող այս խոսակցությունը մեր մեջ մնա, այս սենյակից դուրս չգա: Բայց, ինչպես պատմում է Աննան՝ «բնականաբար, այդ խոսակցությունը շատ տեղեր դուրս եկավ: Նա բարոյական իրավունք չուներ ինձ վիրավորելու: Կարող էր հազար պատճառ բերել ինձ մերժելու, բայց ոչ՝ վիրավորելով: Այդ դրամաշնորհով դասագրքեր, ինտերնետ, կոմպյուտորներ պիտի տրամադրեին այդ ֆակուլտետին: Բուհը զրկվեց այդ հնարավորություններից, ես զրկվեցի գրանտից, վիրավորվեցի անձնապես: Ես սեմինարներ եմ վարել, հանցագործ երեխաների հետ եմ աշխատել, ոչ ոք երբեք չի վիրավորել, երբեք ինձ երեսով չեն տվել, եւ միայն այդ ակադեմիկոս կոչվածն իրեն թույլ տվեց նման անբարոյական քայլ»: Երբ Աննա Ղազարյանի պատմածից ուշքի եկանք, զանգահարեցինք Հր. Աճառյան համալսարան, ցանկանալով լսել պարոն Խաչատրյանի տեսակետը, թե ինչո՞ւ էր որոշել երիտասարդ աղջկան ուղարկել բուժվելու, երբ նախապես համաձայնվել էր նրան աշխատանքի ընդունել, եւ, ընդհանրապես, որքանով է նա իրավասու որեւէ մեկի առողջական խնդիրները լուծել: Սակայն հեռախոսը վերցրած երիտասարդը, որը ոչ մի կերպ չուզեց ներկայանալ լսափողի մեջ ուղղակի շպրտեց՝ «իրան էդիկ չի հետաքրքրում, ինչ ուզում եք՝ գրեք»: Երեւում է, սույն բուհում բարձր հիմքերի վրա է դրված ոչ միայն երիտասարդ մասնագետների հետ աշխատանքը, այլեւ լրատվամիջոցների հետ շփվելու կուլտուրան: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ