Ասա ով է ռազմավարական ընկերդ … Չնայած փայլփլուն պատիվներին, որոնց արժանանում է «Մեծ ութնյակի» առաջնորդների հերթական հավաքին մասնակցելու համար ԱՄՆ ժամանած Վլադիմիր Պուտինը, արեւմտյան դիտորդները վատ զսպված հոռետեսությամբ են արտահայտվում այսօրվա կամ, ինչպես ասում են՝ պուտինյան Ռուսաստանում զարգացող միտումների մասին: Երեկ ԱՄՆ Ջորջիա նահանգի Սի-Այլնդ կոչվող հեղինակավոր կուրորտային կենտրոնում մեկնարկեց «ութնյակ»-ի գագաթաժողովը, օրակարգում ունենալով Իրաքի ետպատերազմական վերականգնման, Հյուսիսային Կորեայի հետ հետագա հարաբերությունների ճշգրտման եւ մի շարք այլ համաշխարհային հնչեղություն ունեցող հարցեր: Ռուսաստանում վաղուց արդեն փակվել են բոլոր այն անկախ լրատվամիջոցները, որոնք հնարավորություն ունեին տեղեկատվություն սփռել երկրի ողջ տարածքով: Մնացյալները գտնվում են կառավարության կոշտ վերահսկողության ներքո եւ տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ «անպարկեշտության աստիճան» օգտագործվում են զանազան կառավարամետ թեկնածուներին ընտրովի մարմիններ խցկելու համար: Ահա Ռուսաստանին վերաբերող այն հիմնական եւ որեւէ մեկի մեջ կասկածի նշույլ իսկ չառաջացնող գնահատականները, որոնք այսօր արեւմտյան փորձագետների շուրթերին են եւ որոնք վերոհիշյալ գագաթաժողովի ֆոնին առանձնակի հնչեղություն են ձեռք բերում: Ամերիկյան մամուլն ուշադրություն է հրավիրում այն աչք ծակող անհեթեթության վրա, որ ընդամենը մի քանի օր առաջ իր երկրում մնացած փոքրաթիվ ոչ կառավարական կազմակերպություններին կործանիչ քննադատության ենթարկած Պուտինն ամեն կերպ ջանում է տեղ գտնել զարգացած երկրների կողքին: Ռուսական այդպես էլ չամրապնդված դեմոկրատիայից գործնականում միայն այդ հատուկենտ կազմակերպություններն են մնացել, որոնք միավորում են անկախ լրագրողներին, վերլուծաբաններին եւ քաղաքագետներին, մինչդեռ Պուտինը նրանց քարկոծում է «կասկածելի նպատակներ հետապնդելու եւ ութնյակի երկրների կողմից ֆինանսավորվելու մեջ», տարակուսում են ամերիկյան քաղաքագետները, այս համատեքստում առնվազն անհասկանալի համարելով այդ նույն ութնյակին ինտեգրվելու՝ Պուտինի ջանքերը: Մինչդեռ ԱՄՆ-ի ու Արեւմտյան Եվրոպայի քաղաքական եւ գործարար շրջանակները կասկած չունեն, որ Ռուսաստանի ներքին ավտորիտարիզմը վաղ թե ուշ օրինաչափորեն վերաճելու է նաեւ արտաքին ավտորիտարիզմի, դրանից բխող բոլոր քաղաքական ու հատկապես տնտեսական հետեւանքներով, ինչի նշաններն, ի դեպ, արդեն իսկ իրենց զգացնել են տալիս Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում՝ Մոսկվայի վարած քաղաքականության մեջ: Իսկ դրանք, արեւմտյան փորձագետների համոզմամբ, հենց այն տարածաշրջաններն են, որոնք արագորեն ընդգրկվում են Եվրամիության եւ Միացյալ Նահանգների անմիջական հետաքրքրությունների ոլորտները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ